Մատչելիության հղումներ

Ոստիկանություն. Էջմիածնում ՕՐՕ դաշինքի ներկայացուցիչը իր դեմ սպառնալիքների մասին կեղծ տեղեկատվություն է հայտնել


Ոստիկանությունը պնդում է, որ ՕՐՕ դաշինքի մամուլի քարտուղար Արեգնազ Մանուկյանի հայտարարությունն այն մասին, թե զենքի գործադրմամբ սպառնալիքներ են հնչեցվել դաշինքի Էջմիածնի շտաբի աշխատակից Պատվական Պոդոսյանի նկատմամբ, չի համապատասխանում իրականությանը:

Ոստիկանության հրապարակած հայտարարությունում նշվում է, որ մարտի 25-ին Պատվական Պոդոսյանը ոստիկանությունում բացատրություն է տվել այն մասին, որ մարտի 24-ին, ժամը 21:50-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջինի փողոցի 6ա հասցեի դիմաց սև գույնի «ՎԱԶ-21015» մակնիշի առանց պետհամարանիշի ավտոմեքենան փակել է իր վարած «Օպել» մակնիշի 35 FC 592 պետհամարանիշի ավտոմեքենայի ճանապարհը, մեքենայից իջած մուգ ակնոցով, չսափրված անհայտ անձը, նստելով իր ավտոմեքենայի հետևի նստատեղին, ատրճանակը կողքից հանելով՝ դրել է իր գլխին և սպառնալով պահանջել, որ ինքը ընտրություններից հեռու մնա, ինչից հետո իջնելով մեքենայից՝ նստել է նշված «ՎԱԶ-21015»-ը ու հեռացել: Պատվական Պոդոսյանի մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում վերջինս մատնացույց է արել դեպքի վայրը և այն երթուղին, որով հեռացել է:

«Նյութերի նախապատրաստման ընթացքում, սակայն, Էջմիածին քաղաքում առկա տեսանկարահանող սարքերի զննության արդյունքում Պատվական Պոդոսյանի կողմից նկարագրված երթուղում «Օպել» մակնիշի 35 FC 592 պետհամարանիշի ավտոմեքենա չի հայտնաբերվել», - ասված է հայտարարությունում: - «Նշված հակասության շուրջ լրացուցիչ բացատրություն է վերցվել Պատվական Պոդոսյանից, որը հայտնել է, որ իր հաղորդմամբ և բացատրությամբ նկարագրված հանգամանքները կեղծ են և չեն համապատասխանում իրականությանը. այդ ամենն ինքը ծրագրել է քարոզարշավից դուրս գալու և չմասնակցելու նպատակով», - հավելում են իրավապահները:

Ոստիկանությունը նաև ԱԺ ընտրությունների մասնակից քաղաքական ուժերին, հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին կոչ է անում «անհիմն ու չստուգված տեղեկատվությամբ թյուրիմացության մեջ չգցել հանրությանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG