Մատչելիության հղումներ

Մադեյրայի օդանավակայանն անվանակոչվել է Կրիշտիանու Ռոնալդուի անունով


Աշխարհահռչակ ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն՝ France Football-ի «Ոսկե գնդակ» մրցանակով, դեկտեմբեր, 2016թ․
Աշխարհահռչակ ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն՝ France Football-ի «Ոսկե գնդակ» մրցանակով, դեկտեմբեր, 2016թ․

Մադեյրայում գտնվող միջազգային օդանավակայանն այսուհետ կրելու է պորտուգալական այս կղզում ծնված թերևս ամենահայտնի անձնավորության` աշխարհահռչակ ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի անունը:

Օդանավակայանի վերանվանման պաշտոնական արարողությունը կայացավ չորեքշաբթի օրը: Դրան մասնակցում էր նաև ինքը` Ռոնալդուն, ով հայրենի Մադեյրա էր ժամանել Շվեդիա-Պորտուգալիա ընկերական խաղին մասնակցելու համար: Նշենք, ի դեպ, որ Եվրոպայի չեմպիոններն այդ խաղում 2-3 հաշվով զիջեցին շվեդներին:

«Առանձնահատուկ զգացում է, երբ տեսնում ես, որ օդանավակայանն այլևս քո անունն է կրում: Բոլորն էլ գիտեն, թե ես որքան եմ հպարտանում իմ արմատներով, թե ինչ հպարտություն է ինձ պատճառում իմ հայրենի քաղաքը: Ավելին՝ իմ բոլոր հարցազրույցներում ես գովեստով եմ խոսում Պորտուգալիայի և Մադեյրայի մասին», - հայտարարում էր Ռոնալդուն:

Մադեյրայի երկրամասային կառավարությունն օդանավակայանը աշխարհահռչակ մարզիկի անունով վերանվանելու որոշումը կայացրեց անցած տարվա ամռանը` Եվրոպայի առաջնությունում Պորտուգալիայի հավաքականի տարած հաղթանակից հետո: Դրան էլ գումարած, օդանավակայանի տերմինալներից մեկում տեղադրվել է Ռոնալդուի կիսանդրին, ինչը կղզու բնակիչների մի մասի մոտ լուրջ դժգոհություններ է առաջացրել:

«Ես գիտեմ, որ կան մարդիկ, որ համաձայն չեն իմ կիսանդրու տեղադրմանը: Այնուհանդերձ, ես երախտապարտ եմ Մադեյրայի կառավարության ղեկավարներին, ովքեր իրենց մեջ այս քայլին դիմելու ուժ և համարձակություն գտան», - հայտարարում էր Ռոնալդուն` մեկնաբանելով հնչող դժգոհությունները:

Ի դեպ, երեկ Մադեյրայում կայացած արարողությանը ներկա էր նաև Պորտուգալիայի նախագահ Մարսելու Ռեբելու Դի Սոուզան: Նա ևս հայտարարում էր, թե Ռոնալդուի ավանդը համաշխարհային սպորտում բարձր գնահատելը պետության պարտքն է:

«Կրիշտիանու Ռոնալդուն կատարելության օրինակ է թե՛ անհատական մակարդակում՝ որպես աշխարհի լավագույն ֆուտբոլիստ, և թե՛ թիմային մակարդակում՝ որպես Եվրոպայի չեմպիոն հանդիսացող մեր ազգային հավաքականի ավագ: Նրա կատարելությունը մեր ազգային և անհատական հպարտության աղբյուրն է», - ասում էր Պորտուգալիայի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG