Մատչելիության հղումներ

Շիրակի մարզի Թիվ 11 ընտրատարածքում առաջադրված ԵԼՔ դաշինքի պատգամավորության թեկնածու Սոֆիա Հովսեփյանի` Մեծ Մանթաշ համայնքում գտնվող շտաբի պատուհանի ապակիները կոտրվել են, հարակից տարածքում փակցված քարոզչական նյութերը ևս վնասված են գտնվել, տեղեկացնում է ԵԼՔ դաշինքի մամուլի հետ կապերի բաժինը:

«Ժամը 09։37-ին թեկնածուն դիմել է ոստիկանություն։ Նախնական գնահատմամբ պարզվել է, որ պատճառված վնասը կազմում է 40․000 դրամ», - ասված է հաղորդագրությունում:

ԵԼՔ դաշինքը նաև հիշեցնում է, որ քարոզարշավի մեկնարկից սկսած տեղի է ունենում դաշինքին պատկանող գույքի՝ մասնավորապես քարոզչական նյութերի և պաստառների դիտավորյալ ոչնչացում, մասնավորապես՝ Վանաձորում, Երևանում, Արթիկում:

«Նման դեպքերը նպատակ ունեն ոչ միայն նյութական վնաս հասցնել դաշինքին, այլ նաև ստեղծել համընդհանուր վախի մթնոլորտ նախընտրական գործընթացները խաթարելու և ԵԼՔ դաշինքի նախընտրական շտաբերի համար վարձակալության տրվող տարածքների տրամադրմանը խոչընդոտելու համար։ Կոչ ենք անում իրավապահ մարմիններին հետևողական լինել տեղի ունեցած հանցագործության բացահայտման հարցում, իսկ ընտրական գործընթացը վերահսկող դիտորդական կազմակերպություններին՝ հատուկ ուշադրություն հատկացնել այս դեպքերին», - նաև ասված է ԵԼՔ-ի մամուլի հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG