Մատչելիության հղումներ

Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) տեղեկացնում է, որ ԱՐԱԳԳ ընկերությունը տարեսկզբից ներկրած վառարանային վառելիքն օրենքը շրջանցելով փորձել է իրացնել իբրև կերոսին ու դիզելային վառելիք:

Վառելիքի մի մասը վաճառվել է Գորիսում վառելանյութի մանրածախ առևտրով զբաղվող երկու անհատ ձեռնարկատիրոջ: ՊԵԿ-ի փոխանցմամբ՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վերջիններն իրացրել են վառելանյութի մի մասը՝ դիզելային վառելիքի հետ խառնելով: «Ներկրողը նաև հաշիվ-ապրանքագիր է դուրս գրել մեկ ընկերության անունով, սակայն հարկային օրենսդրությունը խախտելով՝ փաստացի մատակարարել է մեկ ուրիշին: Տնտեսվարողը նոր խմբաքանակներ է ներկրել Իրանից։ Լաբորատոր փորձաքննությունը, սակայն, ցույց է տվել, որ ներկրված վառելիքը չի համապատասխանում մեր երկրում սահմանված ինչպես նախկին, այնպես էլ վերջերս փոխված չափանիշերին, ուստի մաքսային մարմինը չի թույլատրել ապրանքի ձևակերպումը», - ասված է հաղորդագրությունում:

«ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները նախկինում ներմուծված և մի քանի ընկերությունների վաճառված ենթադրյալ կերոսինից ու դիզելային վառելիքից փորձանմուշներ են վերցրել և ուղարկել փորձաքննության: Ստացված եզրակացությունների համաձայն` ներմուծված ենթադրյալ կերոսինն իրականում հանդիսանում է վառարանային վառելիք, իսկ ենթադրյալ կերոսինի և դիզելային վառելիքի խառնուրդը` վառարանային վառելիքի ու դիզելային վառելիքի խառնուրդ», - նշել է ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության հետաքննության բաժնի պետ Արթուր Ուզունյանը:

Ըստ հաղորդագրության, ԱՐԱԳԳ ընկերությունը վառելիքի մի մասը տեղափոխել է Արմեն Մուրադյանին պատկանող ջերմոց: «Հատկանշական է, որ ջերմոցում տեղադրված երկու վառարանները նախատեսված չեն կերոսինի այրման համար», - նկատել է կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության 1-ին բաժնի պետ Վահրամ Ադամյանը:

«Մարտ ամսին ընկերության ներկրած վառարանային վառելիքի ողջ խմբաքանակից վաճառվել է ընդամենը 285 լիտր, ինչը վկայում է Հայաստանում այդ ապրանքատեսակի պահանջարկի գրեթե բացակայության մասին», - նշել է ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետ Գարեգին Առաքելյանը:

ԱՐԱԳԳ ընկերության՝ վերջին ամիսների գործունեության մասին տվյալները հիմնավորում են, թե ինչու է ներկրողը ՊԵԿ-ի տեսադաշտում հայտնվել: Սակայն, անտեսելով ակնհայտ խախտումները՝ գործարարը խնդրի հետ կապված դիմել էր նաև ԱԺ պատգամավորներից մեկին: «Ներկրողի և նրա գործընկերների մոտ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները հիմք են տալիս պնդելու, որ տնտեսվարողները թույլ են տվել մի խումբ իրավախախտումներ, այդ թվում՝ անապրանք գործարքներ իրականացնելու և սպառողներին մոլորության մեջ գցելու հատկանիշներով», - ընդգծել է Առաքելյանը:

Խոշոր չափերով սպառողներին խաբելու դեպքի առթիվ ՊԵԿ հետաքննության բաժնում քրեական գործ է հարուցվել և ուղարկվել Գլխավոր դատախազություն՝ ենթակայության հարցը որոշելու համար:

Հիշեցնենք, մարտի 1-ին Ազգային ժողովում ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց՝ կասկածներ ունի, որ վառարանային վառելիքը հետո գնում է կերոսինի հետ խառնվում է, և շուկայում հայտնվում է անորակ նավթամթերք։ «Դուք շատ լավ հիշում եք, որ ապրիլյան դեպքերի ժամանակ մենք ունեինք բազմաթիվ դեպքեր, երբ որ մեր ռազմական տեխնիկան չէր աշխատում հենց դրա պատճառով», - ասել էր վարչապետը:

Անորակ վառելիքի պատճառով պատերազմի ժամանակ չաշխատած զինտեխնիկայի մասին իր սկանդալային հայտարարությունից մոտ երկու շաբաթ անց վարչապետը հայտարարեց, որ բենզինի ու դիզվառելիքի վաճառքի գործում չարաշահումներ են հայտնաբերվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG