Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի և Ադրբեջանի նախագահները հանդես են եկել ԼՂ հարցի շուրջ հայտարարություններով


Իլհամ Ալիև և Ֆրանսուա Օլանդ, Փարիզ, 14-ը մարտի, 2017 թ․

Իլհամ Ալիև և Ֆրանսուա Օլանդ, Փարիզ, 14-ը մարտի, 2017 թ․

Նախօրեին Իլհամ Ալիևի պատվին Փարիզում տրված պաշտոնական ընթրիքի ժամանակ Ֆրանսուա Օլանդն ընդգծել է՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի միայն դիվանագիտական ճանապարհով:

Փարիզում Ֆրանսիայի և Ադրբեջանի միջև տնտեսական համագործակցությանն առնչվող մի շարք փաստաթղթերի ստորագրման արաղողությունից հետո երկու երկրների նախագահները հանդես են եկել հայտարարություններով:

Ֆրասնայի նախագահ Օլանդը, մասնավորապես, ասել է, թե Իլհամ Ալիևի հետ խոսել են նաև Ղարաբաղի հարցի մասին: «Մենք նշել ենք, որ առկա ստատուս քվոն անընդունելի է, ռիսկեր կան, դրանում մենք համոզվեցինք անցյալ տարվա ապրիլին, երբ միջադեպ տեղի ուենցավ: Մենք ցանկանում ենք վերականգնել բանակցությունները: Մենք համարում ենք, որ ընդհանուր ուրվագծերը հայտնի են, և կարելի է գտնել այդ ձգձգված հակամարտության կարգավորման ուղիները»,- ասել է Ֆրանսիայի նախագահը:

Ադրբեջանի ղեկավարն իր հայտարարությունում մեղադրանքներ հնչեցնելով Հայաստանի հասցեին, նշել է, թե այժմ առաջին հերթին, որքան հնարավոր է արագ, պետք է վերսկսվեն բանակցությունները: «Հայաստանը չպետք է խուսափի բանակցություններից: Ստատուս քվոն անընդունելի է: Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ղեկավարները բազմիցս հայտարարել են, որ ստատուս քվոն ընդունելի չէ:

Մենք նույնն ենք ասում․ ցանկանում ենք, որ ստատուս քվոն շուտափույթ փոխվի, հակամարտությունը դադարի, որպեսզի մեր տարածաշրջանում խաղաղություն հաստատվի և տեղահանված ադրբեջանցիները կարողանան վերադառնալ իրենց հայրենի հողերը»,- ասել է Իլհամ Ալիևը:

Օլանդն ու Ալիևը Ղարաբաղի մասին խոսել են նաև պաշտոնական բանակցություններից ու հանդիպումներից հետո տրված ընթրիքի ժամանակ: Ըստ ռուսական պետական ՏԱՍՍ գործակալության, Ֆրանսուա Օլանդն ընթրիքի ժամանակ հնչեցրած իր խոսքում ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի միայն դիվանագիտական ճանապարհով:

«Այդ հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով: Միացյալ Նահանգների և Ռուսաստանի հետ Ֆրանսիան հետևողականորեն կշարունակի միջնորդական ջանքերը: Այդ ջանքերը ենթադրում են ռազմական ճանապարհի բացառում, հենվում են տարածքային ամբողջականության պահպանման և ինքնորոշման սկզբունքների վրա»,- ասել է Ֆրանսուա Օլանդը, հավելելով, որ այդ հարցերն անցած շաբաթ քննարկել է նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Օլանդն ասել է նաև, թե վաղուց ժամանակն է՝ գտնելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիները: «Բանակցություններն ընթանում են արդեն 23 տարի, սակայն, կողմերը որևէ արդյունքի չեն հասել: Ստատուս քվոյից վատ բան չկա»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը:

Նախօրեին տրված պաշտոնական այդ ընթիքին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն, իր հերթին, դարձյալ ընդգծել է, թե Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի հողն է: «Մեր երկրի տարածքային ամբողջականությունը չի կարող բանակցությունների թեմա լինել: Հակամարտությունը պետք է կարգավորվի միջազգային նորմերի հիման վրա, Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»,- ասել է Ալիևը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG