Մատչելիության հղումներ

Էրդողանը եվրոպացիներին կրկին մեղադրում է նացիզմի մեջ


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ստամբուլում ելույթի ժամանակ, 12-ը մարտի, 2017թ․

Թուրքիայի և Եվրամիության միջև լարվածությունը նորանոր դրսևորումներ է ստանում: Անկարայի հետ հարաբերություններում ճգնաժամի մեջ գտնվող Նիդերլանդներին և Գերմանիային, ըստ ամենայնի, կավելանա նաև Դանիան: Այս երկրի վարչապետը կիրակի օրը պաշտոնական նամակով դիմել է Թուրքիայի իր պաշտոնակից Բինալի Յըլդըրըմին` խնդրելով նրան հետաձգել Կոպենհագեն կատարելիք պետական այցը:

Մեկնաբանելով դանիական կառավարության այս քայլը` Չինաստանում պաշտոնական այցով գտնվող արտգործնախարար Անդերս Սամուելսենը նշում էր․ - «Եվրոպայի պետությունները նման են ընտանիքի, և մենք հոգ ենք տանում միմյանց մասին: Այդ պատճառով էլ մենք չենք ցանկանում, որպեսզի ասեն, թե դանիացիներն ընդհանրապես տեղյակ չեն, թե ինչ է կատարվում Թուրքիայում, իսկ այդ երկրում ամեն ինչ չէ, որ ճիշտ ուղղությամբ է զարգանում: Այն երկխոսությունը, որ ծավալվել է Թուրքիայի և Նիդերլանդների միջև վերջին օրերին, ևս վկայում է, որ Թուրքիան այնքան էլ կառուցողական դիրքորոշում չի որդեգրել: Այդ իսկ պատճառով էլ, մենք կարծում ենք, որ ճիշտ կլինի հետաձգել [Թուրքիայի] վարչապետի այցը»:

Եվ քանի դեռ Թուրքիա-Եվրամիություն դիվանագիտական հակամարտության նոր ճակատ է ի հայտ գալիս, պաշտոնական Անկարան շարունակում է հակադարձել Նիդերլանդների իշխանություններին, որոնք, հիշեցնենք, շաբաթ օրը արգելեցին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուի օդանավին վայրէջք կատարել երկրի տարածքում: Հոլանդական իշխանությունները երկրից արտաքսեցին նաև Թուրքիայի` ընտանիքի հարցերով նախարարին, ով, ինչպես և արտգործնախարարը, պատրաստվում էր մասնակցել Նիդերլանդներում բնակվող թուրքերի նախընտրական հանրահավաքին:

«Մենք որոշել ենք արգելել Նիդերլանդների դեսպանին, որն այս պահին գտնվում է Թուրքիայի սահմաններից դուրս, վերադառնալ Անկարա: Բացի այդ, որոշել ենք չեղյալ հայտարարել բոլոր նախապես համաձայնեցված հանդիպումները` նախարարների և դրանից բարձր մակարդակներում: Նման հանդիպումների անցկացումը սառեցված կմնա այնքան ժամանակ, քանի դեռ Նիդերլանդները չեն վերանայել իրենց մոտեցումները: Բացի այդ, այսօրվանից սկսած մենք արգելում ենք Նիդերլանդների պաշտոնյաներին տեղափոխող բոլոր օդանավերին վայրէջք կատարել Թուրքիայի տարաքում», - երեկ ուշ երեկոյան Անկարայում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարում էր Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը:

Նույն ժամերին, երբ Քուրթուլմուշը ազդարարում էր Նիդերլանդների դեմ սահմանվող դիվանագիտական պատժամիջոցների մասին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը A-Haber հեռուստաընկերության եթերում կոշտ քննադատության հերթական չափաբաժինն էր ուղղում Եվրամիության ղեկավարներին:

«Եվրոպական պետությունները պարզապես ի վիճակի չեն համակերպվել Թուրքիայի ազդեցության աճի հետ: Պետությունների այդ ցանկում առաջինը Գերմանիան է: Գերմանիան անողոք կերպով սատարում է ահաբեկչությունը: Բացի այդ, Մերկելը հայտարարել է, որ աջակցում է հոլանդացիներին», - հայտարարում էր Էրդողանը` պնդելով, որ եվրոպական պետությունների կողմից թուրք պաշտոնյաների հանդեպ սահմանված արգելքները Վիեննայի համաձայնագրի կոպիտ խախտումներ են:

«Թե ինչպես են նրանք ընկալում Վիեննայի կոնվենցիան՝ վկայում է եվրոպացիների ֆաշիստական հակումների մասին: Սա նացիզմ է, ես կանվանեի այն նեոնացիզմ: Ավելին, սա նացիզմի մի նոր դրսևորում է», - ասում էր Էրդողանը` հայտնելով նաև, թե թուրքական կառավարությունը պատրաստվում է Նիդերլանդների գործողությունները բողոքարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG