Մատչելիության հղումներ

ՔԿ-ն պատրաստ է «Հաց բերողի» դիակի դատաբժշկական փորձաքննության գործընթացում ներգրավել միջազգային փորձագետների


Սոնա Տռուզյան, արխիվ

49-ամյա Արթուր Սարգսյանը մահացել է հինգշաբթի օրը ժամը 16։00-ի սահմաններում, «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:

«Հաց բերող» Արթուր Սարգսյանի փաստաբան Տիգրան Եգորյանը պնդում է՝ Քննչական կոմիտեի մեղքով Սարգսյանի դիահերձման գործընթացը կատարվեց առանց միջազգային փորձագետների։ «Ազատության» հետ զրույցում Եգորյանն ասաց, որ կոմիտեն պետք է ապահովեր նրանց մասնակցությունը, ինչը չարեց։

«Միջազգային փորձագետներին ներգրավելու մասին մեր միջնորդությունը բավարարվել էր հենց այն հույսով, որ հնարավոր չի լինելու ապահովել փորձագետների մասնակցությունը։ Բայց այդ հույսերը շատ արագ սկսեցին կարծես կոտրվել, երբ նրանք արդեն հասկացան, որ մենք արդեն կոնկրետ պայմանավորվածություններ ենք ձեռք բերել։ Մեր միջնորդությունը բավարարվել է մարտի 17-ին, այդ օրը և մարտի 18-ի առավոտյան մինչև ժամը 11-ը վարույթն իրականացնող մարմինը որևէ գործողություն չի ձեռնարկել»- ասաց Եգորյանը։

««Հաց բերողի» մահվան գործը քննող քննչական կոմիտեն բավարարել էր նրա փաստաբանների միջնորդությունը՝ դատաբժշկական փորձաքննության մեջ ներգրավել նաև միջազգային փորձագետների։ Փորձագետները չեկան, առանց նրանց իրականացված դիահերձման հետևանքով ստացված նյութերի ու ապացույցների տնօրինման բոլոր հնարավորություններն էլ վարույթն իրականացնող մարմնին են տրվել»,- հավելում է փաստաբանը։ Նրա խոսքով, Քննչական կոմիտեի պնդումը, թե դիահերձումը պետք է կատարվի մահվանից 12 ժամ հետո 48 ժամվա ընթացքում, ճիշտ չէ՝

«Մեր կողմից առնվազն երկու փորձագետների հետ բանավոր խորհրդակցության արդյունքում, գրավորը դեռ չենք ստացել, նրանք ասել են, որ առհասարակ միջազգային պրակտիկայում համապատասխան ջերմաստիճանային պայամաններում դիահերձումը հնարավոր է հետաձգել մինչև մեկ շաբաթ ժամանակահատվածով»,- ասաց Եգորյանը։

4 օր առաջ Արմենիա բժշկական կենտրոնում սիրտ-անոթային անբավարարության հետևանքով մահացած «Հաց բերողի» մահվան փաստով քրեական գործ է հարուցվել՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հատկանիշներով: Եգորյանն ասում է, որ այս հոդվածով միայն բժիշկների գորոծղություններն են քննարկվելու, մինչդեռ Արթուր Սարգսայնի մահվան համար նա մեղադրում է իշխանություններին։

«Ակնհայտ է՝ իմ կողմից նշված փաստերի և հանգամանքների լույսի ներքո, որ պետությունն ամեն ինչ անում է ի՝ սկզբանե պաշտպանելու բոլոր այն ծառայողներին և պաշտոնյաներին, որոնց գործողությունները այս կամ այն չափով պատճառ են հանդիսացել այս կամ այն հանգամանքի, որոնք որ հանգեցրել են Արթուր Սարգսյանի մահվան»,- շարունակեց փաստաբանը:

Քննչական կոմիտեն, մինչդեռ, հայտարարում է, թե պատրաստակամ է «Հաց բերող» անվամբ հայտնի Արթուր Սարգսյանի դիակի դատաբժշկական փորձաքննության հետագա գործընթացում ապահովել միջազգային փորձագետների ներգրավումը: Այս մասին «Ազատությանն» ասաց ՔԿ նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։

«Այսինքն այն պահին, երբ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչների մատնանշած փորձագետներից որևէ մեկը կժամանի Հայաստան և պատրաստակամ կլինի ներգրավվել հետազատություների իրականացման մեջ, վարույթ իրականացնող մարմինը կստեղծի դրա համար բոլոր հնարավորությունները»,- ասաց ՔԿ ներկայացուցիչը:

Ըստ նրա, 49-ամյա Արթուր Սարգսյանի դիահերձումն ավարտվել է անցած շաբաթ օրը։ Սարգսյանի փաստաբաններն ավելի վաղ միջնորդել էին, որ դիահերձմանը մասնակցեն նաև միջազգային փորձագետները: Նրանք, սակայն, չէին ժամանել Երևան։ Տռուզյանի խոսքով, դիահերձումը հնարավոր չէր հետաձգել, քանի որ, ըստ մասնագետների, այն պետք է իրականացվեր մահից 12 ժամ հետո և ոչ ուշ, քան 48 ժամվա ընթացքում, այլապես դա կարող էր բերել հյուսվածքների և բջիջների փոփոխությունների:

Այդ դեպքում հնարավոր չէր լինի «ունենալ օբյեկտիվ պատկեր»: «Ցավով պետք է արձանագրեմ, որ տուժող կողմի ներկայացրած փորձագետներից որևէ մեկը չժամանեց Հայաստան և հնարավոր չեղավ ապահովել նրանց ներկայությունը դիահերձմանը»,- ասաց ՔԿ ղեկավարի խորհրդականը: Ըստ նրա, դիահերձումից հետո մասնագետների կողմից առանձնացվել են հյուսվածքներից նմուշներ, որոնց հետազոտումից հետո արդեն մասնագետները կարող են որոշել մահվան պատճառն ու համգամանքները։

49-ամյա Արթուր Սարգսյանը մահացել է հինգշաբթի օրը ժամը 16։00-ի սահմաններում, «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: «Արմենիա» ԲԿ վիրաբուժական գծով տնօրեն Արսեն Գրիգորյանն «Ազատության» հետ զրույցում ասել է, որ բժիշկներն արել են հնարավորը՝ «Հաց բերողի» կյանքը փրկելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG