Մատչելիության հղումներ

Տիգրան Բալայան․ Լապշինի հարցը Հայաստանը Բելառուսի հետ մի քանի անգամ է բարձրացրել


ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայան, արխիվ
ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայան, արխիվ

Պաշտոնական Երևանը Մինսկի հետ քանիցս բարձրացրել է բլոգեր Ալեքսանդր Լապշինի հարցը: Այդ մասին «Ազատությանը» հայտնեց Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

Արձագանքելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը, թե Հայաստանն իրեն Լապշինի հարցով «երբեք չի դիմել», Բալայանն ասաց․ - «Մենք Բելառուսի հետ այս հարցը մի քանի անգամ տարբեր մակարդակներով բարձրացրել ենք»:

Հիշեցնենք՝ նման պնդում Լուկաշենկոն արել էր Մինսկում դիվանագիտական առաքելությունն ավարտող Հայաստանի դեսպան Արմեն Խաչատրյանի հետ հանդիպման ժամանակ:

Երկու անգամ Լեռնային Ղարաբաղ այցելած՝ Ռուսաստանի, Իսրայելի և Ուկրաինայի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը Ադրբեջանի իշխանությունների պահանջով անցած տարվա դեկտեմբերի 14-ին ձերբակալվեց Մինսկում: Ադրբեջանական դատախազության հարուցած քրեական գործով 40-ամյա բլոգերը մեղադրվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ոտնահարման հրապարակային կոչեր անելու և երկրի սահմանը հատելիս անհրաժեշտ փաստաթղթերի բացակայության համար: Բելառուսը փետրվարի 7-ին բլոգերին արտահանձնեց Ադրբեջանին, ինչին Հայաստանում կոշտ արձագանքեցին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG