Մատչելիության հղումներ

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր մասնակիորեն բավարարեց Ոստիկանության հայցն ընդդեմ SOS TV-ի հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի։

Դատարանի վճռով՝ Գայֆեջյանը պարտավոր է հրապարակայնորեն ներողություն խնդրել ոստիկանության ծառայողներ Արթուր Մադաթյանից և Սերգեյ Զաքարյանից՝ տեսանյութերից մեկում վերջիններիս պատիվն ու արժանապատվությունը արատավորող արտահայտություններ կատարելու համար: Դատարանը նաև սահմանել է ներողության տեքսը, որն այսօր ընթերցվեց դատարանի դահլիճում:

Վճիռն օրինական ուժի մեջ մտնելու դեպքում, հաղորդավարը ներողություն խնդրելու՝ վճռով սահմանված տեքստը պետք է ձայնագրի և տեսանյութը տեղադրի SOS TV-ի youtube.com-յան էջում, կամ 80 հազարից ավելի դիտում ունեցող լրատվական որևէ կայքում:

Ոստիկաններից յուրաքանչյուրին 1 միլիոն դրամ փոխհատուցում տրամադրելու պահանջը դատարանը մերժեց։

Երգիծական հաղորդման հաղորդավարը հայտարարեց, որ ներողություն չի պատրաստվում խնդրել և վճիռը բողոքարկելու է:

SOS TV-ի վիճահարույց հաղորդումը, հիշեցնենք, վերաբերում էր բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողներին ոստիկանների՝ բռնի ուժով Բաղրամյան պողոտայում մի մայթից մյուսը տեղափոխելուն։ Նախագահական նստվայրի դիմաց տեղի ունեցած իրադարձությունն էր SOS TV-ի եթերում մեկնաբանել Գայֆեջյանը։

Եզրափակիչ նիստում ոստիկանության ներկայացուցիչ Արկադի Մարգարյանը պնդել էր, թե 2015-ի փետրվարին ոստիկանները ստիպված են եղել հարկադրանքի դիմել, քանի որ ցուցարարները հասարակական կարգն են խախտել։

«Գայֆեջյանը փողոցային բառապաշար օգտագործելով արատավորել է իրենց ծառայողական պարտքը կատարողներին», - ասել էր Մարգարյանը։

Այսօր Ոստիկանության ներկայացուցիչները դատարանում չխոսեցին, լրագրողների հարցերին ևս չցանկացան պատասխանել։

Գայֆեջյանի պաշտպան Հայկուհի Հարությունյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, թե զարմացած է, որ դատարանը նման որոշում է կայացրել, քանի որ, փաստաբանի պնդմամբ, ապացույցներ, որ հաղորդավարը արատավորել է ոստիկանությանը, չկան։

Դատարանը, Հարությունյանի համոզմամբ, նախապատվությունը խոսքի ազատությանը պետք է տար․ - «Ոստիկանությունն ուղղակի աստիճանաբար դատարանների և նման տեսակի որոշումների շնորհիվ ձեռք է բերում անձեռնմխելիություն, և ուղղակի ցանկացած տեսակի գործողություն այժմ արդեն նաև քննադատության տեսքով ոստիկանության նկատմամբ իրականացվելու դեպքում ենթադրվում է, որ կարող է հանգեցնել նման տեսակի պատասխանատվության։ Խոսքի ազատության դրսևորումը տվյալ կոնտեքստում շատ ավելի կարևոր է, քան ոստիկանության ենթադրյալ բարի համբավն ու հեղինակությունը»:

Փաստաբանը հավելեց, թե դատարանի պահանջն անհնար է իրականացնել, քանի որ Վիլեն Գայֆեջյանը հաղորդավար է և ոչ թե «SOS TV»-ի հեղինակն ու տնօրենը:

XS
SM
MD
LG