Մատչելիության հղումներ

Այսօր «Ելք» դաշինքի իրականացրած քարոզարշավի ժամանակ Նոր Նորքի 4-րդ զանգվածում քաշքշուկ է տեղի ունեցել դաշինքի աջակիցների և այնտեղ գործող մարզադպրոցի աշխատակիցների միջև։

Ըստ «Ելք»-ի քարոզարշավի մասնակից, պատգամավորի թեկնածու Լենա Նազարյանի՝ իրենց խումբը Նիկոլ Փաշինյանի գլախավորությամբ բարձրախոսով շրջել է բակից բակ՝ փոխանցելով դաշինքի նախնընտրական ուղերձը։

«Դպրոցի հարակից տարածքով անցնելիս, ներսից դուրս եկած տղամարդը կոպտորեն արգելեց մեզ այդ տարածքում քարոզչություն անել, մինչդեռ, մենք չէինք գտնվում այդ դպրոցի տարածքում: Այնուամենայնիվ, հնչեցրեցինք մեր ուղերձը և պատաստվում էինք հեռանալ», - պատմում է Նազարյանը։

Ըստ նրա, այնուհետև Փաշինյանը և խմբի մյուս անդամները, դպրոցի ապակյա դռներից ներս նայելով, նկատել են, որ այնտեղ տեղադրված է նախընտրական պաստառ: Դրանից հետո պատգամավոր Փաշինյանն ու «Ելքի» անդամները փորձել ներս մտնել՝ պարզելու, թե ում պաստառն է տեղադրված դպրոցի նախասրահում։

Դպրոցի աշխատակիցները, սակայն, Փաշինյանին և մյուսներին փորձել են արգելել՝ ներս մտնել, տեղի է ունեցել քաշքշուկ։ Դպրոցի անձնակազմը շտապել է հեռացնել պաստառը, այն տանելով հանդերձարան, սակայն «Ելքի» անդամները նկատել են, որ պաստառը «Ծառուկյան դաշինքի» ներկայացուցիչ, թեկնածու Արթուր Մամոյանինն էր։

«Խնդիրն այն է, որ մեզ արգելում էին դպրոցի հարակից բակերում քարոզչություն անել, թեև մենք օրենք չէինք խախտում, մինչդեռ իրենք դպրոցի ներսում տեղադրել էին թեկնածուի պաստառ՝ խախտելով օրենքը», - ասում է Լենա Նազարյանը։

Միջադեպը տեսանկարահանվել է ականատեսների կողմից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG