Մատչելիության հղումներ

Բելառուսում նոր՝ համազգային ցույցեր են սպասվում


Ոստիկանները հերթապահում են Մինսկի փողոցներում, 24-ը մարտի, 2017 թ․
Ոստիկանները հերթապահում են Մինսկի փողոցներում, 24-ը մարտի, 2017 թ․

Միջազգային կազմակերպությունները Մինսկին հորդորում են ազատ արձակել ձերբակալված ակտիվիստներին:

Այս շաբաթավերջին Բելառուսում ողջ երկրով մեկ նոր բողոքի ցույցեր են նախատեսված: Մարտի 25-ին Բելառուսում նշում են 1918 թվականին Բելառուսի ժողովրդական հանրապետության ստեղծման օրը, որը շատ կարճ՝ մեկ տարուց պակաս կյանք է ունեցել:

Վերջին օրերին, մինչդեռ, երկրում արդեն իսկ տասնյակ ակտիվիստներ են ձերբակալվել: Իշխանությունները պնդում են, որ ձերբակալվածներն «առնչություն ունեն անօրինական խմբերի հետ»:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հինգշաբթի օրը ուժային կառույցների ղեկավարների հետ խորհրդակցություն է անցկացրել: Նա ասել է, թե ամեն առավոտ ստացվող տեղեկություներն «օրերով ու ամիսներով փչացնում են իր տրամադրությունը»՝ ուժայիններին հանձնարարելով երկրում տեղի ունեցող իրադարձություններից համապատասխան եզրահանգումներ կատարել ու քննարկել հակաահաբեկչական համալիր գործողությունների քայլերը: «Օրենքից ձախ կամ աջ ցանկացած քայլ ամենախիստ կերպով պետք է կասեցվի»,- ասել է Բելառուսի ղեկավարը, ընդգծելով՝ իշխանությունը ոչ մեկից չի վախենում:

Բելառուսում տեղի ունեցած վերջին բողոքի ակցիաներն ամենազանգվածայինն էին անցած տարիների ընթացքում: Հազարավոր մարդիկ ողջ երկրով մեկ բողոքի ելան, այսպես կոչված, «Պորտաբուծության հարկի» դեմ: Հանրահավաքներում իշխանոթւյունները խիստ քննադության էին ենթարկվում: Ըստ նշված հարկատեսակի, չաշխատող քաղաքացիները պետք է որոշակի գումար վճարեն: Բողոքի ակցիաների արդյունքում, Լուկաշենկան որոշեց մեկ տարով կասեցնել այդ նախաձեռնությունը, միաժամանակ, նշելով, որ նոր հարկատեսակը չեղյալ չի համարվում, պարզապես մեկ տարի այդ հարկը չի գանձվի:

Բողոքի ակցիաներին հաջորդեցին իրավապահների իրականացրած զանգվածային ստուգումներն ու ձերբակալությունները: Իշխանություններն ասում են, թե ձերբակալվածներն ընդհատակյա «Սպիտակ լեգիոն», «Պատրիոտ» արգելված կազմակերպությունների անդամներ են:

Լուկաշենկոն նաև հարևան երկրներին՝ Ուկրաինային ու Լիտվային էր մեղադրել «զինված սադրիչներ վարժեցնելու» մեջ ներգրավված լինելու համար: Լիտվայի արտգործնախարարը հակադրաձել էր՝ Լուկաշնկոն առաջնորդվում է «թշնամիներ փնտրելու» խորհրդային ժամանակների գործելաոճով: Ուկրաինայի արտգործնախարարությունն էլ հայտարարել է, թե Լուկաշենկոյի պնդումներն իրականությանը չեն համապատասխանում, սադրիչ բնույթ ունեն և վնաս են հասցնում երկու հարևան երկրերի՝ Ուկրաինայի ու Բելառուսի հարաբերություններին:

Բելառուսի պետական անվտանգության կոմիտեն (ԿԳԲ) երեկ հայտնել է, որ ներկայումս ձերբակալված է 26 մարդ: Զենք-զինամթերք, այդ թվում՝ նռնակներ են հայտնաբերվել շուրջ երեք տասնյակ բնակարաններում կատարված խուզարկությունների արդյունքում: Մինչդեռ, ըստ Բելառուսի «Վեսնա» իրավապաշտպան կազմակերպության՝ վերջին օրերին առնվազն 130 մարդ է ձերբակալվել և 15-օրյա վարչական կալանքի ենթարկվել՝ զրկվելով մարտի 25-ին նախատեսված երթին մասնակցելու հնարավորությունից: Վերջիններիս հարազատների պնդմամբ, իրենց թույլ չեն տալիս տեսակցել կալանվածներին:

Բրիտանական Guardian-ը գրում է, որ ձերբակալվածների թվում է գրող և պատմաբան Վլադիմիր Օրլովը, հրատարակիչ Միրասլավ Լազովսկին, գրավաճառ Ալես Ջադահան: Վերջինիս դիմակավորված վեց անձինք բերման են ենթարկել Մինսկում անկցկացվող գրական փառատոնի հանդիսավայրի մուտքի մոտից: Ձերբակալվել է նաև Belsat հեռուստաընկերության լրագրող Վիկտոր Յարոշուկը: Մի շարք բերման ենթարկվածների ազատ են արձակել ոստիկանական բաժանմունքներում ժամերով պահելուց հետո:

«Լրագրողներ առանց սահմանների» և ամերիկյան «Pen» կազմակերպությունները քննադատել են այս ձերբակալությունները՝ պահանջելով անհապաղ դադարեցնել գրողների, հրատարակիչների, լրագրողների հետապնդումները: Բելառուսի ընդդիմադիր «ժողովրդական ճակատը» հայտարարել է, որ ձերբակալությունները քաղաքական ենթատեքստ ունեն՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել ակտիվիստներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG