Մատչելիության հղումներ

Հանդիպում են Ամերիկայի ու Եվրոպայի երկու ամենահզոր լիդերները


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, արխիվ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, արխիվ:

Գերմանիայի ղեկավարը հայտարարել է, թե անհամբերությամբ և հետաքրքրությամբ է սպասում ԱՄՆ-ի նորընտիր նախագահի հետ հանդիպմանը:

Առևտուր, միջազգային հարցեր և իհարկե՝ Պուտին

Այսօր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն առաջին անգամ կհանդիպի անցյալ տարվա նոյեմբերին ԱՄՆ-ի նախագահ ընտրված Դոնալդ Թրամփին:

Այցը նախատեսված էր դեռ մարտի 14-ին, սակայն, վերջին պահին՝ երբ Մերկելն արդեն ուղևորվում էր օդակայան, Թրամփն անձամբ զանգահարել և խնդրել է ճամփորդությունը հետաձգել, ասելով, որ արևելյան նահանգներում անսպասելի հզոր ձնաբուք է սկսվել:

Գերմանիայի ղեկավարը Saarbruecker Zeitung պարբերականին ասել է, որ անհամբերությամբ և հետաքրքրությամբ է սպասում այսօրվա հանդիպմանը նորընտիր նախագահի հետ: Մերկելը Թրամփի հետ քննարկելու է առևտրին և միջազգային խնդիրներին, մասնավորապես՝ Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի վարած քաղաքականությանն առնչվող հարցեր:

Կանցլերի պաշտոնն արդեն 12 տարի զբաղեցնող Մերկելը սերտ համագործակցել է Միացյալ Նահանգների նախկին նախագահներ Ջորջ Բուշ-կրտսերի և Բարաք Օբամայի հետ: Օբաման Մերկելին նույնիսկ անվանել է «Ամերիկայի ամենամերձավոր միջազգային դաշնակիցը»:

Մինչդեռ, Թրամփը նախընտրական շրջանում հակասական գնահատականներ է հնչեցրել: 2015 թվականի դեկտեմբերին նա «Թվիթեր»-ում գրել է, թե «Մերկելն ավերում է Գերմանիան», բայց հենց 2015-ին «Time» հանդեսին ասել է, թե «Մերկելը, հավանաբար, այսօրվա քաղաքական ասպարեզում ամենամեծ առաջնորդն է»:

«Ուզում եք մրցել՝ արտադրեք ավելի լավ ավտոմեքենաներ»

«America first» նշանաբանն առաջ տանող Թրամփը սպառնացել է 35 տոկոսի հարկ սահմանել դրսից ներմուծվող մեքենաների վրա: Հունվարին նա դժգոհությամբ ասել էր՝ «Երբ Նյու Յորքի 5-րդ պողոտայով ես քայլում, ամեն դռան մոտ Mercedes-Benz ես տեսնում, իսկ քանի՞ ամերիկյան մեքենա կտեսնես Գերմանիայում»:

Այդ կշտամբանքին Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Զիգմար Գաբրիելն իր հայրենակիցներին բնորոշ սառնասրտությամբ է արձագանքել: «Եթե ընտրյալ նախագահ Թրամփը ցանկանում է, որ ամերիկյան ավտոմեքենաները մրցեն BMW-ների կամ Mercedes-Benz-երի հետ, ուրեմն ամերիկացիները պետք է պարզապես ավելի լավ մեքենաներ արտադրեն»,- ասել է Գաբրիելն, ով ներկայումս արդեն զբաղեցնում է Գերմանիայի արտաքին գործոց նախարարի պաշտոնը:

Անդրադառնալով գերմանա-ամերիկյան հնարավոր «առևտրային պատերազմին», Մերկելն ասել է․ «Երկու երկրները շահում են, երբ արդար եղանակով սերտ համագործակցում են»:

Ամերիկացիները սրտնեղում են, որ փոխադարձ առևտրում գերմանական կողմն ունի հստակ պրոֆիցիտ, սակայն, Մերկելը պնդում է, որ Գերմանիան հսկայական ուղիղ ներդրումներ է արել ԱՄՆ-ում: «BMW-ի ամերիկյան գործարաններն արտահանում են ավելի շատ մեքենաներ, քան GM-ը և Ford-ը միասին վերցրած, ես դա անպայման կփոխանցեմ նախագահին»,- ասել է Մերկելը:

Սառնասիրտ գերմանուհու և հախուռն ամերիկացու հանդիպում

Երկու լիդերները շատ են տարբերվում: Ինչպես «Ասոշիեյթեդ Պրես»-ի մեկնաբան Դեյվիդ Ռեյզինգն է նշում, զուսպ, վստահ և հավասարակշռված կեցվածքով հայտնի, փորձառու ղեկավար Մերկելը կհանդիպի միջազգային քաղաքական ասպարեզում մեծ փորձառություն չունեցող միլիարդատեր Թրամփին, ով հայտնի է սկանդալային պահերի հանգեցրած ոչ դիվանագիտական հայտարարություններով կամ «Թվիթեր»-ում արած հախուռն գրառումներով:

Այդ երկու՝ առաջին հայացքից շատ տարբեր լիդերների անդրանիկ հանդիպումը կարող է բավական հետաքրքիր դինամիկա հաղորդել գլոբալ զարգացումներին: Վերլուծաբանները ենթադրում են, որ նախագահի և կանցլերի հանդիպումը առճակատման մթնոլորտում չի անցնի, քանի որ Ամերիկայի և Եվրոպայի երկու առավել հզոր ղեկավարները նախևառաջ համագործակցության եզրեր են փնտրելու:

Մաչոները եկել գնացել են, Մերկելը մնացել է անդրդվելի

«Արտաքին հարաբերությունների գերմանական խորհուրդ» անվամբ անկախ վերլուծական կենտրոնի փորձագետ Սյուլք Թեմփելի փոխանցմամբ, Մերկելը վաղուց ապացուցել է, որ առանց վարանելու և երկյուղելու բանակցում է այսպես կոչված «մաչոների»՝ ուժեղ տղամարդ-առաջնորդների հետ, և բնավ չի զիջում:

«Այդպես առավելության հասնելու փորձ են արել Էրդողանը, Պուտինը, այլ լիդերներ, արդյունքը հստակ է՝ փորձերը ձախողվել են: Մերկելն ունի անսահման համբերություն և ինքնավստահություն, նա այն ղեկավարներից է, ով կասի, «տեսել եմ մաչոներ, որ եկել-գնացել են, տեսել եմ տղամարդկանց, ովքեր լիքը սխալներ են գործել», նա չի ընկրկի»,- հայտարարել է փորձագետ Թեմփելը:

Ըստ Saarbruecker Zeitung-ի, կանցլեր Անգելա Մերկելն արդեն պատրաստ է հանդիպել նախագահ Դոնալդ Թրամփի հետ: «Միշտ ավելի լավ է խոսել միմյանց հետ, քան խոսել միմյանց մասին»,- ասել է կանցլերը, ով հստակ կազմված օրակարգով է մեկնում Վաշինգթոն:

Մերկելից լավ Պուտինին Արևմուտքում ոչ ոք չգիտի

Այսօրվա հանդիպման թեմաներից մեկը կլինի Արևմուտքի դիրքորոշումը Ռուսաստանի հարցում: Այդ առումով Թրամփի համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում Մերկելի տեսակետը:

«Եթե Արևմուտքում հիմա կա մեկը, ով շատ լավ գիտի Պուտինի մտածելակերպը և հոգեբանությունը և այդ ամենի հետ հանդերձ կոշտ է ռազմավարական հարցերում, դա Մերկելն է»,- ասել է Brookings-ի վերլուծական կենտրոնի ավագ փորձագետ Կոնստանց Շտելցենմյուլերը: Ուշագրավ է, որ այս տարվա մայիսի 2-ին Մերկելը կմեկնի նաև Մոսկվա, որտեղ կհանդիպի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG