Մատչելիության հղումներ

Սպիտակ տունը բողոքարկում է Թրամփի ներգաղթային հրամանագրի դեմ դատավճիռները


Միացյալ Նահանգների կառավարությունը բողոքարկել է դատարանների որոշումները, որոնցով արգելափակվել է նախագահ Դոնալդ Թրամփի նոր միգրացիոն հրամանագիրը, որը արգելափակում է այցելությունները Իրանից, Սիրիայից, Լիբիայից, Սուդանից, Սոմալիից և Եմենից:

Արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ, մասնավորապես, բողոքարկել է Մերիլենդի շրջանային դատարանի որոշումը, որով կասեցվել էր ԱՄՆ նախագահի մարտի 6-ին հրապարակված հրամանագիրը՝ հիմնականում մահմեդական բնակչություն ունեցող վեց պետություններից ներգաղթը ժամանակավորապես արգելելու մասին: Մերիլենդի դատարանի որոշումը, մասնավորապես, կասեցրել էր տվյալ երկրներից փախստականների ներգաղթի արգելափակումը 4 ամսով:

Ի տարբերություն Մերիլենդի դատարանի՝ Հավայի նահանգի շրջանային դատարանը ավելի խիստ է գտնվել, ամբողջությամբ արգելափակելով հրամանագիրը:

Թրամփի հրամանագրի դեմ դատական գործընթաց է ընթանում նաև Վաշինգտոն նահանգի շրջանային դատարանում, սակայն գործով վճիռ առայժմ չի կայացվել: Հիշեցնենք՝ հենց Վաշինգտոնի դատարանն էր կասեցրել Թրամփի նախկին՝ հունվարին հրապարակված հրամանագիրը: Հունվարյան հրամանագրում, բացի վերոհիշյալ վեց երկրներից ներառված էր նաև Իրաքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG