Մատչելիության հղումներ

«Գազպրոմ»-ը ծրագրում է ավելացնել Հրազդանի ՋԷԿ-ի ներուժի օգտագործումը


Հրազդանի ՋԷԿ-ը, արխիվ

Հրազդանի ՋԷԿ-ը, արխիվ

«Գազպրոմ»-ը նախատեսում է ավելացնել Հայաստանի Հրազդանի ջերմաէլեկտրակայանի ներուժի օգտագործումը: Այդ պլանները կապված են Իրանի հետ արդեն գոյություն ունեցող էներգետիկ ծրագրերի ընդլայնման հեռանկարի հետ:

Նախօրեին Կրեմլում կայացած հայ-ռուսական բարձր մակարդակի բանակցություններից հետո «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը լրագրողներին ասել է․ - «Մենք հայկական շուկայում տեսնում ենք աշխատանքի էֆեկտիվության բարձրացման ներուժ՝ կապված Հրազդանի ջերմաէլեկտրակայանի 5-րդ բլոկի արտադրած էլեկտրաէներգիան իրանական գազի հետ փոխանակելու գործարքի հետ»:

Նա նշել է, որ 2018 թվականին Հայաստանը պլանավորում է կառուցել բարձրավոլտ էլեկտրափոխանցման գիծ, որը թույլ կտա փոխանակման գործարքով էլեկտրաէներգիա արտահանել իրանական շուկա:

Միլլերը հայտնել է, որ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկի արդիականացման աշխատանքները ավարտվել են:

«Գազպրոմ»-ը նաև մեծացրել է Աբովյանի ստորգետնյա պահեստարանի ծավալները: «2016-17 ձմռան սեզոնի համար ռեկորդային ծավալի՝ ավելի քան 141 միլիոն խորանարդ մետր գազ էր պահեստավորվել», - նշել է Միլլերը՝ շարունակելով, որ կայանի պահեստավորման հնարավորություններն ավելացել են՝ հասնելով 160 միլիոն խորանարդ մետրի, իսկ դա նշանակում է, որ աշնան և ձմռան ամիսների համար Հայաստանը արդեն անհրաժեշտ քանակի երաշխավորված պահեստավորված գազ կունենա:

Ալեքսեյ Միլլերը նաև ասել է, որ «Գազպրոմ»-ը Հայաստանի գազի բնագավառի զարգացման գլխավոր պլան է մշակել մինչև 2030 թվականի համար, որն արդեն ներկայացվել է երկրի կառավարությանը:

Նա ընդգծել է, որ «Գազպրոմ»-ը Հայաստանին հուսալի գազամատակարարում է ապահովում՝ չնայած ուղիղ գիծ չկա, և գազը տարանցմամբ Վրաստանի տարածքով է մատակարարվում Հայաստան:

Գազի գնի հետ կապված՝ Միլլերն ասել է, որ Հայաստանի համար վառելիքը ներկայումս վաճառվում է հազար խորանարդ մետրը 150 դոլարով:

«Անցյալ տարի դեկտեմբերին մենք Հայաստանի կառավարության հետ բանակցություններում հնարավոր գտանք 2017-ին պահպանել գնի արտոնյալ մակարդակը: Մենք նաև համաձայնության եկանք, որ Հայաստանը սպառողների համար կիջեցնի ներքին տարիֆը», - ասել է «Գազպրոմ»-ի ղեկավարը:

Նշենք, որ 2017-ը Հայաստանում խորհրդարանական ընտրությունների տարի է, այն վճռորոշ նշանակություն ունի երկրի ապագա կառավարման գործում, քարոզարշավն արդեն եռուն շրջանի մեջ է, Հայաստանի վարչապետը «Գազպրոմ»-ի նախկին բարձրաստիճան պաշտոնյա է:

XS
SM
MD
LG