Մատչելիության հղումներ

Փաշինյան․ Նոր քաղաքական կուլտուրայի մեջ չկա առանց բանավեճի ընտրություններ


Քարոզարաշավի 10-րդ օրը «Ելք» դաշինքի առաջնորդներից Նիկոլ Փաշինյանը նախընտրական արշավը սկսելուց առաջ նախ հայտարարեց, որ պատրաստ է բանավիճել Հանրապետականի ներկայացուցիչների հետ։

«Վիգեն Սարգսյանի էլ կարող եմ, բոլորի հետ իրենց ցուցակից: Առաջին եռյակից, երկրորդ եռյակից, երրորդ եռյակից», - ասաց ընդդիմադիր գործիչը՝ շարունակելով․ - «Ասում են՝ Սահմանադրությունը փոխել ենք, նոր քաղաքական կուլտուրա ենք բերում: Նոր քաղաքական կուլտուրայի մեջ չկա առանց բանավեճի ընտրություններ: Պարոն Աշոտյանի հետ Ֆեյսբուքում խոսակցություն եղավ, ինձ թվաց, թե ինքը խուսափում է այդ թեմայից: Ես ուզում եմ հաստատել, որ ճիշտ կլինի, որ այդ բանավեճերը տեղի ունենան»:

Հեռուստաընկերություններին բանավեճ կազմակերպելու կոչ անելուց հետո Փաշինյանը և «Ելքի» անդամները շրջեցին թիվ 4 ընտրատարածքում՝ Կենտրոն համայնքում, և բակ առ բակ բարձրախոսով հաղորդեց հիմնականում ուղերձը՝ Հայաստանը համակած հուսահատության ճգնաժամից ելք կա, թեև, ըստ «Ելք»-ի, Հանրապետականը նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ պատրաստ է է՛լ ավելի խորացնել հուսահատության ճահիճը․ - «Այդ հուսահատության քաղաքականության անբաժանելի մասն եմ համարում այն, որ Հանրապետական կուսակցությունը այս խորհրդարանական ընտրություններում առաջադրել է պատգամավորության թեկնածուների, ում կարելի է անվանել լռության ուխտավորներ, որ մի նախադասություն անգամ չեն արտասանել Ազգային ժողովի ամբիոնից: Օրինակ, Սամվել Ալեքսանյանը՝ Մալաթիա - Սեբաստիայից, Ռոբերտ Սարգսյանը՝ Ավանից, Արտակ Սարգսյանը՝ Արաբկիրից»:

Իշխող կուսակցությանն անդրադառնալուց հետո Փաշինյանը շտապում էր հավելել, որ իրենք չեն եկել ներկայացնելու այն, ինչ ընտրողները մանրամասն գիտեն, այլ եկել են ելքի մասին խոսելու․ - «Մենք ձեզ ենք տրամադրում մեր նախընտրական ծրագրի սեղմագիրը, որպեսզի ավելի առարկայական պատկերացնեք ինչ ելք ենք առաջարկում և ինչպես»:

Կենտրոնի բակերում «Ելք»-ի ներկայացուցիչների լսարանը հիմնականում բարձրահարկ շենքերի պատուհանները բացած բնակիչներն էին: Ցերեկային ժամին տանը հիմնականում տարեցներ էին։ Լսողներին ավելի մոտ լինելու համար Փաշինյանը հնարավորության դեպքում ավտոտնակների տանիքներին էր բարձրանում․ ֊ «Տեսնելով համար մեկ քվեաթերթիկը, որի առաջին էջին գրված է՝ Էդմոն Մարուքյան, Արամ Սարգսյան, Նիկոլ Փաշինյան․․․ Ելք կա՛»:

Քարոզարշավին բակերում հետևող քաղաքացիներից հետաքրվեցինք, թե մասնակցելու են արդյոք ընտրություններին, որոշե՞լ են, թե ում են ընտրելու, ծանո՞թ են ծրագրերին և այլն։ Ի տարբերություն այլ համայնքների, Կենտրոնի բնակիչները հիմնականում նշում էին, որ ընտրությանը գնալու են և հաստատ որոշել են, թե ում են ընտրելու։

«Այս պահի դրությամբ Նիկոլ Փաշինյանին եմ հակված ընտրելու», - ասաց միջին տարիքի մի տղամարդ: - «Քանի տարի ա, 5 տարի, 10 տարի շիտակ, ազնիվ խոսում ա»:

Մյուսներն ավելի հոռետես էին․ - «Ինձ թվում ա, որ մեզ փրկություն չկա: Բոլորը հիմնականում աթոռակռիվ են անում»:

Հնչեց նաև այսպիսի պատասխան՝ ով փող տա, նրան էլ կընտրենք:

Հարցման ընթացքում հանդիպենցիքն նաև թեկնածու Հակոբ Բեգլարյանի աջակիցներին, ովքեր շփոթմամբ նրան Գագիկ Բեգլարյան էին անվանում․ - «Մենք ընտրում ենք Գագիկ Բեգլարյանին, որովհետև նա նախ մեր թաղի ծնված, մեծացած տղա ա, երկրորդն էլ՝ շատ հարգված»:

Այս թեկնածուի աջակցիները հավատացնում էին, թե լիովին գոհ են Հայաստանում տիրող իրավիճակից:

XS
SM
MD
LG