Մատչելիության հղումներ

ԹԻ․ 2016-ին ոչ-օբյեկտիվ հիմքով կնքված պայմանագրերի թիվն անցել է երեք հազարից


Թրանսփերենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը, արխիվ:
Թրանսփերենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը, արխիվ:

«Գնումների մասին» նոր օրենքը ուժի մեջ մտնում ապրիլի 25-ից, իսկ մինչ այդ Թրանսփերենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻ) գործող օրենքի շրջանակում հրապարակել է հերթական ուսումնասիրությունը։

Ուշադրության կենտրոնում այս անգամ էլ մեկ անձից կատարված այն գնումներն են, որոնք ունեցել են այլընտրանք, բայց իրականացվել է ոչ-մրցակցային ընթացակարգով։ Դրանք 2016-ին կազմել են ընդհանուր գնումների 17.7 տոկոսը, դրամային արտահայտությամբ՝ մոտ 16.5 մլն։

Կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանի խոսքով՝ ոչ-օբյեկտիվ հիմքով կնքված պայմանագրերի թիվը հասնում է 3119-ի:

Առաջին հորիզոնականում՝ ավիասպասարկումն է, եւ դրանից ամենաշատը օգտված գերատեսչությունները․ - «Պաշտպանության նախարարությանը գալիս է ավիասպասարկման ծախսերի 39 տոկոսը, երկրորդը Արտգործնախարարությունն է՝ 20 տոկոս, 9 տոկոս գալիս է Ոստիկանությունը»:

Հոկտանյանն ուշադրություն է հրավիրում նաև այն փաստին, որ որոշ պատվիրատուներ, օրինակ, շինարարությանն դեպքում, շարունակում են կնքել պայմանագրեր նույն մատակարարի հետ։ Այս հարցով աչքի է ընկնում 3 նախարարություն․ - «Ֆինանսների նախարարությունը դեռ մինչև Դիլիջանի դպրոցի հետ կապված որոշումը կասեցնելը, արդեն հասցրել էր մեկ միլիարդ քսանչորս միլիոն դրամի պայմանագիր կնքել «Սահակյանշին» ՍՊԸ-ի հետ: Դա նախկինում էլ կար: Մեկ այլ՝ «Երևանշին» ՍՊԸ-ն՝ 177 միլիոն․ դա Տարածքային կառավարման նախարարությունն է, որը հաճախ նրանց հետ էր կնքում: Իսկ Արդարադատության նախարարությունը՝ «Գոհարիկ» ՍՊԸ-ի հետ:

Արդյո՞ք այստեղ կան կոռուպցիոն ռիսկեր․ Հոկտանյանը հստակ նշել չի կարողանում, ասում է՝ լրացուցիչ ուսումնասիրության կարիք կա։ Փոխարենը ընդգծում է տվյալներ, որոնք կրկին կարող են կասկած հարուցել․ - «ՊԵԿ-ը [Պետական եկամուտների կոմիտեն] և Պետգույքի կառավարման վարչությունը պայմանագրեր տարածքների վարձակալության կնքում է «Հայնախարդշին»-ի հետ: Մեկ այլ այդպիսի պայմանագրային կողմ եղել է Սամվել Ալեքսանյանի կինը, այն ժամանակ էլ, հիմա էլ: Նա Ֆինանսների նախարարության հետ այդպիսի պայմանագիր վարձակալության կնքել է»:

Հակակոռուպցիոն կենտրոնի մասնագետի խոսքով՝ ուշագրավ է նաև այն, որ աճել է 1 միլիոն դրամից պակաս արժեքով գնումների թիվը, որոնք, ըստ գործող կարգի, կարող են կատարվել նաև1 անձից՝ շրջանցելով «Գնումների մասին» օրենքը։

Հոկտանյանի խոսքով՝ այս ոճում նոր կառավարությունն է բավականին ակտիվ․ - «Միևնույն ընկերության հետ կնքվում է մի քանի պայմանագիր մեկ միլիոն դրամից պակաս արժեքով»:

Հակակոռուպցիոն կենտրոնն արձանագրել է նաև, որ 2016-ին 2015-ի համեմատ 59 տոկոսով աճել են բողոքարկման դեպքերը։ Ամենից շատ դիմումներ ստացած պատվիրատուները Պաշպանության նախարարությունն ու Երևանի քաղաքապետարանն են։

«Ազատության» հարցին, թե ինչու է պաշտպանական գերատեսչության անունը հաճախ հանդիպում այս աղյուսակներում, նախարարի մամլո քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց․ - «Մենք տեղյակ չենք զեկույցի մանրամասներից: Կուսումնասիրենք և համապատասխան արձագանք կտանք»:

Դիտարկմանը, որ զեկույցի թվերը վերցված են պաշտոնական աղբյուրներից, Հովհանիսյանն արձագանքեց․ - «Նախարարությունը, իհարկե, իր ուսումնասիրությունները կատարում է, բայց հաճախ է լինում, որ Թրանսփարենսի Ինթերնեյշնլը իր զեկույցներում ներկայացնում է իր սեփական գնահատականները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG