Մատչելիության հղումներ

Փարիզի օդանավակայանում մարդ է սպանվել զինծառայողից զենք խլելու փորձ կատարելիս


Ֆրանսիայի իշխանությունները հաղորդում են, որ Փարիզի Օրլի օդանավակայանում այսօր սպանվել է մի տղամարդ, ով փորձել է զենք խլել զինծառայողից: Ֆրանսիայի մայրաքաղաքի մեծությամբ երկրորդ օդանավակայանից բոլոր թռիչքները վերաուղղորդվել են, քաղաքացիական անձինք էվակուացվել են:

Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան-Իվ լե Դրիանը հայտարարել է, որ տղամարդը, ում ինքնությունը չի բացահայտվում, հարձակվել է Ֆրանսիայի օդուժի կին զինծառայողի վրա, սակայն օդանավակայանում պարեկային ծառայություն իրականացնող երկու այլ զինծառայողներ դիմել են պատասխան գործողության և սպանել հարձակվողին:

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո լե Ռոն ասել է, որ սպանված տղամարդը հայտնի է եղել իշխանություններին և գտնվել է նրանց հսկողության ներքո: Այսօր ավելի վաղ նա նաև կապ է ունեցել Փարիզի ծայրամասերից մեկում ավտոմեքենայի հափշտակության հետ: Գործով այժմ զբաղվում է Փարիզի դատախազության հակաահաբեկչական ստորաբաժանումը:

Ֆրանսիայում շարունակում է ուժի մեջ մնալ արտակարգ իրավիճակը, որը սահմանվել էր 2015 թվականին Փարիզում 130 մարդու կյանք խլած ահաբեկչական հարձակումից հետո:

Ըստ «Ֆրանսպրես» և dpa գործակալությունների

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG