Մատչելիության հղումներ

Հանրապետական կուսակցության քարոզարշավն այսօր շարունակվեց աշխատանքային օրվա ավարտին՝ մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանում:

Վարչապետ Կարեն Կարապետյանը Մանկապատանեկան ստեղծագործության շենքում ընտրողների հետ հանդիպմանը նախընտրեց հարց ու պատասխանի ձևաչափը:

Հարցերից մեկը, օրինակ, վերաբերում էր, ասենք, հյուրանոցների անվանումների հայատառ գրություններին․ - «Մայրենի լեզվի պահպանությունը, որ ազգային անվտանգության խնդիր է, գտնվում է Ձեր ուշադրության և մեր Հանրապետական կուսակցության ուշադրության կենտրոնում: Որովհետև նախընտրական ծրագրով կա նաև մեկ կետ՝ մայրենի լեզվի հետ կապված»:

Վարչապետն արձագանքեց․ - «Ձեր առաջին հարցից ես հասկացա, որ ու Դուք արդեն կողմնորոշվել եք և գիտեք Ձեր ձայնը ում եք տալու»:

Վարչապետին դիմեցին Էրեբունի վարչական շրջանում եկեղեցի կառուցելու պահանջով:

ՀՀԿ-ի համապետական ցուցակում ընդգրկված Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեցին կուսակցության նախընտրական ծրագրի որոշ դրույթներ: Արփինե Հովհաննիսյանն ընդգծեց, թե իրենց ծրագիրն իրատեսական է:

Նրա խոսքով՝ շատ կուսակցություններ կարող են հայտարարել, թե թոշակները կբարձրացնեն, հարկերից կազատեն, սակայն իրենք վստահաբար հայտարարում են, որ դա հնարավոր չէ․ - «Այն, ինչ որ ասում ենք, հստակ գիտենք ինչպես ենք անելու: Վստահ եղեք դրանում: Հետևաբար, երբ ապրիլի 2-ին կգանք խորհրդարանական ընտրությունների՝ կատարելու ձեր քաղաքացիական պարտքը, հիշեք այս հորդորը, ընտրեք այն քաղաքական ուժին, որը վստահ եք, որ կատարելու այն, ինչ ասել է, ընտրեք այն թեկնածուին, որի իրատեսական ծրագրին դուք կհավատաք»:

Տարոն Մարգարյանն ասաց․ - «Մեր Հանրապետականի ռեյտինգային թեկնածուներին բոլորդ եք ճանաչում: Իրենք հարգված, ընդունված մարդիկ են ոչ միայն Էրեբունիում, այլ ամբողջ Երևան քաղաքում: Մենք մեր թիմի հետ միասին պետք է ունենանք մեծ ձեռքբերումներ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG