Մատչելիության հղումներ

«Ազատությունը» զրուցել է «Գրական թերթի» խմբագիր Կարինե Խոդիկյանի հետ:

Կարինե Խոդիկյան․ - Մենք 85 տարեկան դարձանք փետրվարի 23-ին:Հույս ունեմ, որ հունիսին կամ սեպտեմբերին մենք «Գրական թերթի» լավ ավանդույթով անպայման կնշենք:

«Ազատություն»․ - Ձեր դիտարկմամբ, վերջին վեց տարիների ընթացքում թերթը հասարակության գիտակցության մեջ որոշակի դեր ունեցա՞վ, գոնե գրական հասարակության մեջ:

Խոդիկյան․ - Այսպիսի բան կա, չէ՞, ասում է՝ նա լայն հայտնիություն ունի նեղ շրջանակում: Մեր ընթերցողների շրջանակում, այո՛:

«Ազատություն»․ - Գնվո՞ւմ է թերթը:

Խոդիկյան․ - Մենք բավական լավ գնելության ցուցանիշ ունենք: Ունենք նաև կայքէջ: Ամսվա մեջ 3-5 հազար այցելու, դա այսօրվա՝ հայ գրականության նկատմամբ, հատկապես ժամանակակից գրականության նկատմամբ որոշակի հետաքրքրության պակասի պայմաններում բավական լավ ցուցանիշ է:

«Ազատություն»․ - «Գրական թերթի» առաքելությունը Դուք՝ որպես գլխավոր խմբագիր, որտե՞ղ եք տեսնում:

Խոդիկյան․ - Օրինակ, առաջին անգամ որ եկա այստեղ, իմ առաջին գործը եղավ այն, որ արխիվը բացեցի և 1932 թվականից մինչև հիմա թերթը հնարավորինս պահած, կապված․․․ մի երկու շաբաթ թերթում էի այդ էջերը: Եվ մի բան հասկացա, որ թերթը, բացի այսօրվա խնդիր լուծելուց, հետո դառնում է ժամանակագրություն, ինչքանո՞վ է թերթը կարողանում տալ ժամանակի պատկերը: Եվ դա միայն գրականությանը չի վերաբերում, միայն գրականագիտությանը չի վերաբերում: Դա այսօրվա գրողի խոսքն է, գրողի կեցվածքը․․․ ինչ բանաստեղծություն է գրում, ինչ արձակ է գրում, հրապարակախոսությունը ինչպիսին է: Ես մեր «Գրական թերթին»՝ այսօրվա, երեկվա և վաղվա, նայում եմ առաջին հերթին այդ դիտանկյունից, թե ինչքանով է «Գրական թերթը» ժամանակը կարողանում տալ:

«Ազատություն»․ - Ձեր կարծիքով, այսօրվա գրականությունը մեր իրականությունն արտացոլո՞ւմ է:

Կարինե Խոդիկյան․ - Հաճախ ասում են, որ գրողները տրիբուն չեն, ելույթներ չեն ունենում, կարծես թե պասսիվ են հասարակական կյանքում: Բայց հավատացեք, այդ նույն պասսիվ գրողներին, որ հաճախ տեսնում, ասում եք՝ ինչո՞ւ չկաք, բավական է կարդաք նրա արձակը, նրա պոեզիան, Դուք կհասկանաք, որ նա ավելի քան մարտնչող է: Տասը հրաշալի բանաստեղծի մեջ մեկ տրիբուն կարող է լինել:

«Ազատություն»․ - Կարո՞ղ ենք ասել, որ մեր գրողներն այսօր ընդվզուն հոգիներ են, ընդվզուն կերպարներ են, ընդհանրապես չեն հանդուժում որևէ անարդարություն, սուտը, կեղծիքը․․․

Խոդիկյան․ - Մի բավական զգալի հատվածը իրենց գրականության մեջ ավելի քան ընդվզուն են, ավելի քան մարտնչող են:

«Ազատություն»․ - Ինչո՞ւ չի մերձենում գրողը հասարակությանը:

Խոդիկյան․ - Ի՞նչ է նշանակում մերձենալ:

«Ազատություն»․ - Ինչո՞ւ նրա ստեղծագործությունը դեռ տպվում է 500 տպաքանակով:

Խոդիկյան․ - Դա պիտի ասեք ընթերցողին:

«Ազատություն»․ - Ինչո՞ւ այդ ընթերցողը կարիքը չունի այդ գրականության:

Խոդիկյան․ - Իսկ այսօր այդ ընթերցողը ինչի՞ կարիք ունի․․․ Ես մի բան գիտեմ, որ մշակույթը ոչ միայն ազգի հոգևոր հարստությունն է, նաև ազգի տնտեսական բարելավման սանդղակի լավ ցուցանիշն է: Այն, որ մենք այսօր ընթերցող չունենք, տնտեսությունն է մեղավոր: Այն, որ մշակութային մթնոլորտ չունենք, տնտեսությունն է մեղավոր: Երբ մենք աշխարհին ենք ներկայանում, մեր տնտեսական ցուցանիշները չենք ասում, մենք ասում ենք՝ ունենք այսպիսի թավջութակահար, այսպիսի նկարիչ, այսպիսի գրող: Բայց որպեսզի նրանք լինեն, ճանաչվեն իրենց երկրում, սիրելի երկրի իշխանավոր, սիրելին չակերտների մեջ, երկիրս երկիր դարձրու, տնտեսապես ամրացրու, որպեսզի ես, որպես մտավորական, իմ խնդիրը կարողանամ հասցնել այդ նույն հասարակությանը:

«Ազատություն»․ - Ձեր կարծիքը առաջիկա ընտրությունների մասին:

Խոդիկյան․ - Ես հուսահատված եմ, ես հուսալքված եմ, ես ոչ մի լավ բան չեմ սպասում: Եվ այլևս ոչ մի հարցի չեմ պատասխանի, որովհետև սա ինձ համար ահավոր խոստովանություն է: Ինձ նման չկոտրվող մարդու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG