Մատչելիության հղումներ

Խոսրով Հարությունյան. «Բա իշխանությանը պետք է քննադատեն, հո ընդդիմությա՞նը չեն քննադատելու»


«Վատ չի լինի, որ մի անգամ Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) մեծամասնություն չկազմի Հայաստանում», - ասում է Արարատ Զուրաբյանը:

«Վատ չի լինի, որ մի անգամ Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) մեծամասնություն չկազմի Հայաստանում, և տեսնենք՝ հնարավոր է ինչ-որ բան փոխել Հայաստանում», - «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց «Հայոց համազգային շարժում» (ՀՀՇ) կուսակցության վարչության նախագահ, «Ծառուկյան» դաշինքից Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու Արարատ Զուրաբյանը՝ հավելելով, որ իր համոզմամբ դա հնարավոր է։ «Մենք դա կարող ենք», - ասաց Զուրաբյանը։

Նախկին վարչապետ, Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ, Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր և ապրիլի 2-ի ընտրություններում Հանրապետականի թեկնածու Խոսրով Հարությունյանը հակադարձում է. - «Ես կարծում եմ, որ հենց ընտրությունների ամբողջ իմաստը կայանում է նրանում, որ Հանրապետականը փորձի ներկայացնել, ապացուցել, որ ինքն այդուհանդերձ կենսունակ և գործունակ քաղաքական ուժ է և պետք է այդուհանդերձ շարունակել նրան վստահել, և ընդդիմությունը պետք է հակառակն ասի, և դրա դատավորը ամսի 2-ն է, հասարակությունը»: «Ես, ի դեպ, պատրաստ եմ ցանկացածի հետ ժամերով զրուցել՝ թե՛ ձեռքբերումների մասին, առանց չափազանցության եմ ասում, թվային տվյալներով՝ կոնկրետության մեջ, և խոսել նաև բացթողումների մասին, այնպես որ, այդ տեսանկյունից Հանրապետականն, այո՛, ամենից շատ քննադատվողն է, բայց այդպես էլ պետք է լինի, բա իշխանությանը պետք է քննադատեն, հո ընդդիմությա՞նը չեն քննադատելու, բայց և Հանրապետականը իր քաղաքական լուրջ ձեռքբերումներն ունի», - շարունակեց նա:

Հարությունյանը նշում է, որ ցանկացած ընտրության ընթացքում պոպուլիզմի ինչ-որ չափաբաժին պետք է լինի, բայց, նրա համոզմամբ, դա էլ պետք է լինի մի քիչ հավաստի։

«Հիմա, ըստ էության, այն առաջարկները, որոնք հնչում են, ընդ որում՝ ոչ միայն «Ծառուկյան» դաշինքի կողմից, օրինակ, կուսակցություններից մեկի լիդերն ասում է՝ Հայաստանում 355 հազար մարդ ստանում է նվազագույն՝ 55 հազար դրամ աշխատավարձ, լսե՛ք, ես հասկանում եմ, որ ցանկացած ընտրության ընթացքում պոպուլիզմի ինչ-որ չափաբաժին պետք է լինի, այդտեղ երկրորդ կարծիք լինել չի կարող, բայց դա էլ պետք է լինի մի քիչ հավաստի», - ասաց Հարությունյանը՝ մանրամասնելով․ - «Տեսեք՝ եթե գյուղացիությունը հանենք, գյուղատնտեսությունը հանենք, գյուղատնտեսության ոլորտում աշխատողներին հանենք, մեր ամբողջ աշխատողների ընդհանուր բանակն այսօր, ցավոք սրտի, ընդամենը 600 հազար է, ընդ որում՝ դրանցից 224 հազարը պետական սեկտորում է, մնացածը՝ մասնավոր, պետական սեկտորի միջին աշխատավարձը 160 հազար է, մասնավոր սեկտորի միջին աշխատավարձը 224 հազար է: Ուզում եմ ասել՝ այն, ինչ որ ասվում է՝ 350 հազար՝ 55 հազար աշխատավարձով, այդ աշխատավարձով կարելի՞ է ապրել, արդեն լրիվ ուրիշ տեղ ենք գնում»։

«Օգտվում են առիթից, որ մարդիկ կարող է իրավամբ, սոցիալապես դժգոհություններ ունեն, բայց դուք փորձում եք արդեն ոչ ճիշտ մեկնաբանել, և մենք մեր ընդդիմադիրներին փորձում ենք մեկնաբանել: Անկեղծ եմ ասում, բացարձակապես ես չեմ ուզում որևիցե մեկին մեղադրել, թե ինչո՞ւ է նա, ասենք, պոպուլիստական, ես ասում եմ՝ ընտրությունը դրա համար էլ ընտրություն է, բայց այդ նույն թեզը պետք է լինի մի քիչ ճշմարտանման», - ընդգծեց Հարությունյանը։

«Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարի մարտի 19-ի թողարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG