Մատչելիության հղումներ

Նիդերլանդներում կայացած ընտրություններում ազգայնականներին չհաջողվեց հաղթանակ արձանագրել


Նիդերլանդներ - Վարչապետ Մարկ Ռյուտեն աջակիցների հետ հանդիպման ժամանակ, Հաագա, 15-ը մարտի, 2017թ․
Նիդերլանդներ - Վարչապետ Մարկ Ռյուտեն աջակիցների հետ հանդիպման ժամանակ, Հաագա, 15-ը մարտի, 2017թ․

Չնայած վերջին շաբաթներին հնչող բոլոր մտավախություններին՝ Նիդերլանդներում երեկ կայացած խորհրդարանական ընտրությունները ազգայնականների և պոպուլիստների հաղթարշավի չվերածվեցին: Քվեարկության նախնական արդյունքների համաձայն՝ թեև Գերտ Վիլդերսի ղեկավարած ազգայնական Ազատության կուսակցությունը ընդլայնեց իր ներկայությունը հոլանդական խորհրդարանի ստորին պալատում, այնուհանդերձ, մեծամասնություն են կազմելու ազատական և աջ-կենտրոնամետ քաղաքական ուժերը` գործող վարչապետ Մարկ Ռյուտեի Ազատության և ժողովրդավարության ժողովրդական կուսակցության գլխավորությամբ:

«Տեսե՛ք, թե ինչ երեկո է: Քաղաքական կանխատեսումների սուր զգացողությունն ինձ հուշում է, որ մեր կուսակցությունը երրորդ անգամ անընդմեջ դառնում է Նիդերլանդների առաջատար քաղաքական ուժը: Սա նաև այն երեկոն է, երբ Նիդերլանդների ժողովուրդը` «Բրեքզիթ»-ից և ամերիկյան ընտրություններից հետո, իր հստակ բացասական վերաբերմունքն արտահայտեց պոպուլիզմի հանդեպ», - քվեարկության նախնական արդյունքների հրապարակումից հաշվված րոպեներ անց հայտարարում էր Մարկ Ռյուտեն:

Նկատենք, սակայն, որ Ռյուտեի կուսակցությունը 2012-ին կայացած ընտրությունների համեմատ 8 մանդատ կորցրեց՝ 41-ի փոխարեն այն 33 պատգամավոր կունենա: Գերտ Վիլդերսի կուսակցությունը, հակառակը, խորհրդարանական խմբակցության անդամների թիվը կարողացավ 15-ից հասցնել 20-ի: Սա էր թերևս պատճառը, որ չնայած կրած պարտությանը՝ հոլանդացի ազգայնականների առաջնորդը անցած գիշեր բավական բարձր տրամադրություն ուներ:

«Ես հակված եմ շարունակելու պայքարը: Մենք այս ընտրությունների հաղթողներից մեկն ենք: Ցավալի է, որ դա մեզ չհաջողվեց, սակայն տեղի ունեցածը նաև պարտություն չէր: Մենք ստացանք մեր 4 կամ 5 հավելյալ մանդատները և պետք է հպարտանանք այս արդյունքով», - հայտարարում էր Վիլդերսը:

Հիշեցնենք, որ հոլանդացի ազգայնականների նախընտրական երկու կարգախոսներն էին՝ պայքարը երկրում իսլամի տարածման դեմ ու այսպես կոչված «Նեքզիթ»-ը` Եվրամիությանը Նիդերլանդների անդամակցության դադարեցումը:

Վերլուծաբանների զգալի մասի կարծիքով, ի դեպ, Թուրքիայի և Նիդերլանդների հարաբերություններում ծագած ճգնաժամը զգալիորեն հարվածեց Գերտ Վիլդերսի կուսակցության դիրքերին: Այն բանից հետո, երբ ընտրարշավի վերջին փուլում վարչապետ Ռյուտեն բավական կոշտ դիրքորոշում որդեգրեց Անկարայի հանդեպ, ազգայնական ընտրազանգվածի տատանվող հատվածի մի մասը որոշեց քվեարկել իշխող կուսակցության օգտին:

Եվրամիության առաջատար պետությունների ղեկավարների շրջանում Նիդերլանդներում կայացած ընտրությունների արդյունքները միանշանակ գոհունակություն են առաջացնում: Այսօր առաջինը ընտրությունների արդյունքները ողջունեց Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը:

«Ես շատ ուրախ եմ, որ ընտրողների մասնակցության բարձր ցուցանիշի պայմաններում մեր հարևան, բարեկամ Նիդերլանդներում ընտրությունների այդպիսի եվրոպամետ արդյունք արձանագրվեց: Սա հստակ մի ահազանգ էր, որ մենք ստացանք Թուրքիայից Նիդերլանդների հասցեին հնչեցվող մեղադրանքների ֆոնին: Հիշեցնեմ, ի դեպ, որ մենք այդ ճգնաժամի ընթացքում մեր միանշանակ համերաշխությունը հայտնեցինք հոլանդացիներին», - հայտարարեց Մերկելը:

Ի տարբերություն եվրոպացիների, Թուրքիայի քաղաքացիների շրջանում հոլանդական ընտրությունների արդյունքները մեծ ոգևորություն չեն առաջացրել: Թուրքիայի բնակիչներից շատերի համոզմամբ՝ Նիդերլանդների գործող վարչապետի հաղթանակը նշանակում է, որ Հաագայի և Անկարայի հարաբերություններում մոտ ապագայում դրական տեղաշարժեր չեն լինի:

«Հոլանդիայի վարչապետը մեր արտգործնախարարին թույլ չտվեց, որպեսզի նա մուտք գործի իր երկիր: Այդ ռասիստական գործելաոճը հետագայում ևս շարունակվելու է: Կարծում եմ՝ այդ ընտրությունների արդյունքները վկայում են, որ Նիդերլանդների նման քաղաքականությունը Թուրքիայի հանդեպ շարունակվելու է», - նշում էր Ստամբուլի փողոցներում Reuters-ի կողմից անցկացված հարցման մասնակիցներից մեկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG