Մատչելիության հղումներ

Եվրամիության և Վրաստանի միջև այլևս ոչ-վիզային ռեժիմ է գործում


Վրաստան - Թբիլիսիում տոնում են Եվրամիության հետ վիզային ռեժիմի ազատականացումը, 26-ը մարտի, 2017թ․
Վրաստան - Թբիլիսիում տոնում են Եվրամիության հետ վիզային ռեժիմի ազատականացումը, 26-ը մարտի, 2017թ․

Վրաստանի քաղաքացիներն այսօրվանից կարող են առանց մուտքի անցագրի 90 օրով Շենգենյան գոտի մտնել: «Սա Վրաստանի հաղթանակն է, բայց ոչ վերջինը», - երեկ հայտարարեց երկրի արտգործնախարարությունը, ևս մեկ անգամ ընդգծելով՝ վերջնական փուլում պաշտոնական Թբիլիսին հավակնում է Եվրոպական ընտանիքի լիիրավ անդամ դառնալ: «Մինչ այդ անհրաժեշտ է առավելագույն ջանքերը գործադրել՝ եվրոպական չափանիշներ ներդնելու և Եվրամիությանը հնարավորինս մերձենալու համար», - դիմելով Վրաստանի քաղաքացիներին՝ հայտարարեց արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեն:

«Մենք հասանք վիզաների ազատականացմանը, ինչից կշահեն մեր բոլոր քաղաքացիները, և դա շատ լուրջ քաղաքական նվաճում է: Սա հնարավորություն կտա 180 օրվա ընթացքում առանց անցագրի 90 օր լինել Եվրամիության տարածքում, ամենակարևորն այն է, սակայն, որ այս ժամկետները չխախտվեն», - ասաց Ջանելիձեն:

Փորձագետները նշում են՝ սա Եվամիության հետ Վրաստանի մերձեցման առաջին լուրջ ու շոշափելի արդյունքն է: «Այս հանգրվանին հասնելու համար պաշտոնական Թբիլիսին տարիներ շարունակ օրենսդրական ու ինստիտուցիոնալ բարեփոխումներ է իրականացրել», - «Ազատության» վրացական ծառայությանը տված հարցազրույցում ասում է Վրաստանի Անվտանգության ու զարգացման կենտրոնի ներկայացուցիչ Գոգիտա Գվեդաշվիլին:

«2013 թվականից սկսած եվրասկեպտիկները պնդում էին՝ միևնույն է, վիզաների ազատականացում չի լինելու, սակայն մենք դրան հասանք, ընդ որում՝ խիստ սեղմ ժամկետում: Նախկինում Վրաստանի քաղաքացիները ստիպված էին բյուրոկրատական մի շարք խոչընդոտներ հաղթահարել, ընդհանուր առմամբ 16 քայլ անել՝ շենգենյան վիզա ստանալու համար, մինչդեռ հիմա բավարար է ընդամենն ունենալ կենսաչափական անձնագիր, ետադարձ տոմս, ապահովագրություն, կեցավայր և 50 եվրո՝ Եվրամիությունում անցկացնելիք յուրաքանչյուր օրվա համար», - ընդգծում է Գվեդաշվիլին:

Չորս տարի առաջ՝ 2013 թվականին, Վրաստանը, ի տարբերություն Հայաստանի, ստորագրեց Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը, որը վիզաների ազատականացումից բացի խոստանում է նաև ազատ առևտրի գոտի ստեղծել՝ վրացի գործարարների առջև բացելով եվրոպական ընդարձակ ու զարգացած շուկան: Համաձայնագրի ստորագրումից հետո Վրաստանը ամեն տարի Եվրամիությունից շուրջ 100 միլիոն եվրոյի տնտեսական ու ֆինանսական օժանդակություն է ստանում՝ ներքին բարեփոխումների համար: «Այս փուլում ամենակարևորն այն է, որ դրանք չդանդաղեն», - փաստում է փորձագետ Վանո Ճիկվաձեն:

«Որևէ մեկին թող չթվա, որ վիզաների ազատականացումն անբեկանելի է, այժմ թե՛ կառավարությունը, թե՛ Վրաստանի քաղաքացիները պետք է հետևեն համաձայնագրի դրույթներին, սա մեր ամենակարևոր մարտահրավերներից մեկն է հիմա», - շեշտում է Ճիկվաձեն:

Արտգործնախարար Ջանելիձեն երեկ հատուկ այս առիթով հրավիրած ասուլիսում զգուշացրեց՝ համաձայնագիրը առանց մուտքի վիզայի ճամփորդելու հստակ ժամկետ է սահմանում՝ 90 օրից ոչ ավելի, կարգազանցները կվտարվեն Եվրամիության տարածքից, ստիպված կլինեն 3 հազար եվրոյի չափով տուգանք վարել, ինչպես նաև հինգ տարով կզրկվեն Եվրոպա մտնելու իրավունքից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG