Մատչելիության հղումներ

ՄՄՀՊԻ-ում այսօր ունեցած ելույթում Հայաստանի նախագահն անդրադարձել է նաև հայ-ռուսական հարաբերություններին, ղարաբաղյան խնդրին, Հայաստանում առաջիկա խորհրդարանական ընտրություններին, ինչպես նաև Հայաստանի ու ԵՄ-ի միջև ստորագրվելիք նոր համաձայնագրին:

Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում այսօր ունեցած ելույթում, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը քննադատել է ՀԱՊԿ-ին, մասնավորապես, նշելով․ «Պայմանագրերը պետք է լիարժեքորեն պահպանվեն և կատարվեն, այլ ոչ թե ընտրողաբար՝ կախված իրավիճակից»:

Սարգսյանը հիշեցրել է․ «ՀԱՊԿ-ի շրջանակում դեռևս 2000 թվականին ընդունվել է հայտարարություն, որտեղ հստակ արձանագրված է. «Պայմանագրի անդամ երկրների միջև ռազմաքաղաքական հարաբերությունները կրում են առաջնային բնույթ` Կոլեկտիվ անվտանգության պայմանագրի անդամ չհանդիսացող երրորդ երկրների հետ ռազմական կապերի և շփումների համեմատ»:

Այսինքն՝ այստեղ ամեն ինչ հստակ ուրվագծված է, ընդգրկված է հարցերի ողջ շրջանակը` քաղաքական հայտարարություններից մինչև ռազմական համագործակցություն: Շարունակելով այս թեման` չեմ կարող չնշել, որ վերոհիշյալ սկզբունքի խախտումը չի նպաստում կազմակերպության հեղինակության բարձրացմանը: Պայմանագրերը պետք է լիարժեքորեն պահպանվեն և կատարվեն, այլ ոչ թե ընտրողաբար՝ կախված իրավիճակից»:

ՀՀ նախագահի կայքէջի հաղորդմամբ, Սարգսյանն իր ելույթում նաև նշել է․ «Նախորդ տարի մենք տոնեցինք Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակը: Մենք անցել ենք դժվարին, բայց արժանապատիվ ուղի: Մեկնարկել ենք ծանր պայմաններում: Թերևս, Խորհրդային Միության նախկին հանրապետություններից ոչ մեկը չուներ նման անբարենպաստ մեկնարկային դիրք:

Չնայած նրան, որ անհրաժեշտ էր հաղթահարել 1988 թվականի երկրաշարժի, պարտադրված պատերազմի և դրան հաջորդած փախստականների մեծ ներհոսքի հետևանքները, շրջափակումը, արտաքին աշխարհի հետ խարխլված տնտեսական կապերը, էներգետիկ ճգնաժամը, ինչպես նաև մի շարք այլ խնդիրներ, Հայաստանը ձեռնարկեց համարձակ քայլեր իր անկախ պետականության վերականգման ուղղությամբ: Եվ այսօր համապետական բարեփոխումների նոր փուլ թևակոխած մեր երկրի համար պատասխանատվությունն աստիճանաբար ստանձնում է անկախության սերունդը»:

Առաջիկա խորհրդարանական ընտրությունների առնչությամբ Սարգսյանն ասել է․ «Հայաստանում սահմանադրական բարեփոխումներից հետո ապրիլի 2-ին առաջին անգամ տեղի կունենան հերթական խորհրդարանական ընտրությունները: Այսօր իրականացվող բարեփոխումները մեկ տարի անց կհանգեցնեն լիարժեք խորհրդարանական համակարգի, քաղաքական ընդդիմության առավել ակտիվ և սահմանադրորեն պաշտպանված դերակատարման, առավել թափանցիկ և արդյունավետ կառավարման համակարգի ձևավորմանը: Նախընտրական քարոզարշավն արդեն սկսվել է, և միջազգային կազմակերպությունների առաջին արձագանքները խոսում են այն մասին, որ ընտրական գործընթացների անցկացման համար մեզ հաջողվել է ստեղծել միջազգային չափանիշներին համապատասխան պայմաններ»:

Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների մասով ՀՀ նախագահը նշել է՝ «Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից է Ռուսաստանի Դաշնության հետ դաշնակցային փոխգործակցության հետևողական խորացումն ու ընդլայնումը: Վերջին տարիներին մեր երկրների միջև երկկողմ հարաբերություններն իրենց ինտենսիվությամբ և հագեցվածությամբ հասել են ամենաբարձր մակարդակի: Եվ ամենակարևորը՝ դրանք հիմնված են փոխադարձ վստահության և մեր գործընկերության ամրության ու հեռանկարայնության երկուստեք առկա համոզմունքի վրա:

Այս տարի մենք տոնում ենք Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, ինչպես նաև 1997 թվականի օգոստոսի 29-ին կնքված Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին մեծ պայմանագրի 20-ամյակը:

Բազում հարյուրամյակներ շարունակ Հայաստանին և Ռուսաստանին կապում է մեր ժողովուրդների ամուր բարեկամությունը: Մենք ուս ուսի հաղթահարել ենք ժամանակի և պատմության բոլոր փորձությունները, ինչն էլ իր հերթին կանխորոշել է մեր միջպետական հարաբերությունների զարգացումը ռազմավարական դաշնակցության ոգով: Հայ-ռուսական աննախադեպ համագործակցությունն այսօր բնութագրվում է բարձր մակարդակի ինտենսիվ քաղաքական երկխոսությամբ:

Դրա վկայությունն է ռազմական, առևտրատնտեսական, գիտատեխնիկական և հումանիտար բնագավառներում սերտ փոխգործակցությունը, ինչպես նաև ակտիվ միջխորհրդարանական և միջտարածաշրջանային համագործակցությունը: Հայաստանն ու Ռուսաստանը զարգացնում են բազմակողմ արդյունավետ համագործակցություն ԱՊՀ-ի, ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի շրջանակներում»:

Իր խոսքում անդրադառնալով նաև ԼՂ խնդրին, Սարգսյանն ասել է․ «Մինչև 2016 թվականը մեր գործընկերները մեզ համոզում էին, որ, պատերազմական քարոզչություն և հակահայկական հիստերիա տարածելով, Բաքուն լուծում է սեփական ներքաղաքական խնդիրները: 2016 թվականի ապրիլին Ադրբեջանի կողմից սանձազերծված քառօրյա ռազմական արկածախնդրությունը Լեռնային Ղարաբաղի դեմ դարձավ Բաքվի հենց այդ երկարամյա ռազմատենչ հռետորաբանության և քաղաքականության մարմնավորումը՝ ի հակադրություն իր հողում սեփական ճակատագիրն ազատ տնօրինելու Արցախի ժողովրդի ցանկության:

Ապրիլյան պատերազմին հաջորդած՝ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներին հստակ ամրագրվել է 1994-1995 թվականների հրադադարի եռակողմ անժամկետ համաձայնագրերի անվերապահ իրականացման անհրաժեշտությունը: Բացի այդ, ձեռք է բերվել պայմանավորվածություն հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության մեխանիզմների ստեղծման և ԵԱՀԿ դիտորդների թվի ավելացման վերաբերյալ:

Այդուհանդերձ, Ադրբեջանը, ինչպես և անցյալում, խուսափում է այդ պայմանավորվածությունների կատարումից: Հայաստանը՝ որպես Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխավոր, ստիպված է ջանքեր գործադրել տարածաշրջանում հավասարակշռության պահպանման և նոր լարվածություն թույլ չտալու նպատակով:

Դրա հետ մեկտեղ, մենք պատրաստ ենք համաչափ պատասխան տալ նոր պատերազմ սկսելու ցանկացած փորձի: Պատերազմը խնդրի լուծման միջոց չէ: Բանակցություններին այլընտրանք չկա: Հայաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի հետ միասին կշարունակի ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ»:

Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև Հայաստանի և ԵՄ-ի միջև ստորագրվելիք նոր համաձայնագրին: «Բառացիորեն երկու շաբաթ առաջ Հայաստանը և ԵՄ-ն ավարտեցին նոր շրջանակային փաստաթղթի վերաբերյալ բանակցությունները, որի դրույթները արտացոլում են մեր հարաբերությունների ծավալն ու մակարդակը: Դրանք թույլ են տալիս ուրվագծել մեր փոխշահավետ համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ հաշվի առնելով այլ ինտեգրացիոն միավորումներում Հայաստանի ստանձնած պարտավորությունները:

Հայաստանը զարգացնում է ակտիվ գործընկերային հարաբերություններ Միացյալ Նահանգների հետ՝ տարբեր մակարդակներով: Վերջին տարիներին ակտիվացել են մեր հարաբերությունները ասիական-խաղաղօվկիանոսյան և լատինաամերիկյան տարածաշրջանների հետ: Զգալի ներուժ ենք տեսնում «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտի» նախաձեռնության ձևաչափով խոշոր ենթակառուցվածքային նախագծերի իրականացման համար, ինչը թույլ կտա զանազանեցնել ոչ միայն Հայաստանի, այլև Եվրասիական տնտեսական միության այլ երկրների լոգիստիկ հնարավորությունները:

Գտնվելով տարբեր տարածաշրջանների և շահերի կիզակետում՝ մեր արտաքին քաղաքականությունը, հիմնվելով հազարամյա պատմության վրա, բխում է այն համոզմունքից, որ կարելի է և պետք է ազգային շահերը համադրել առանցքային գործընկերների շահերի հետ՝ խաղաղության, կայունության և տարածաշրջանային անվտանգության ապահովման նպատակով: Մենք համոզված ենք, որ այս մոտեցումը ըմբռնելի և ընդունելի է մեր գործընկերների համար»,- Մոսկվայում հայտարարել է Հայաստանի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG