Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր պատգամավոր Զարուհի Փոստանջյանի նախաձեռնությամբ այսօր ձևավորվեց «Երկիր ծիրանի» կուսակցությունը։

Փոստանջյանն այսօր նորաստեղծ կուսակցության հիմնադիր համագումարում հայտարարեց․ - «Քաղաքական այս ուժի կարգախոսը լինելու է՝ «Դեպի Արարատ»: Եվ բացի այդ, ծրագրի հենց նախաբանը ներառում է մեր սիրելի գրող Րաֆֆիի «Կայծեր»-ից մի փոքր դրվագ, որը փիլիսոփայությունն է, թե ինչպես մենք պետք է կազմակերպենք մեր կյանքը: Իսկ մեր կյանքը մենք պետք է կազմակերպենք միայն և միայն հենվելով մեր ուժերի վրա: Որևիցե մեկը մեր տեղը մեր կյանքը չի գալու կազմակերպելու»:

«Ազատության» հարցին, թե արդյոք կհասցնեն մասնակցել մայիսին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին, վերջերս «Ժառանգություն»-ից հեռացած Փոստանջյանը պատասխանեց․ ֊ «Ես չեմ կարծում, որ այս պահին պետք է այդ մասին խոսենք, որովհետև վաղ է այդ մասին խոսելը: Բայց պետք է նշեմ, որ բոլոր քաղաքական գործընթացների մենք մասնակիցն ենք լինելու»:

Փոստանջյանը, առանց անուններ նշելու, ասաց, որ նորաստեղծ կուսակցությանն անդամագրվելու են նաև «Ժառանգության» անդամներ:

Համագումարի իր ելույթում Զարուհի Փոստանջյանը նշեց, որ իշխանափոխության են գնալու՝ թավշյա հեղափոխություն իրականացնելու նպատակով։

Նա հիշատակեց նաև ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը անցած ամռանը գրաված եւ այժմ բանտում գտնվող «Սասնա ծռերի» ներկայացուցիչներին։

Ասաց, որ հայաստանյան ներքաղաքաղական կյանքին մասնակից են դարձնելու նաև սփյուռքահայերին՝ առանց անուններ հնչեցնելու․ - «Ես չեմ կարող հիմա անուններ հնչեցնել, քանի որ մենք դեռ պաշտոնապես չունենք մեր ներկայացվածությունը: Հենց որ արդեն պաշտոնապես ներկայացված կլինենք, ապա դուք այդ մասին նույնպես կիմանաք, և իրենց անունները նույնպես ձեր համար հայտնի կլինեն: Հայտնիներն էլ կլինեն, ոչ հայտնիներն էլ կլինեն, բայց յուրաքանչյուրը իր բնագավառում իհարկե հայտնի կլինի»:

Նրա խոսքով՝ հասնելու են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միավորմանը։

Ընդդիմադիր գործիչը փոխանցեց, որ «Երկիր ծիրանի»-ի նախագահին կընտրեն կուսակցության առաջիկա համագումարում:

XS
SM
MD
LG