Մատչելիության հղումներ

«Ելք» դաշինքի անդամներն այսօր Կոտայքի բնակիչներին էին համոզում, որ ելք կա։

Արամ Սարգսայնի, Նիկոլ Փաշինյանի ու Սասուն Միքայելյանի գլխավորությամբ դաշինիքի անդամներն այսօր շրջեցին Բյուրեղավանում, Նոր Հաճնում, շրջակա գյուղերում, հանրահավաք անցկացրեցին Եղվարդ ու Հրազդան քաղաքներում։

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Հայաստանում քաղաքական իրավիճակը փոխելու ու հուսահատության ճահճից դուրս գալու միակ տարբերակը քվեն «Ելք»-ին տալն է։

«Մենք միակ ուժն ենք, որ Հանրապետական կուսակցության հետ չենք գործակցել ու չենք գործակցելու», - շեշտեց նա։ - «Այդպիսի միակ քաղաքական ուժն է այսօր Հայաստան Հանրապետությունում: Մյուսները և՛ գործակցում են, և՛ գործակցել են, և՛ գործակցելու են: Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, ապրիլի 2-ին գնացեք ընտրական տեղամասեր և քվեարկեք «Ելք» դաշինքի օգտին՝ վստահ լինելով, որ Սերժ Սարգսյանի և Հանրապետական կուսակցության ստեղծած հուսահատության փոսից ելք կա՛»:

«Մեր օգտին քվեարկելով մեզ չեք լավություն անում, այլ ձեզ», - արդեն եղվարդցիներին ասաց Փաշինյանը։

Իսկ Սասուն Միքայելյանը բնակիչներին շնորհակալություն հայտնեց երկիրը չլքելու համար ու նրանց հերոս անվանեց։ «Հերոսը դու ես», - բացականչեց հավաքի մասնակիցներից մեկը։

«Խոնարհվում եմ ձեր առաջ», - ի պատասխան ասաց Միքայելյանը: - «Հերոս էլ կմնամ, կնահատակվեմ իմ ժողովրդի համար: Ես պաշտոն, գանձ ու գահ չեմ ուզում, ես ուզում եմ, որ իմ հարևանն իմ պես ապրի, ես ուզում եմ, որ իմ հարևանը սոված չմնա․․․ «Հանրապետություն», «Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր»: Մնացածները արջի ու օձի պատմությունն ա, որ արջը տալիս ա օձի գլխին, ասում ա՝ դե ուղիղ գնա․․․»

Սասուն Միքայելյանը կոչ արեց չվախենալ ու ողնաշարն ուղղել։ Նա վստահեցրեց, որ իշխանափոխություն են անելու։

Նիկոլ Փաշինյանն ասաց, թե իրենց «ելք կա» հայտարարությանը մարդիկ սովորաբար պատասխանում են՝ Աստված տա, մինչդեռ հույսը միայն Աստծո վրա պետք չէ դնել․ - «Դուք եք ընտրությունների Աստվածը, ոնց կքվեարկեցիք, կտա Աստված, չքվեարկեցիք, որտեղի՞ց տա Աստված»:

XS
SM
MD
LG