Մատչելիության հղումներ

Ծառուկյան․ Եթե մեր ծրագիրը չիրականացվի, Հայաստանում ոչինչ չի փոխվի


«Ծառուկյան դաշինքն» այսօր քարոզարշավն իրականցնում է Գեղարքունիքի մարզում:

«Ծառուկյան դաշինքի» առաջնորդն այսօր ևս, «Ազատության» հարցին ի պատասխան, ընտրություններից հետո կոալիցիա կազմելու հնարավորությունը պայմանավորեց իրենց ուժի առաջարկած 15 կետերի կատարմամբ․ - «Ամենակարևորը իմ համար, ժողովրդի համար 15 կետերն են: Դա պարտավոր ենք ժողովրդի համար անել: Եթե այդ 15 կետերը չլինեն, ուրեմն ոչ մի բան էլ հաշվի չեմ առնելու»:

Չնայած խորհրդարանում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը օրեր առաջ կտրականապես բացառել էր ընտրություններից հետո իշխող Հանրապետականի հետ համագործակցելու հնարավորությունը, երեկ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Եղեգնաձորում հայտարարեց, որ ցանկացած քաղաքական ուժի հետ կհամագործակցի, եթե իրենց առաջարկած 15 կետերը կատարվեն․ - «Հանրապետականը չի լինի, կան ուժեր, որոնց միջոցով․․․ Առաջին խնդիրը 15 կետերն են իմ ժողովրդի համար: Կլինի՝ մտնի [կոալիցիայի մեջ], չի լինի՝ ուրեմն որևիցե ուժի հետ էլ չի լինի»:

Դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Սևան քաղաքում հայտարարեց, որ, չնայած օրենքի պահանջին և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի զգուշացմանը, դրամական օգնություն է հատկացրել մի տարեց կնոջ․ - «Տատիկ ա մոտեցել, 84 տարեկան, ամուսինը մահացել ա, ընտանիքը դուրսն ա: Ոտը կոտրված հիվանդանոց ա գնացել, պետք է վճարեր հարյուր քանի հազար, բայց քանի որ գումար չունի, հետ են դարձրել տատիկին: Պարզ ա, պարոն Ծառուկյանին (Մուկուչյանը) հայտարարություն ա արել, որ դու հանկարծ եթե մեկին օգնես, քեզ դատի կտանք, ասում եմ՝ ես բարեգործ մարդ եմ, ես հո չեմ ասում՝ ես անեմ, դուք ինձ ձայն տաք: Ասում եմ՝ ում կհավատաք, ում հետ հետ հույս եք կապում, ձեր ձայնը տվեք նրան, նոր պահանջեք․․․ Քունս չի տարել, համարը վերցրել եմ, հանձնարարել եմ իմ ընկերներին, զանգել են, գնացել գումարը տվել են՝ մի բան էլ ավել․․․ Ոչ թե տեղում եմ լուծել․․․ Չէի կարա քնեի, ինձ ճիշտ հասկացեք»:

Ինչպես Ծառուկյանի բոլոր այցերի դեպքում՝ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում ևս «Ծառուկյան դաշինքի» առաջնորդը հայտնվեց նամակների տեղատարափի տակ: Գործարարը դրանք հավաքում էր ու հորդորում իրեն ուղեկցող անձանց պատասխանել խնդրանքներին:

Առողջական խնդիրներ ունեցող մի քաղաքացու էլ Ծառուկյանը խոստացավ ուղարկել արտերկիր բուժման, եթե նա Եվրամիության մուտքի վիզա ձեռք բերի:

Իսկ Ճամբարակ քաղաքում Սերժ Սարգսյանի հետ նախկինում երկու անգամ կոալիցիոն հուշագիր ստորագրած Ծառուկյանը հայտարարեց, որ նախորդ՝ 2012-ի խորհրդարանական ընտրություններից հետո իշխանությունների հետ կոալիցիա չի կազմել, քանի որ չէին կարող իրականացնել իրենց ծրագրերը․ - «Ասի՝ ես կոալիցիա չեմ մտնում: 2008-ին մտել էինք, մեր բոլոր մարզպետներն ու նախարարները դիմում գրեցին և բոլորը մի մարդու պես դուրս եկան․․․ Որովհետև մեր գործը արդար է: Եվ մենք ասեցինք, որ չենք ուզում: Եթե էսօր եկել եմ, հիմնական խնդիրը չկատարեմ, ծրագիրը չիրականացնեմ, ժողովրդի մոտ իր նկատմամբ վստահությունը, հավատը կկորի: Դրա համար այսօր նույնպես ձեզ ասում եմ՝ պետք է հնարավորություն տաք՝ 50 պլյուս մեկ, որ օրենք էլ փոխենք, համակարգ էլ փոխենք, մարդկանց էլ փոխենք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG