Մատչելիության հղումներ

Թրամփի թիմակիցների կապը ռուսների հետ՝ հետաքննության առարկա


Հետաքննությունների դաշնային գործակալության տնօրեն Ջեյմս Քոմին և Ազգային անվտանգության գործակալության ղեկավար, ծովակալ Ջեյմս Ռոջերսը Կոնգրեսում պատասխանում են օրենսդիրների հարցերին, վաշինգթոն, 20 մարտի, 2017թ.
Հետաքննությունների դաշնային գործակալության տնօրեն Ջեյմս Քոմին և Ազգային անվտանգության գործակալության ղեկավար, ծովակալ Ջեյմս Ռոջերսը Կոնգրեսում պատասխանում են օրենսդիրների հարցերին, վաշինգթոն, 20 մարտի, 2017թ.

Նախորդին հասցեագրած Թրամփի մեղադրանքը չի ապացուցվում:

Այսօր Վաշինգտոնում՝ Ներկայացուցիչների պալատի անվտանգության հարցերի հանձնաժողովում մեկնարկել են հրապարակային լսումներ անցյալ տարվա նախագահական ընտրություններին Ռուսաստանի հավանական միջամտության հարցով:

Օրենսդիրների հարցերին պատասխանում են Միացյալ Նահանգների Հետաքննությունների դաշնային գործակալության տնօրեն Ջեյմս Քոմին և Ազգային անվտանգության գործակալության ղեկավար, ծովակալ Մայք Ռոջերսը:

Նիստը վարող հանձնաժողովի հանրապետական նախագահ Նունյեսը նշել է, որ այս կարգի հարցերը հրապարակավ չեն քննարկվում, սակայն հաշվի առնելով հանրության չափազանց մեծ հետաքրքրությունը և հարցի հիրավի աննախադեպ կարևորությունը՝ օրենսդիրները որոշել են այս լսումները դարձնել հրապարակային:

Քոմին և Ռոջերսն ի սկզբանե ընդգծել են, որ պատկան մարմինները ընթացքում գտնվող հետաքննությունների վերաբերյալ տեղեկություններ սովորաբար չեն տալիս, բայց քանի որ թեման իսկապես կարևոր է՝ իրենք կփորձեն պատասխանել օրենսդիրների հարցերին, սակայն եթե անդրադարձ լինի հետաքննության մանրամասներին, անձերին, քաղաքական եզրահանգումներին, մեկնաբանություններին և կանխատեսումներին, իրենք իրենց կվերապահեն հարցին չպատասխանելու իրավունք:

Եվ այսօր իսկապես շատ անգամ հնչել է «Չեմ կարող պատասխանել, մեկնաբանություն չունեմ» նախադասությունը:

Համառոտ այսօրվա լսումների առավել առանցքային երկու հանգամանքին՝ Հետաքննությունների դաշնային գործակալության տնօրեն Քոմին հաստատել է, որ այսօր ընթանում է հետաքննություն 2016 թվականի նախընտրական արշավի ամիսներին Դոնալդ Թրամփի թիմակիցների և ռուս պաշտոնյաների միջև տեղի ունեցած շփումների հարցով:

Այսօր Քոմին և Ռոջերսը հայտարարել են նաև, որ իր նյույորքյան գրասենյակները նախագահ Օբամայի կարգադրությամբ գաղտնալսելու մասին Դոնալդ Թրամփի պնդումը հիմքեր չունի:

Քոմին և Ռոջերսը հաստատել են, որ ըստ հետախուզական մարմինների՝ ռուսական կողմը նախապատվությունը տալիս էր Թրամփին, ռուսները փորձել են ազդել ընտրությունների վրա և վարկաբեկել դեմոկրատական թեկնածու Հիլարի Քլինթոնին, որի նկատմամբ նախագահ Վլադիմիր Պուտինը խիստ բացասական վերաբերմունք ուներ:

Ռուսները կոտրել են Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեի կայքջէը և ամերիկյան այլ կայքեր:

Անցյալ տարվա ամռանը, երբ հանրային հարցումների արդյունքները վկայում էին Քլինթոնի բարձր վարկանիշի մասին, ռուսները որոշել են գողացված տեղեկությունները օգտագործել նրան վարկաբեկելու համար: Այդ նյութերը տարածվել են հաքերների, ինչպես նաև Վիքիլիքս կայքի միջոցով:

Միաժամանակ Քոմին և Ռոջերսը նշել են, թե չկան փաստեր, որոնք կապացուցեին, թե ռուսները ընտրական գործընթացին միջամտել են քվեները բուն ԱՄՆ տարածքի ընտրատեղամասերում կեղծելու առումով:

Լսումների ընթացքում հանրապետական օրենսդիրներից մի քանիսը նկատել են տվել, որ Մայքլ Ֆլինի անվան շուրջ մամուլում տեղ գտած նյութերը կարելի է որակել որպես օրենքին հակասող, քանի որ կոնկրետ պարագայում անդրադարձ է եղել գաղտնիք համարվող տեղեկությունների:

Պատասխանելով այդ հարցերին՝ Քոմին և Ռոջերը հաստատել են, որ պետական գաղտնիքի ցանկացած արտահոսքն ինքնին ծանր հանցագործություն է: Կոնգրեսականները նշել են, որ բացի այդ, ինչպեսև ցանկացած ամերիկացի՝ Ֆլինն ուներ մամուլի անհարկի միջամտությունից պաշտպանված լինելու իրավունք:

Նախագահ Թրամփը նախկին զինվորական Ֆլինին նշանակել է ազգային անվտանգության հարցերով խորհրդական, սակայն կարճ ժամանակ անց խնդրել է հրաժարական ներկայացնել, քանի որ Ֆլինը ռուսների հետ իր հանդիպումների մասին թերի տեղեկություններ է փոխանցել փոխնախագահ Մայք Փենսին: Վերջինս ամբողջ հանրության աչքերում տհաճ վիճակում էր հայտնվել, քանի որ հրապարակավ պնդել էր, թե Ֆլինը ռուսների հետ չի հանդիպել:

Ներկայացուցիչների պալատի անվտանգության հարցով հանձնաժողովում 2016-ի ընտրություններին ռուսների միջամտության հարցով լսումները շարունակվում են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG