Մատչելիության հղումներ

Անահիտ Բախշյան․ Հատուկ այս վիճակին են հասցրել, որ փողով հետո ձայները առնեն


«Մալաթիա-Սեբաստիան Սամվել Ալեքսանյանի տարածքն է»,- ասաց ընտրողներից մեկը քարոզարշավի դուրս եկած Անահիտ Բախշյանին:

«Ազատ դեմոկրատներ»-ի ցուցակով նույն վարչական շրջանում պատգամավորի թեկնածու առաջադրված Բախշյանը պատասխանեց՝ Սամվել Ալեքսանյանից բացի նաև ես եմ առաջադրված այստեղ:

Մի տղամարդ ասաց, որ թեև ինքը «դակումենտով» «Բարգավաճ Հայաստանի» անդամ է, բայց ընտրելու է Ալեքսանյանին․ - «Որովհետև մեր շրջանն ա ինքը․․․ Մեր Ալեքսանյանը էղել է, ես էլի իրան ընտրում եմ, որովհետև լավ ա նայում»:

Ի դեպ, տարիներ առաջ հենց այս վարչական շրջանում էին քարոզարշավի դուրս եկած Նիկոլ Փաշինյանին ընտրողներն ասել, որ Սամվել Ալեքսանյանն իրենց համար «Հիսուսից հետո երկրորդ մարդն է» և խափանել նրա քարոզարշավը:

«Ազատ դեմոկրատներ»-ի ցուցակի առաջին կին թեկնածուն Մալաթիա-Սեբաստիա համայնքում քարոզարշավի էր դուրս եկել կուսակցության 9 երիտասարդ թեկնածուների հետ:

«25 տարվա մեջ արդեն կան քաղաքական գործիչներ, որոնց վաղուց արդեն կարելի է թոշակի ուղարկել, նոր մարդիկ են պետք», - ասաց երիտասարդներից մեկը: - «Պարբերաբար փոխելով տնտեսական դաշտի խաղի կանոնները, փորձելու ենք հավասար մրցակցային դաշտ ստեղծել»:

Անահիտ Բախշյանին Մալաթիա-Սեբաստիայում հիմնականում «Ժառանգություն» կուսակցությունից էին հիշում: Նրան այսօր ուղեցկում էր նաև կրկին նախկին ժառանգական, այժմ արդեն «Ազատ դեմոկրտաների» ցուցակով առաջադրված Ստեփան Սաֆարյանը: Ոմանք վերցնում էին կուսակցության նախընտրական թերիկները, ոմանք առհասարակ հրաժարվում, վերցնել ու լսել նրանց:

Որպես կանոն, սակայն, մեկ բան էին ասում՝ ոչ մեկին չենք հավատում, բայց նաև խնդրում էին, որ Բախշյանը դա իրեն չվերագրի:

«Էս հները նույնն են, իրանց աթոռը կառնեն, կնստեն: Թող ժողովուրդը տառապեն, կանաչին ծախա, տանջվի, պարտքի տակ, վարկի տակ: Տրաքի ու պայթի», - վրդովված ասաց մի կին:

Մալաթիայի շուկայի աշխատակիցների հանդիպումից հետո պատգամավորրի թեկնածու Բախշյանը հուսահատ վիճակում էր: Նեղսրտեց՝ հաղթելու է փողը, ինչն ինքը չունի:

Ասաց, որ այս վարչական շրջանում ինքը մրցում է նաև Սամվել Ալեքսանյան հետ․ - «Ինքը տասը տարի Ազգային ժողովում միայն կոճակ է սեղմել, ես Ազգային ժողովում շատ լուրջ գործունեություն եմ ծավալել: Հիմա ուզում են ընտրել, որ գնա էլի՞ կոճակ սեղմի: Հարցնում են՝ բա փող տալո՞ւ ես, ասում եմ` չէ․․․ Ի՞նչ պիտի անենք, որ մարդկանց պատկերացումների մեջ մտնի, սրսկվի, որ Ազգային ժողովի պատգամավորը ո՛չ լավաշ բաժանող է, ո՛չ ասֆալտ անող է, ո՛չ իրենց դեղի փող տվողն է: Իրենց հուսահատությունը ինձ էլ է անցնում, ես էլ եմ հուսահատվում, սկսում եմ կասկածել ինձ վրա, սկսում եմ իմ ուժերի վրա կասկածել․․․ Հատուկ այս վիճակին են հասցրել, որ փողով հետո ձայները առնեն: Սա անկհայտ է: Աղքատ ժողովրդին կառավարելը շատ հեշտ է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG