Մատչելիության հղումներ

Տնտեսագետը հակադարձում է վարչապետին․ Գազի այս սակագնով «մեզ կողոպտում են»


Վահագն Խաչատրյան, արխիվ

Նորք Մարաշ համայնքում քարոզչություն իրականացնող վարչապետը երեկ առաջարկել էր՝ եթե որևէ մեկը գիտի, թե ինչպես նվազեցնել գազի ու էլեկտրաէներգիայի սակագները, թող հրապարակավ ասի:

«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի պատգամավորի թեկնածու, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը պնդում է, որ գազի և էլեկտրաէներգիայի գործող սակագների չափը հիմնավորված չէ: «Մեզ ուղղակի կողոպտում են Հայաստանի իշխանությունները, «Գազպրոմ»-ի ներկայացուցիչների հետ մեկտեղ, էլեկտրացանցի ներկայացուցիչների հետ մեկտեղ։ Ամեն օր ուղղակի գրպանահատությամբ են զբաղվել»,- ասում է տնտեսագետը:

Սակագնային քաղաքականությունը վերանայելու՝ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականից հետո գազի 1 խորանարդ մետրի արժեքը տարեսկզբին նվազեց 7 դրամով, էլեկտրաէներգիայինը՝ 1 դրամ 22 լումայով: Նորք Մարաշ համայնքում քարոզչություն իրականացնող վարչապետը երեկ առաջարկեց՝ եթե որևէ մեկը գիտի՝ ինչպես նվազեցնել գազի ու էլեկտրաէներգիայի սակագինը, թող հրապարակավ ասի:

«Դուք չեք կարող բերել փաստարկ, թե ինչու մենք դա պիտի չուզենանք: Ո՞ր տրամաբանությունից ելնելով, եթե մենք հնարավորություն ունենք այն [սակագինը] իջեցնելու, մենք դա չենք անում: Բոլոր մնացած փաստարկները, կարծում եմ, շատ դեպքերում պոպուլիստական են, ոչ իրատեսական»,- ասել էր վարչապետը:

«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի նախընտրական ծրագրում գազի ու էլեկտրաէներգիայի սակագները 25 տոկոսով նվազեցնելու խոստում կա, սակագների հաստատման մեթոդաբանության փոփոխության, կորուստների ու անարդյունավետ ծախսերի կրճատման միջոցով։ Վահագն Խաչատրյանի պնդմամբ, իշխանությունը շահագրգռված չէ գների իջեցմամբ: Ըստ նրա, վերջին 3 տարիներին գազի համաշխարհային գները նվազել են 3,5 - 4 անգամ, բայց ոչ՝ հայաստանցի սպառողի համար:

«Եթե գինն իջեցնում են, ըստ էության, այդ համակարգից գանձվող հարկերը պակասում են, այսինքն՝ բյուջեն պրոբլեմների առջև է կանգնում: Էնպես որ, եթե հարց են դնում՝ ինչու՞ կառավարության անդամները շահագրգիռ պետք է չլինեն, ես ձեզ ասում եմ՝ շահագրգիռ պետք է չլինեն, որովհետև պետբյուջեի եկամուտները պակասելու են: Բայց քանի որ ավելի երկար հաշվարկելու ընդունակություն չունեն էդ մարդիկ․․․ այսինքն՝ էս պահին տուժում ենք, էս պահին բյուջե փող չի մտնում, բայց, երկարաժամեկտ առումով՝ 6 ամիս կամ 1 տարի հետո, դուք բիզնեսում աշխուժություն եք ունենում»,- ասում է Խաչատրյանը:

«Գազպրոմ»-ում տարիներ շարունակ բարձր պաշտոններ զբաղեցրած վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ մանրամասն բացատրեց, թե իչպես է ձևավորվում, մասնավորապես, գազի գինը՝ «Սահմանի վրայի գին, հաստատուն ծախսեր, որ անհրաժեշտ են Հայաստանի տարածքում և այդ հաստատուն ծախսերի համար շահութաբերության տրաբանական նորմա, որպեսզի իրենք կարողանան սպասարկել, իվեստիցիա և այլն»: Կարապետյանն առանձնահատուկ անդրադարձ կատարեց ծախսերին, ասելով․

«Այն ծախսերը, որ գազի ընկերությունն այսօր կատարում է, նախատեսված է շատ ավելի մեծ ցանցի համար: Այսինքն, ցանցը մեծ է՝ մեծ ծավալի գազի համար: Եվ եթե վաղը մյուս օրը մենք տնտեսությունը կարողանանք զարգացնել, և գազի սպառումը Հայաստանում աճի, ապա 1 միավոր ծախսը այդ գազի խմ-ի վրա կնվազի: Այդ պատճառով ժամանակին մենք շատ ինտենսիվ քաղաքականություն վարեցինք գազաֆիկացաման ուղղությամբ:

Այսօր Հայաստանի գազաֆիկացման մակարդակը 94-ից 96 տոկոս է: Եվ մեր նպատակը որն է՝ մենք ինտենսիվ գազաֆիկացրեցինք, որպեսզի շուկան մեծացնենք, 2 միլիարդ խմ գազի փոխարեն վաճառենք 4 միլիարդ, որովհետև մեր ցանցը նախատեսված է 8 միլիարդի համար, և հետևաբար՝ ամեն խմ-ի վրա ծախսը 2 անգամ կնվազի»,- ասել էր վարչապետը:

Խաչատրյանը հակադարձում է՝ «Եթե իրենց դուրը շատ է գալիս, որ գնում եք գյուղ և տեսնում ենք գազաֆիկացված բնակարան և կողքին՝ աթար, ուրեմն ես ոչինչ չունեմ ասելու: Դրանք եղել են անարդյունավետ ծախսեր: Եվ այդ անարդյունավետ ծախսերի համար վճարում ենք մենք՝ պարտաճանաչ սպառողներս: Ասում են մեր համակարգում հաստատուն ծասեր կան, և էս համակարգի հաստատուն ծախսերն էսպես թե էնպես պետք է արվեն: Որովհետև մեր համակարգը նախատեսված էր 4 թե 8 միլիարդ խմ գազի համար, բայց մենք հիմա սպառում ենք ընդամենը 2 միլիարդ:

Էդ դպքում ի՞նչ եք ուզում ասել՝ օգտագործե՛ք: Ժամանակին դա չանեիք: Նույնը էլեկտրաէներգիայի հետ կապված․ մենք պետք է դա արտադրեինք և վաճառեինք բոլորի համար: Հիմա ես չգիտեմ՝ ու՞մ ենք մենք էլեկտրաէներգիա վաճառում: Միայն Պարսկաստանին՞, գազ, էլեկտրաէներգիա՝ պարտքի դիմաց: Սա հերթական ռազմավարական սխալն է, որովհետև դրա հետ կապված ներդրումներ, ծրագրերի իրականացում․․․ և անիմաստ մի համակարգ:

Ստացվում է, որ մենք ունենք մի բարձրատոննաժ մեքենա, որը կարող է տեղափոխել 25 տոննա բեռ, բայց մենք դրանով տեղափոխում ենք ընդամենը 500 կգ բեռ: Եվ մենք ուզում ենք, որ էդ 500 կիլոգրամը էժան լինի: Իրենք ասում են՝ ո՞նց կարող է էժան լինել, մենք առել ենք 25 տոննայանց մեքենա: Մենք էլ ասում ենք՝ 25 տոննայանոց մեքենա մի առեք»: Ըստ Խաչատրյանի, ուռճացված են նաև «Գազպրոմ Արմենիայի» կառավարչական ապարատի ծախսերը:

Կարեն Կարապետյանը երեկ ասում էր՝ հնարավոր է գազի սակագնի և՛ նվազեցում, և՛ բարձրացում, չնայած՝ թանկացման նախադրյալներ, ըստ վարչապետի, այս պահին չկան․ «Եվ մենք ձեզ հետ պետք է ոչ թե հրաշքների հավատանք, այլ պետք է պատրաստ լիենենք, հաշվի առնելով բոլոր խաղի կանոնները, մարտահրավերները, մեր տնտեսական սահմանափակումները որ ունենք, այնպես ապրենք, այնպես աշխատենք, աշխատատեղեր ստեղծենք, աշխատավարձ, որ դրա ծախսը մեզ համար էդքան կրիտիտկական չլինի»:

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը կանխատեսեց՝ ընտրություններից հետո գազի ու էլեկտրաէներգիայի գները կաճեն․ «Այսպիսի կառավարման համակարգի դեպքում միակ տրամաբանությունը դա է, որ մեզ մոտ ամեն ինչ պետք է թանկանա: Ամեն ինչ պետք է արվի, որ քաղաքացու գրպանից հնարավորինս շատ գումար հանվի: Չի կարելի, որ ՀՀ քաղաքացու գրպանում ամսական գոնե մի 5000 դրամ ավել մնա, որ էդ մարդը կարողանա ինչ-որ ծրագրեր իրականացնի: Դատարկ պետք է լինի, որ ընտրությունների ժամանակ ուրիշի ձեռքին նայի»:

Վահագն Խչատրյանը կարծում է, որ գազի ու հոսանքի գների վերջին նվազեցումը Կարեն Կարապետյանի «փիառ»-ի համար էր:

XS
SM
MD
LG