Մատչելիության հղումներ

Կոնգրես-ՀԺԿ դաշինքը առաջարկում է խորհրդարանական ընտրություններն անցկացնել ապրիլի 9-ին


Դաշինքը կոչ է ընտրություններից մասնակից կուսակցություններին ու մյուս դաշինքներին համաձայնության գալ և առաջարկել իշխանությանը մեկ շաբաթով հետաձգել Ազգային ժողովի ընտրությունները։

​«Ընտրության օրվա փոփոխությունը շատ լուրջ գործընթաց է, որ իր հետ տանում է շատ այլ օրերի՝ նախապես նախանշված, փոփոխության, որը կարծում եմ, այլևս հնարավոր չի ուղղակի: Նույնիսկ լավագույն ցանկության դեպքում, կարծում եմ, որ օրենսդրական շատ լուրջ խնդիրներ կառաջանան, և օրենքի շատ կոպիտ խախտումներ կառաջանան», - «Ազատության» հետ զրույցում պարզաբանեց Գագիկ Մելիքյանը:

Կոնգրես-ՀԺԿ դաշինքի պատգամավորի թեկնածու Ավետիս Ավագյանը կարծում է, որ ապրիլի 2-ին ընտրություններին մասնակցությունը կարող է ցածր լինել, քանի որ այդ օրը նաև ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակի առաջին տարելիցին է․ - «Շատ բնական է, որ բավական քանակությամբ մարդիկ իրենք օրը կառուցելու են հենց այդ կարգի միջոցառումներին, հարգանքի տուրք մատուցելուն, գերեզմաններ այցելելուն, միգուցե այլ միջոցառումներ էլ լինեն: Անկախ ընտրությունների արդյունքից, շատ կարևոր է, որպեսզի հնարավորինս շատ մարդ մասնակցի, և արդյունքները լինեն հնարավորինս վստահելի և արժանահավատ մարդկանց համար: Մարդիկ հավատում են այն գործունեության արդյունքին, որոնց մասնակից են եղել»:

Գագիկ Մելիքյան

Գագիկ Մելիքյան

Մելիքյանը հակադարձեց․ - «Նախ ասել, որ ապրիլի 2-ը ապրիլյան պատերազմի տարելիցն է, այդպես չէ: Ուղղակի այդ օրերին պատերազմական գործողություններ Արցախում գնում էր, և այդ օրերին մենք նույնպես զոհեր ունեցանք: Ես ցավում եմ նորից, բայց սա նույնպես չի կարելի քաղաքականացնել»:

Ընտրությունների օրը հետաձգելու առաջարկ ՀԱԿ-ը երկրորդ անգամ է անում: Հունվարի վերջին ընդդիմադիրները հայտարարեցին, որ ապրիլի 2-ը նշանակվել է Սահմանադրության խախտմամբ, նաև պահանջեցին հարգել ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակն ու քվեարկությունն անցկացնել ապրիլի վերջին։

ԱԺ-ի ՀԱԿ խմբակցությունն խորհրդարանական ընտրությունների օրը փոխելու համար անգամ Սահմանադրական դատարան դիմելու ստորագրահավաք նախաձեռնեց, բայց չհաջողեց, անհրաժեշտ թվով՝ 27 պատգամավորների ստորագրություն չհավաքվեց:

Մինչև քարոզարշավի սկիզբը Սերժ Սարգսյանն ասել էր, որ դեմ չէ ընտրությունների օրը 4-5 օրով տեղափոխելուն՝ եթե լինի բոլոր մասնակիցների համաձայնությունը:

Գագիկ Մելիքյանն այսօր ասաց, որ նման հարց ՀՀԿ-ում արդեն չի քննարկվում, Կոնգրես-ՀԺԿ դաշինքի առաջարկն էլ ուշացած որակեց․ - «Նման առաջարկություններ մենք արել ենք մի ամիս ավել առաջ, և որևէ քաղաքական ուժ կարծես թե դրան չի արձագանքել: Հիմա եթե քաղաքական ուժերից մեկը նման առաջարկություն է անում, պետք է էլի բոլորի համաձայնությունը լինի: Հակառակ պարագայում կստանանք մի խառնաշփոթ իրավիճակ: Բոլոր քաղաքական ուժերը քարոզչական գործընթացի մեջ են, կարծես թե մի շաբաթից արդեն վերջնական փուլ ենք մտնում մենք: Եվ այս պահին նմանատիպ հայտարարություններով հանդես գալը, չեմ կարծում, որ տեղին է և ժամանակին: Կարծում եմ, որ բավականին ուշացած առաջարկություն է»:

Ավետիս Ավագյանը, մինչդեռ, ասաց․ - «Գործնական առումով ես այդտեղ որևէ խնդիր չեմ տեսնում: Հատկապես, որ դա բոլորի շութերին է՝ ապրիլի 2-ը հարմար է, հարմար չէ․․․ Եվ եթե որոշումը կայացվի, այդ ինֆորմացիան հաստատ մեծ արագությամբ կհասնի մեր ընտրողներին և, վստահ եմ, նաև կուրախացնի մեր ընտրողներին»:

Ընտրությունների օրվա հարցը Սահմանադրական դատարան հասցնելուն կողմ էին ընտրություններին մասնակցող մի շարք կուսակցությունների ներկայացուցիչներ: Կոնգրեսի նախաձեռնությանը միացել էին նաև «Ազատ դեմոկրատների» ընտրական ցուցակը գլխավորող Խաչատուր Քոքոբելյանն ու Հրանտ Բագրատյանը:

«Ազատ դեմոկրատների» պատգամավորի թեկնածու Անժելա Խաչատրյանի խոսքով՝ իրենք քննարկել են Կոնգրես-ՀԺԿ դաշինքի առաջարկը, և փոխանցեց՝ եթե օրենսդրական խոչընդոտ չկան և ընտրությունների օրը հնարավոր է հետաձգել, «Ազատ դեմոկրատները» կողմ են դրան:

Ընտրություններն ապրիլի 2-ին նշանակելը Սահմանադրության խախտում համարող «Համախմբում» կուսակցության փոխնախագահ Էլինար Վարդանյանը նաև բաց նամակով էր դիմել Սերժ Սարգսյանին՝ կոչ անելով «չսկսել խախտումով»:

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի մամուլի խոսնակ Արեգնազ Մանուկյանն ասաց, որ ընտրությունները հետաձգելու Կոնգրես-ՀԺԿ-ի առաջարկը չեն քննարկել, բայց չի կարծում, որ դիրքորոշման փոփոխություն կա:

«Ծառուկյան» դաշինքից Նարիրա Զոհրաբյանն ասաց․ - «Մեզ համար առաջնային հարց է ազատ ընտրությունների անցկացումը: Եթե կլինի կոնսենսուս, ընտրությունների օրը հետաձգելու խնդիր չեն տեսնում»:

«Ելք» դաշինքից պատգամավորության թեկնածու Ալեն Սիմոնյանի խոսքով՝ առաջարկը կքննարկեն: Սիմոնյանն ըստ էության դեմ չէր ընտրությունները հետաձգելուն:

ՀՅԴ նախընտրական շտաբը ղեկավարող Աղվան Վարդանյանը մինչդեռ հայտարարեց․ - «Ընտրություններն արդեն վերջանուիմ են, գոյություն ունի ժամանակացույց, ի՞նչ հետաձգելու մասին է խոսքը»:

XS
SM
MD
LG