Մատչելիության հղումներ

ԱՄՆ նախագահը հայտարարել, որ մտադիր է դատարանի որոշման դեմ պայքարել մինչև վերջ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի միգրանտների մուտքը սահմանափակող երկրորդ հրամանագիրը ևս արգելափակվեց: Այն պետք է ուժի մեջ մտներ մարտի 16-ից, սակայն կեսգիշերից ժամեր առաջ Հավայի նահանգի դաշնային դատավոր Դարեկ Ուոթսոնը որոշում ընդունեց սառեցնել այն: Որոշումը վերաբերում է ամբողջ Ամերիկային: Դատավորը գտավ, որ հրամանագիրը հակասում է սահմանադրությանը, բացի այդ անուղղելի վնասներ կհասցնի Հավայի նահանգին ու քաղաքացիներին: Դատարան էին դիմել ոչ կառավարական կազմակերպությունները:

Նահանգի իշխանությունները՝ նահանգապետը, գլխավոր դատախազը, ինչպես նաև Օրեգոնի գլխավոր դատախազը ողջունել են դատավորի որոշումը:

Դոնալդ Թրամփը խստորեն քննադատել է այդ որոշումը ու հայտարարել, որ մտադիր է դատարանի որոշման դեմ պայքարել մինչև վերջ, ընդհուպ մինչև Գերագույն դատարան: Չորեքշաբթի օրը ելույթ ունենալով Թենեսի նահանգի Նեշվիլ քաղաքում անցկացված հանրահավաքում՝ Դոնալդ Թրմափն ասել է, թե շատերի կարծիքով այդ որոշումը դատական իշխանության լիազորությունների աննախադեպ գերազանցում է:

«Մենք պատրաստվում ենք հաղթել իրավական պայքարում, հարկ եղած դեպքում կդիմենք Գերագույն դատարան», - ասել է նա նշելով. - «Օրենքը և Սահմանադրությունը նախագահին իրավունք են վերապահում դադարեցնել իմիգրացիան, երբ նա գտնում է, որ դա է պահանջում երկրի շահը»:

Նա պնդել է, որ հրամանագրի նպատակը ԱՄՆ-ի քաղաքացիների անվտանգությունը ապահովելն է, երկիրը հեռու պահելը ահաբեկչական հարձակումներից, իսկ դատավորի որոշումը թուլացնում է Ամերիկան:

Հունվարի 27-ին արձակված առաջին հրամանագրի սառեցումից հետո Սպիտակ տունը վերամշակել էր փաստաթուղթը, Իրաքը հանվել էր մահմեդական յոթ երկրների ցանկից, ում քաղաքացիների ու փախստականների մուտքը Միացյալ Նահանգներ նախատեսվում էր 90 օրով արգելել:

Երկրորդ հրամանագիրը արձակվել է մարտի 6-ին, այն արդեն վերաբերում է մահմեդական վեց երկրի՝ Իրանի, Սիրիայի, Սուդանի, Սոմալիի, Լիբիայի և Եմենի քաղաքացիներին: Հրամանագիրը ուժի մեջ էր մտնելու այսօր, սակայն նախկին նախագահ Բարաք Օբամայի կողմից նշանակված դատավոր Դարեկ Ուոթսոնը ոչ միայն արգելափակել, այլև խիստ քննադատել է այն: Դատավորը վիճահարույց է համարել հրամանագրի նպատակը՝ ազգային անվտանգության ապահովման ապացույցները՝ նշելով, որ խախտվել է ԱՄՆ-ի Սահմանադրության դրույթը կրոնական խտրականության բացառման մասին: Պնդելով, որ հրամանագրում տեղ են գտել հակամահմեդական ձևակերպումներ, դատավորը մեջբերում է արել Թրամփի 2016-ի գարնանը տված մի հարցազրույցից, որտեղ վերջինս ասել էր. - «Կարծում եմ Իսլամը ատում է մեզ»:

Հավային միակ նահանգը չէ, որտեղ Թրամփի հրամանագրի դեմ հայցեր են ներկայացվել: Մի շարք նահանգների դատարաններում ևս Թրամփի երկրորդ հրամանագիրը վիճարկվում է: Մերիլենդի ու Վաշինգտոնի դատարաններում մարտի 15-ին լսումներ են տեղի ունեցել և ակնկալվում է նրանց որոշումների հրապարակումը:

ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը պաշտպանել է երկրի նախագահին՝ դատավոր Դարեկ Ուոթսոնի որոշումը համարելով թերի՝ դատողությունների և եզրակացությունների առումով: Արդարադատության նախարարությունը պնդել է, որ դատավորը պատշաճ վերաբերմունք չի ցուցաբերել ազգային անվտանգության հարցերում նախագահի իրավական լայն իշխանությանը և հայտարարել է, որ արդարադատության դեպարտամենտը կշարունակի պաշտպանել հրամանագիրը դատարաններում:

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայանը ասել է, թե հրամանագրով նախատեսված արգելքների նպատակն է կանխել ահաբեկչական հարձակումները, ինչպես նաև բարելավել Միացյալ Նահանգներ մտնող մարդկանց ինքնության ստուգումները: Նա ասել է, թե կասկած չունի, որ ի վերջո բարձրագույն դատարանները կպաշտպանեն հրամանագիրը:

Նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագրի իրականացումը արգելափակող դատավոր Դարեկ Ուոթսոնի որոշումը ժամանակավոր բնույթ ունի, մինչ մյուս կողմի՝ նոր հիմնավորումներ ու ապացույցներ ներկայացնելը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG