Մատչելիության հղումներ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է մարդու իրավունքների պաշտպանին


Գարեգին Բ, արխիվ
Գարեգին Բ, արխիվ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ, հանդիպմանը Վեհափառ Հայրապետը կարևորել է մարդու իրավունքների պաշտպանի առաքելությունը` բարձրորեն գնահատելով այն աշխատանքը, որ իրականացվում է հասարակական կյանքի տարբեր ոլորտներում տեղ գտնող խնդիրների արդարացի լուծման գործում: Այս համատեքստում Նորին Սրբությունն անդրադարձ է կատարել հայ հոգևորականների բերած հոգեխնամ ծառայությանը հասարակական կյանքի տարբեր ոլորտներում, մասնավորապես` Հայաստանի Զինված ուժերում, հիվանդանոցներում և քրեակատարողական հիմնարկներում` ի նպաստ նաև այդ կառույցներում գտնվող մարդկանց իրավունքների պաշտպանության:

Իր հերթին Արման Թաթոյանը, խոսելով ազգային արժեքների ու ավանդույթների պահպանման, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության գործում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առաքելության մասին, կարևորել է վերջինիս և մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի միջև գործակցությունը:

Զրույցի ընթացքում խոսվել է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող խնդիրների և դրանց հաղթահարման ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին:

Վերջում Նորին Սրբությունը մարդու իրավունքների պաշտպանին մաղթել է Աստծու զորակցությունը դժվարին իր առաքելության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG