Մատչելիության հղումներ

Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր


Մոսկվա, 26-ը մարտի, 2017 թ․
Մոսկվա, 26-ը մարտի, 2017 թ․

Ամերիկայի Միացյալ Նահանգներն ու Եվամիությունը դատապարտել են Ռուսաստանի ոստիկանության գործողությունները՝ կոչ անելով անհապաղ ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին:

Այսօր Մոսկվայի «Տվերսկայա» շրջանի դատարանը ընդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին դատապարտեց 15-օրյա բանտարկության: Վերջինս նաև տուգանվեց 20 հազար ռուբլով:

Կիրակի օրը «Նա ձեզ համար Դիմոնը չէ» խորագրով բողոքի ակցիաներ են կայացել Ռուսաստանի տասնյակից ավելի քաղաքներում, այդ թվում՝ Դաղստանի մայրաքաղաքում։ Ակցիաների մասնակիցներն առաջին հերթին պահանջում էին Ռուսաստանի վարչապետ Դիտրի Մեդվեդևի հրաժարականը, սակայն, հնչում էին նաև հակապուտինյան կարգախոսներ։

Նավալնիի հիմնադրամը վերջերս «Նա ձեզ համար Դիմոն չէ» վերնագրով ֆիլմ էր տեղադրել համացանցում, որում, ֆիլմի հեղինակների պնդմամբ, ներկայացված են Մեդվեդևին պատկանող առանձնատներ ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Իտալիայում: Դրանում բերված են նաև փաստեր այն մասին, որ վերջինս Իտալիայում խաղողի այգիներ էլ ունի: Մեդվեդևի մասին այդ ֆիլմն արդեն դիտել են միլիոնավոր ռուսաստանցիներ: Իշխանությունները, սակայն, ֆիլմում հնչած մեղադրանքների առնչությամբ որևէ մեկնաբանությամբ մինչ այժմ հանդես չեն եկել: Ավելին՝ երեկ ինքը՝ Մեդվեդևը «Ինստագրամ»-ում պատասխանելով օգտատերերից մեկի՝ «ինչպես եք» հարցին, գրել է․ «Նորմալ, դահուկ եմ այսօր քշել»՝ գրառմանը լեզուն հանած «սմայլիկ» ավելացնելով։

Երեկ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում կայացած՝ չարտոնված ակցիաներին, տարբեր տվյալներով, մասնակցել է, համապատասխանաբար, մինչև 30 հազար և 8 հազար մարդ: Սրանք, թերևս, ամենամարդաշատ համառուսաստանյան բողոքի ակցիաներն էին Խորհրդային Միության փլուզումից ի վեր, որոնց, միաժամանակ, մասնակցել են 100 հազարավոր ռուսաստանցիներ երկրի տարբեր մարզերում և քաղաքներում։ Դրանց ընթացքում նաև միջադեպեր են գրանցվել, բախումներ՝ ոստիկանության և ակտիվիստների միջև։ Միայն Մոսկվայում ոստիկանությունը ձերբակալել է հազարից ավելի մարդու, այդ թվում՝ մի քանի տասնյակ անչափահասների։

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր հայտարարել է, թե երեկ Մոսկվայում կայացած բողոքի ակցիան «սադրանք էր»: «Կրեմլը հարգանքով է վերաբերվում ռուսաստանցիների քաղաքացիական դիրքորոշում արտահայտելու իրավունքին, սակայն, դրանց արտահայտման ձևաչափը պետք է համաձայնեցված լինի իշխանությունների հետ»,- ասել է Պեսկովը:

Նրա խոսքով, Կրեմլը չի հարգում նրանց, ովքեր գիտակցաբար մարդկանց թյուրիմածության մեջ են գցում՝ սադրելով հակաօրինական գործողություններ։ Կրեմլի խոսնակը նաև հայտարարել է թե, իբր իրենք տեղեկություն ունեն, որ բողոքի ակցիաներին մասնակցած դպրոցականներին «ինչ-որ փոխահատուցում են խոստացել»։

Այս ակցիաները 2011-2012 թվականների համանման գործողություններից տարբերվել են նրանով, որ մասնակիցների մեծ մասը երիտասարդներ են եղել: Իրավապաշտպանները հայտարարում են նաև, որ ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառել ցուցարարների, այդ թվում նաև՝ կանանց և անչափահասների դեմ, ինչը պատկերող լուսանկարներ ու տեսանյութեր են տեղադրվել համացանցում։

Ամերիկայի Միացյալ Նահանգներն ու Եվամիությունը դատապարտել են ռուսաստանյան ոստիկանության գործողությունները, ինչն, ի դեպ, Մոսկվան «անթերի» է գնահատել: Մասնավորապես, ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Տոները դրանք որակել է ժողովրդավարական արժեքների ոտնահարում՝ Ռուսաստանի իշխանություններին կոչ անելով անհապաղ ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG