Մատչելիության հղումներ

Դատարանը երկարացրեց «Սասնա ծռերի»՝ առողջական խնդիրներ ունեցող անդամի կալանքի ժամկետը


Փաստաբան Դավիթ Գյուրջյանը
Փաստաբան Դավիթ Գյուրջյանը

Այսօր դատարանը եւս երկու ամսով երկարացրեց «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Արամ Հակոբյանի կալանքի ժամկետը՝ մերժելով նրան գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը:

Փակ դատական նիստի ընթացքում «Սասնա ծռերի» գործը քննող Հատուկ քննչական ծառայության քննիչը, ըստ Հակոբյանի փաստաբանի, պնդել էր, որ ազատության մեջ նա կխոչընդոտի նախաքննության ընթացքը և կթաքնվի իրավապահներից։

Փաստաբան Դավիթ Գյուրջյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, թե այս պարագայում իրենց միակ հույսը Մարդու իրավունքների եվրոպական դատարանն է։ Փաստաբանները պատրաստվում են բողոք ուղարկել Ստրասբուրգ՝ ահազանգելով, որ Արամ Հակոբյանը ենթարկվում է խոշտանգման։

«Նրա կյանքին վտանգ է սպառնում», - պնդում է Գյուրջյանը: - «Այս պահի դրությամբ որ մեկը չգիտի, թե ինչ առողջական վիճակ է Արամ Հակոբյանի մոտ՝ ո՛չ մենք, ո՛չ Արամ Հակոբյանը, որովհետև պարբերական ստուգումներ են անհրաժեշտ, որոնք չեն կատարվում»:

Հիմնադիր խորհրդարանի Շիրակի մարզի մասնաճյուղի ղեկավար Արամ Հակոբյանի փաստաբանը նշում է, որ դեռ մեկ ամիս առաջ Հակոբյանին տեղափոխել էին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն՝ ուղեղի կաթվածի նախանշաններով։ Որոշ բուժում ստանալուց հետո նրան տեղափոխել էին Դատապարտյալների հիվանդանոց, ապա՝ «Երևան կենտրոն» քրեակատարողական հիմնարկ․ - «Դրանից հետո արդեն փետրվարի սկզբին Արամ Հակոբյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է, ինսուլտի նախանշաններով նա տեղափոխվել է Դատապարտյալների հիվանդանոց փետրվարի 5-ի առավոտյան: Եվ այնքան ծայրահեղ է եղել վիճակը, որ Դատապարտյալների հիվանդանոցը պարզապես չի ընդունել, միանգամից ուղարկել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն»:

Անցած ամռանը զինված ապստամբության փորձ կատարած խմբի անդամը, փաստաբանի պնդմամբ, հետազոտության կարիք ունի, նրան անհրաժեշտ է տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց, քանի որ քրեակատարողական հիմնարկում հսկողությունը բավարար չէ գնահատելու նրա այժմյան վիճակն ու ըստ դրա բուժում նշանակելու:

Փաստաբանը պատմեց, որ երեկ դատական նիստերի դահլիճ Արամ Հակոբյանին թևանցուկ են բերել․ - «Նիստի ժամանակ զգալի փոփոխություն մենք տեսանք: Ե՛վ խոսակցական ֆունկցիան է վատացել, և՛ մաշկի գույնն էր փոխված, և ձեռքերն էին սառած»:

Գյուրջյանը փոխանցեց, որ Արամ Հակոբյանը երկու վիրահատություն է տարել, որից մեկը գլխուղեղում ուռուցքի հեռացումն է եղել դեռևս 2014-ին։

Արդարատության նախարարության քրեակատարողական ծառայության խոսնակ Գոռ Ղլեչյանն «Ազատությանը» փոխանցեց, որ Արամ Հակոբյանի մոտ, ըստ հետազոտությունների, սուր օջախային փոփոխություններ չեն արձանագրվել: Նա ստացել է սիմպտոմատիկ և թերապևտիկ բուժումներ, խորհուրդ է տրվել ամբուլատոր հսկողություն: Ստացված բուժման արդյունքում նրա մոտ արձանագրվել են դրական փոփոխություններ։

«Ներկայումս Արամ Հակոբյանը գտնվում է բժիշկների դինամիկ հսկողության ներքո` ըստ անհրաժեշտության ստանալով համապատասխան դեղորայքային բուժում», - նշվում է հաղորդագրությունում։

Արամ Հակոբյանը մեղադրվում է Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման գործով կազմակերպված խմբի կողմից ապօրինի զենք, զինամթերք կրելու, պահելու և փոխադրելու և շենք, շինություններ զավթելու մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG