Մատչելիության հղումներ

«Պառլամենտում պատկառելի ներկայություն ենք ունենալու»․ Արծվիկ Մինասյան


Արծվիկ Մինասյան, Երևան, Նոր Նորք շրջան, 29-ը մարտի, 2017 թ․
Արծվիկ Մինասյան, Երևան, Նոր Նորք շրջան, 29-ը մարտի, 2017 թ․

ՀՅԴ ներկայացուցիչներն այսօր քարոզչություն իրականացրին Երևանի Նոր Նորք շրջանում:

Դաշնակցության ընտրացուցակի 6-րդ հորիզոնականը զբաղեցնող՝ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց, թե համաձայն չէ վերջին շրջանում իրականացված սոցհարցումների՝ իրենց կուսակցությանը վերաբերող արդյունքների հետ։

«Մեր շփումները, քարոզարշավի ընթացքում մեր հանդիպումները բացարձակապես այլ բան են ասում․․․որ պատկառելի աջակցություն ունենք, և այդ աջակցությունը ոչ թե րոպեական է, այլ հիմնավոր և մշտական: Բացի այդ, բոլորին էլ հայտնի է, ակնհայտ է, որ Դաշնակցությունն իր ծրագրերը չի կառուցում րոպեական իրավիճակի վրա»,- ասաց Մինասյանը:

«Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնը» երեկ հրապարակել էր հարցման արդյունքներ, ըստ որոնց, Դաշնակցության օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների ընդամենը 2 տոկոսը։ Ապրիլի 2-ի քվեարկությունը ցույց կտա իրական պատկերը, ասում է Արծվիկ Մինասյանն ու շարունակում․

«Ես ընդամենը վերահաստատում եմ այն մոտեցումը, որ հանրապետության բոլոր, մարզերում և գրեթե բոլոր բնակավայրերում մեր հանդիպումներում քարոզարշավի բազմամարդությունը, ամենակարևորը՝ մարդկանց վստահությունը ՀՅԴ-ի, նրա թեկնածուների հանդեպ, վկայությունն է այն բանի, որ մենք ունենալու ենք պատկառելի ներկայություն պառլամենտում»:

Հարցին՝ որքան կգնահատեք ձեր վարկանիշը, Մինասյանը պատասխանեց․ «Դուք գիտեք, որ միշտ էլ Դաշնակցության վարկանիշը և քվեարկության արդյունքներն իրար չեն համապատասխանում, որովհետև մեր վարկանիշը չափազանց բարձր է, բայց ցավոք, առանձին դեպքերում մեր ընտրողներից շատերը, վստահ լինելով, որ ամենադժվար պահին Դաշնակցությունը կանգնելու է ժողովրդի թիկունքին ու փորձելու է խնդիրներ լուծել, բայց ընտրության պահին, տարբեր շարժառիթներից ելնելով, մի զգալի հատված գնում է և այլ ընտրություն է կատարում: Ես հույս ունեմ, որ գոնե այս անգամ, նախորդ ընթացքը հաշվի առնելով, մեր ընտրողները շատ ավելի մեծ վստահություն կտան Դաշնակցությանը»:

Անդրադառնալով ընտրակաշառքների մասին լուրերին, Արծվիկ Մինասյանը քաղաքական ուժերին հետևյալ կոչն արեց՝ «Ձեր փողերը քամուն մի տվեք, շատ ավելի արդյունավետ կլինի, եթե որևէ կոնկրետ ներդրումային ծրագիր իրականացնեք այս մարդկանց, մեր ընտրողներին աշխատանքով ապահովելու ուղղությամբ»:

Նոր Նորքում բնակիչների հետ հանդիպման ընթացքում ՀՅԴ ղեկավար անդամները ներկայացրեցին իրենց տարածքային թեկնածուներին՝ կոչ անելով ձայն տալ ՀՅԴ-ին: Ապրիլի 2-ն էլ անվանեցին «զարթոնքի օր»։ «Դրա համար է պետք ձեր վստահության քվեն, որ դուք մեզ տաք այն մանդատը, որ կարողանանք այս փոփոխություններն ամեն մեկիդ տուն ու կենցաղ բերել, որ համոզվեք՝ այն ինչ-որ կատարել ենք, ճիշտ ենք արել, որ սա է միակ ճիշտ ճանապարհը՝ երկիրը դուրս բերելու այս տեղապտույտից և զարգացման հուն տեղափոխելու»,- հայտարարեց Արմեն Ռուստամյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG