Մատչելիության հղումներ

Ուկրաինայի նախագահը Կրեմլի իրականացրած «պետական ահաբեկչություն» է որակում Վորոնենկովի սպանությունը


Դենիս Վորոնենկովը կնոջ՝ Մարիա Մաքսակովայի հետ, արխիվ
Դենիս Վորոնենկովը կնոջ՝ Մարիա Մաքսակովայի հետ, արխիվ

Ռուսաստանը հերքում է իր առնչությունը Պետդումայի նախկին պատգամավորի սպանությանը:

Այսօր կեսօրին Կիևի կենտրոնում սպանվել է Ռուսաստանի Պետդումայի նախկին պատգամավոր Դենիս Վորոնենկովը, նա Մոսկվայի խիստ քննադատներից էր:

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն այսօր իսկ հայտարարել է, թե Վորոնենկովի սպանությունը «Ռուսաստանի իրականացրած պետական ահաբեկչական գործողություն է»: Նա նշել է նաև, որ Վորոնենկովը նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի պետական դավաճանությանն առնչվող գործի գլխավոր վկաներից էր: Ուկրաինայի նախագահի դիտարկմամբ, Վորոնենկովի սպանությունը կատարվել է ռուսական հատուկ ծառայությունների ձեռագրով:

45-ամյա Դենիս Վորոնենկովը կնոջ (նույնպես նախկին պատգամավոր), օպերային հայտնի երգչուհի Մարիա Մաքսակովայի հետ անցած տարվա աշնանը Ռուսաստանից արտագաղթել էր Ուկրաինա, դեկտեմբերին նրանք Ուկրաինայի քաղաքացիություն էին ստացել: Ռուսաստանից հեռացած մեկ այլ նախկին պատգամավոր՝ Իլյա Պոնոմարյովը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, թե Վորոնենկովը գալիս էր իր հետ հանդիպման:

Վերջինս սպանվել է թիկնապահի հետ Կիևի «Premier Palace» հյուրանոցից դուրս գալիս: Թիկնապահը փորձել է պաշտպանել նրան և կրակ է բացել: Փոխհրաձգության արդյունքում հարձակվողը և թիկնապահը վիրավորվել են: Նրանք տեղափոխվել են հիվանդանոց: Իլյա Պոնոմարյովը «Ֆեյսբուք»-ում նաև գրել է. «Վարկածն ակնհայտ է, ես ասում էի, որ Վորոնենկովը խաբեբա չէ, այլ քննիչ, որը մահացու վտանգ է ներկայացնում ռուսական ուժայինների համար»:

Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն ասել է, որ Վորոնենկովի սպանությունը «վկայի ցուցադրական մահապատիժ է, ինչը սովորական է Կրեմլի համար»: Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր, ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերասչենկոն ասել է, թե Վորոնենկովի սպանության նպատակն է՝ ահաբեկել Ռուսաստանի այն պատգամավորներին ու չինովնիկներին, որոնք կփորձեն փախչել Արևմուտք կամ Ուկրաինա և պատմել ռուսական պատժիչ մեքենայի մասին: Գերասչենկոն Վորոնենկովի սպանությունը դասել է Ալեքսանդր Լիտվինենկոյի, Բորիս Նեմցովի և Պավել Շերեմետի սպանությունների շարքին:

Ռուսաստանը, մինչդեռ, հերքում է իր առնչությունը Վորոնենկովի սպանությանը: ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը «Դոժդ» հեռուստաընկերությանն ասել է. «Դա մեր թեման չէ»: Նրա խոսքով, միջադեպի մասին տեղեկացվել է նաև Վլադիմիր Պուտինը: Ուկրաինայում Դենիս Վորոնենկովը երկրի գլխավոր դատախազությանը ցուցմունք էր տվել նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի պետական դավաճանությանն առնչվող գործիով:

Այս տարի փետրվարին «Ազատությանը» տված հարցազրույցում Դենիս Վորոնենկովը ներկայիս Ռուսաստանը համեմատել էր նացիստական Գերմանիայի հետ, ասելով, որ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը երկրում վերահսկում է ամեն ինչ: Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումը նա սխալ էր համարել: Ուկրաինական լրատվամիջոցների հետ զրույցում նա խստորեն քննադատել էր Ռուսաստանում տիրող քաղաքական իրավիճակը, նախագահ Վլադիմիր Պուտինին: Վերջերս Վորոնենկով ամուսինները Կիևում հարցազրույց էին տվել «Դոժդ» հեռուստաընկերությանը: ՌԴ պետդումայի նախկին պատգամավորը պնդել էր, որ ոչ միայն 2014-ին, այլև հիմա Դոնբասում ռուսական զորքեր կան:

Այն բանից հետո, երբ նրանք հեռացել էին Ռուսաստանից, անմիջապես վերաբացվել էր Վորոնենկովի դեմ 2010-ին հարուցված գործը, ըստ որի, վերջինս անօրինական ճանապարհով անշարժ գույք է ձեռք բերել: Այդ գործի շրջանակում 2017-ի փետրվարին Ռուսաստանի քննչական կոմիտեն նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարել, իսկ մարտին Մոսկվայի դատարանը Վորոնենկովին ձերբակալելու որոշում էր ընդունել:

«Դոժդ»-ին տված հարցազրույցում Վորոնենկով ամուսինները պնդել էին, որ կեղծ մեղադրանքներով իրենց հետապնդումների հետևում կանգած է ՌԴ անվտանգության դաշնային ծառայության գեներալ Օլեգ Ֆեոկտիստովը, որը թեև տեղափոխվել է «Ռոսնեվտ», սակայն դրանով նրա նախկին գործառույթները ոչ միայն չեն դադարել, այլև ավելի են ընդլայնվել:

ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր Իլյա Պոնոմարյովն այսօր Կիևում հարցազրույց է տվել և նշել, թե հնարավոր է՝ Ֆեոկտիստովն առնչություն ունի Վորոնենկովի սպանության հետ: Նա ասել է նաև, որ Վորոնենկովը պատրաստվում էր Ռուսաստանի իրավապահ համակարգում տիրող կոռուպցիայի հետ կապված հետաքննություն սկսել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG