Մատչելիության հղումներ

ԱՄՆ անվտանգության բարձրագույն պաշտոնյաները ցուցմունքներ կտան Կոնգրեսում


ԱՄՆ Հետաքննությունների դաշնային գործակալության տնօրեն Ջեյմս Քոմին, արխիվ, Բոստոն, 8-ը մարտի, 2017թ.
ԱՄՆ Հետաքննությունների դաշնային գործակալության տնօրեն Ջեյմս Քոմին, արխիվ, Բոստոն, 8-ը մարտի, 2017թ.

Փորձագետների կարծիքով, ամերիկյան ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտությանն առնչվող՝ հանրությանը խիստ հուզող թեմայով այս լսումները կանցնեն լարված մթնոլորտում:

Ամերիկայի Միացյալ Նահանգների Հետաքննությունների դաշնային գործակալության տնօրեն Ջեյմս Քոմին և Ազգային անվտանգության գործակալության ղեկավար Մայք Ռոջերսն այսօր Ներկայացուցիչների տան Հետախուզության կոմիտեում պետք է ցուցմունքներ տան 2016 թվականի նախագահական ընտրություններում Ռուսաստանի հնարավոր միջամտության հարցով:

Փորձագետների կարծիքով, հանրությանը խիստ հուզող այդ լսումները կանցնեն լարված մթնոլորտում: Քոմին և Ռոջերսը պետք է հանդես գան Դոնալդ Թրամփի նախընտրական արշավին ռուսների ենթադրական միջամտության շուրջ առաջին հրապարակային մեկնաբանություններով: Լսումները մեկնարկում են Երևանի ժամանակով երեկոյան ժամը 6-ին:

Վերլուծաբաններին նաև հետաքրքրում է, թե ինչ կասեն Քոմին և Ռոջերսը նախագահ Դոնալդ Թրամփի հնչեցրած կշտամբանքի մասին, ըստ որի, իր հեռախոսները նախկին նախագահ Բարաք Օբամայի կարգադրությամբ ընտրություններից առաջ գաղտնալսվել են:

Ամերիկյան մամուլը նախագահության առաջին երկու ամսվա ընթացքում Թրամփին մշտապես հետապնդել է ռուսների հետ իր մտերիմ զինակիցների ենթադրական շփումների թեմայով: ԱՄՆ անվտանգության ծառայությունները հունվարին հրապարակել էին զեկույց, որի համաձայն, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրել է հաքերական միջամտությունների, տեղեկատվական արտահոսքի և այլ մեթոդներով ազդել նոյեմբերի 8-ի ընտրությունների վրա և անբարենպաստ վիճակ ստեղծել դեմոկրատական թեկնածու Հիլարի Քլինթոնի համար: Ըստ զեկույցի, ռուսական կողմն ակնհայտորեն նախապատվությունը տվել է Թրամփին:

Ռուսաստանը կտրականապես հերքում է այդ մեկնաբանությունները: Դրանք «կեղծիք և զրպարտություն» է որակում նաև նախագահ Թրամփը, ով մերժում է իր թիմակիցների և ռուս պաշտոնյաների ապօրինի շփումների մասին պնդումները:

«Դեմոկրատականները հորինել և առաջ են քաշում այդ թեման իրենց խայտառակ վատ նախընտրական արշավն արդարացնելու համար»,- այսօր «Թվիթեր»-ի իր էջում գրել է Թրամփը և ավելացրել. «Դրա փոխարեն Կոնգրեսը, Հետաքննությունների դաշնային գործակալությունը և այլ կառույցները պարտավոր են պարզել գաղտնի բովանդակության տեղեկությունների արտահոսքի հանգամանքները: Պարտավոր եք հենց հիմա բացահայտել արտահոսքի հեղինակին»:

Թրամփը ստիպված ազգային անվտանգության հարցերով նորանշանակ խորհրդական Մայքլ Ֆլինին խնդրել էր հրաժարական ներկայացնել, երբ պարզվել էր, որ Ֆլինը փոխնախագահ Մայք Փենսին թերի տեղեկություններ է փոխանցել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ անցյալ տարվա դեկտեմբերին իր և Սպիտակ տան մի շարք այլ պաշտոնյաների հանդիպումների մասին:

Դրանից հետո էլ Միացյալ Նահանգների արդարադատության նախարար Ջեֆ Սեշնսը թեև Սենատում իր թեկնածության հաստատման լոսւմների ժամանակ պնդել է, թե նախընտրական արշավի ընթացքում ոչ մի ռուս պաշտոնյայի հետ չի հանդիպել, սակայն ավելի ուշ պարզվել է, որ նա առնվազն երկու անգամ շփվել է դեսպան Կիսլյակի հետ:

Դեմոկրատական օրենսդիրներն այսօր, ամենայն հավանականությամբ, կպահանջեն Հետաքննությունների դաշնային գործակալության տնօրեն Ջեյմս Քոմիից հստակ տեսակետ հայտնել, թե արդյո՞ք կան Թրամփի հեռախոսն Օբամայի պահանջով գաղտնալսելու փաստեր:

Մարտի 4-ին «Թվիթեր»-ում տեղադրած գրությամբ Թրամփը պնդել էր, որ իր նյույորքյան գրասենյակն, իբր, գաղտնալսվել է անվտանգության ծառայության բարձրաստիճան պաշտոնյային Օբամայի տված կարգադրությամբ: Հետագայում Սպիտակ տունը մեղմել է դիրքորոշումը, ասելով, թե Թրամփը նկատի ուներ ընդհանրապես գաղտնալսումների վտանգի թեման:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG