Մատչելիության հղումներ

Բեռլին․ «Թուրքիայի նախագահը չափ ու սահմանն անցել է»


Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիել, արխիվ
Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիել, արխիվ

«Ֆաշիզմի հետ ցանկացած համեմատություն անընդունելի է, Թուրքիայի իշխանությունը պետք է զսպի իր հռետորաբանությունն ու կանխի երկկողմ հարաբերությունների տևական ու խորը վատթարացոմը»,- հայտարարել է Գերմանիայի կառավարության խոսնակը:

Պաշտոնական Բեռլինը զգուշացնում է՝ Թուրքիայի նախագահը չափ ու սահմանն անցել է: «Մենք հանդուրժող ենք, բայց ոչ հիմար»,- գերմանական լրատվամիջոցներից մեկին ասել է Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը՝ «ծայրաստիճան վրդովեցուցիչ» որակելով Ռեջեփ Էրդողանի վերջին հայտարարությունները Գերմանիայի ու անձամբ կանցլեր Մերկելի վերաբերյալ:

Երեկ Էրդողանը դաշնային կանցլերին ոչ միայն հրապարակավ մեղադրել էր ֆաշիզմի մեջ, այլև պնդել՝ պաշտոնական Բեռլինն աջակցում է ահաբեկիչներին: Ընդ որում, Անգելա Մերկելի մասին խոսելիս, Էրդողանը ցուցադրաբար անցել էր ոչ պաշտոնական լեզվի՝ «դու»-ով դիմելով ԳԴՀ կառավարության ղեկավարին:

«Հոլանդացիները լավ չեն զգում, երբ մենք նրանց ֆաշիստ ենք կոչում, եվրոպացի դաշնակիցներն էլ անմիջապես շտապում են՝ պաշտպանել նրանց: Հատկապես Մերկելը...Մերկե՛լ, դու ֆաշիստական քայլեր ես ձեռնարկում և ո՞ւմ դեմ, իմ թուրք եղբայրների, որոնք ապրում են Գերմանիայում, իմ նախարարների ու պատգամավորների, որ գալիս են Եվրոպա»,- ասել էր Էրդողանը:

«Թուրքիան պետք է անհապաղ, առանց «եթե»-ների ու «կամ»-երի վերջ տա ֆաշիզմի հետ այս համեմատություններին»,- ժամեր առաջ էլ պահանջել է Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը՝ շարունակելով․ «Ցավոք, ֆաշիզմի հետ այդ զուգահեռները չեն դադարում, ինչը կարող է հանգեցնել բոլոր տաբուների չեղարկման՝ առանց հաշվի առնելու այն մարդկանց տառապանքները, որոնք հալածվել ու սպանվել են նացիստների ժամանակ:

Ուզում եմ կրկին հիշեցնել՝ Գերմանիայի արտգործնխարարությունն օրեր առաջ բանավոր նոտա է փոխանցել Թուրքիային՝ փաստելով, որ թուրք քաղաքական գործիչները կարող են այստեղ՝ Գերմանիայում հանդիպումներ անցկացնել միայն այն դեպքում, երբ դրանք համապատասխանեն մեր Սահմանադրությանն ու օրենքներին»:

Խիստ նախազգուշացում տալով Անկարային՝ Գերմանիայի կանցլերը միաժամանակ խուսափել է խոսել երկկողմ հարաբերությունների վատթարացման ու դրա հնարավոր հետևանքների մասին: Մինչդեռ նրա կուսակցության փոխնախագահ Յուլիա Կլյոկներն այսօր ավելի վաղ հրապարակավ հայտարարել էր՝ «Էրդողանը կարծես խելքը թռցրել է, ժամանակն է, որ Եվրամիությունը սառեցնի Թուրքիային հատկացվող միլիարդների դրամական օժանդակությունը»:

«Ֆաշիզմի հետ ցանկացած համեմատություն անընդունելի է, Թուրքիայի իշխանությունը պետք է զսպի իր հռետորաբանությունն ու կանխի երկկողմ հարաբերությունների տևական ու խորը վատթարացոմը»,- սա էլ Գերմանիայի կառավարության խոսնակի հայտարարությունն է: «Մենք անպաշտպան չենք, ոչ էլ հիմար կամ միամիտ: Եթե նրանք այսպես շարունակեն, Գերմանիայի կառավարությունը ստիպված կլինի արձագանքել»,- զգուշացրել է երկրի արտգործնախարարության խոսնակը:

ՆԱՏՕ-ի կազմում դաշնակից երկրների՝ Անկարայի և Բեռլինի միջև ժամ առ ժամ սրվող տարաձայնություններին է անդրադարձել նաև Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիա Տայանին՝ «Թվիթեր»-ում գրելով՝ «Թուրքիայի նախագահի կողմից անընդունելի է հարձակումը ժողովրդավարական երկրի նկատամբ, որը երաշխավորում է բոլոր հիմնարար իրավունքներն ու ազատությունները»:

Լրատվամիջոցները նշում են՝ էրդողանը բորբոքվել է հատկապես այն բանից հետո, երբ Գերմանիայի իշխանությունները նախօրեին թույլատրեցին հազարավոր քրդերի՝ Ֆրանկֆուրտում ցույց անցկացնել ու քննադատել Թուրքիայի նախագահի նախաձեռած սահամանադրական փոփոխությունները: Հաղորդվում է, որ հանրահավաքում երևացել են Թուրքիայում արգելված Քրդական աշխատավորական կուսակցության դրոշներ, ինչն ավելի է սրել տարաձայնությունները:

«Մենք Քրդական աշխատավորական կուսակցության մասին 4500 փաստաթուղթ ենք Մերկելին ներկայացրել: Ձեզ եմ հարցնում՝ տեղի ունեցածն ազնի՞վ է, համապատասխանու՞մ է արդյոք քաղաքական էթիկային ու արդարությանը: Չէ՞ որ ձեր պարտքն է՝ որպես քաղաքական գործիչ, ձերբակալել ու արտահանձնել և ոչ թե՝ աջակցել ահաբեկիչներին»,- ասել է Էրդողանը:

«Սա երկակի չափանիշների ևս մի վառ օրինակ է»,- հայտարարել է Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը: «Այդ քայլով Բեռլինն իր անունը դրեց ևս մի սկանդալի տակ: Անընդունելի է տեսնել ահաբեկիչների դրոշներով ու կարգախոսներով այդ հավաքն այն դեպքում, երբ Թուրքիայի նախարարներին ու պատգամավորներին թույլ չի տրվում հանդիպել իրենց իսկ քաղաքացիներին: Մենք ևս մեկ անգամ հիշեցնում ենք եվրոպական երկրներին՝ ապրիլի 16-ին թուրք ժողովուրդը, և ոչ թե Եվրոպան է որոշում կայացնելու»,- նաև ասել է Իբրահիմ Քալընը:

Շուրջ մեկ ամսից Թուրքիայում կայանալիք հանրաքվեի շեմին ոչ միայն փորձագետները, այլև բարձրաստիճան դիվանագետներն են փաստում՝ Եվրոպայի և Անկարայի հարաբերությունները հասել են աննախադեպ ցածր մակարդակի: «Թուրքիան Եվրամիությանն անդամակցությունից հիմա հեռու է առավել, քան երբևէ»,- «Շպիգելին» ասել է Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG