Մատչելիության հղումներ

Դատարանն այսօր Շիրխանյանին վերաբերող միջնորդություն ընդունեց վերջինիս բացակայությամբ


Վահան Շիրխանյան, արխիվ

Վահան Շիրխանյան, արխիվ

Փաստաբանները դատավոր Արմեն Բեկթաշյանին փորձում էին համոզել, որ այդպիսով խախտվում է դատական ընթացակարգը, բայց ապարդյուն:

4 ամիս շարունակ ձգձգվող` Նորքի զինված խմբի գործով դատական նիստն այսօր վերջապես կայացավ, բայց, ըստ փաստաբանների՝ օրենսդրության միանգամից մի քանի կետերի խախտումներով:

Գլխավոր մեղադրյալներից մեկի՝ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի բացակայությամբ դատարանը բավարարեց նրան վերաբերող միջնորդությունը: Մեղադրող դատախազ Գևորգ Սարգսյանը դատարանից պահանջեց բժշկական փորձաքննություն նշանակել՝ պարզելու, թե ինչու՞ է Շիրխանյանը նիստերից բացակայում: Դատախազը նաև ընդգծեց, թե ինչ հարցեր պետք է ուղղվեն փորձագետներին:

«Վահան Շիրխանյանը ներկայումս տառապու՞մ է արդյոք դատական քննությանը վերջինիս մասնակցությանը խոչընդոտող որևէ հիվանդությամբ: Եթե այո, ապա կոնկրետ ի՞նչ հիվանդությամբ, երկրորդ՝ եթե առկա հիվանդությունը խոչընդոտում է դատական քննությանն ամբաստանյալի մասնակցությանը, ապա հիվանդությունը ենթակա՞ է արդյոք բուժման»,- հարցերը թվարկեց դատախազը:

Վահան Շիրխանյանի փաստաբան Հայկ Ալումյանն ուղղեց դատախազին՝ «Ո՞վ ասեց, որ ինքը դատական նիստին չի կարողանում մասնակցել, ո՞րտեղից դա հորինեցիք: Ակնհայտ անհիմն միջնորդություն է, հետապնդում է ինձ համար անհայտ նպատակներ: Մեղադրողն ասում է, որ դատական նիստն անհարկի ձգձգվում է ու անում է մի միջնորդություն, որը միտված է այդ դատավարոթյունն էլ ավելի ձգձգելուն: Ես ասում եմ՝ մի պատգարակ, կամ սայլակ չկա՞ր, որ էդ մարդուն բերեն դատարան»,- Ասաց Ալումյանը:

Մեղադրող դատախազը պնդեց՝ իր միջնորդությունը բխում է նաև գործով անցնող 20 մեղադրյալների շահերից, ու ընդգծեց՝ ինքը ոչ մի սխալ բառ չի կիրառել: Դատախազի խոսքերը զայրացրեցին Ալումյանին․ «Փորձ չանեք ուրիշ ամբաստանյալներին տրամադրել իմ պաշտպանյալի դեմ, փորձ չանեք՝ մեկին մյուսի դեմ տրամադրելով, ինչ-որ օգուտներ քաղել»,- ասաց նա: Մեղադրյալներից մեկի փաստաբան՝ Հովիկ Արսենյանը նույնպես վրդովվեց դատախազի ներկայացրած միջնորդությունից: Ասաց՝ այդ նույն միջնորդությունն ինքն էր ժամանակին դատարանին ներկայացրել, սակայն դա այն ժամանակ անտեսվել էր՝ ընթացակարգը չխախտելու պատճառաբանությամբ։

Փաստաբանները դատավոր Արմեն Բեկթաշյանին փորձում էին համոզել, որ այդպիսով խախտվում է դատական ընթացակարգը՝ նախքան միջնորդություններին անցնելը, նախ պետք է դատական նիստի մասնակիցները ներկայանային: Բայց ապարդյուն՝ միջնորդությունն ընդունվեց: Շիրխանյանի փաստաբան Հայկ Ալումյանի գնահատմամբ՝ սա «օրենսդրության խախտումներով, ազատ ոճով դատական նիստ էր»: Այն հետաձգվեց անորոշ ժամանակով:

Հիշեցնենք՝ 2015-ի նոյեմբերին ԱԱԾ-ի կողմից Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբավորման գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 33 անձի: Ամբաստանյալի կարգավիճակում գտնող 20 անձանցից 12-ը գտնվում են կալանքի տակ, 5-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ 3-ի նկատմամբ կիրառվել է գրավի դիմաց ազատ արձակելը: Ըստ ԱԱԾ-ի՝ Արթուր Վարդանյանի ստեղծած հանցավոր խումբը նպատակ է ունեցել բռնություն գործադրելու սպառնալիքով Հայաստանում իշխանություն յուրացնել:

XS
SM
MD
LG