Մատչելիության հղումներ

Վաղը տեղի կունենան Հայաստանի և Ռուսաստանի նախագահների բանակցությունները։

Այսօր սկսվում է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Մոսկվա։

Վաղը՝ մարտի 15-ին Մոսկվայում կկայանան Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները, որոնց ընթացքում կքննարկվեն ռազմավարական գործընկեր երկու պետությունների միջև մի շարք ոլորտներում քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար, մշակութային երկկողմ փոխգործակցության օրակարգի առանցքային, ինչպես նաև Եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացներին վերաբերող հարցեր։

Սարգսյանն ու Պուտինը մտքեր կփոխանակեն նաև միջազգային և տարածաշրջանային մի շարք արդիական խնդիրների, նախևառաջ` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի շուրջ, ասված է Կրեմլի տարածած հաղորդագրությունում։

Այսօր Սերժ Սարգսյանը կհյուրընկալվի Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում, որտեղ հանդիպում կունենա համալսարանի ուսանողության և պրոֆեսորադասախոսական կազմի հետ։

Այցը, հիշեցնենք, երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյա հոբելյանի շրջանակներում է։ Ավելի վաղ կայացել էր նաև Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այցը Մոսկվա։

Նույն ձևաչափով անցել են նաև ռուս-ադրբեջանական բանակցությունները արտգործնախարարների մակարդակով։ Հիշեցնենք՝ այդ բանակցություններին հետևած համատեղ մամուլի ասուլիսին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին խոսելիս ասել էր, որ համաձայնեցված չեն երկու-երեք առանցքային հարցեր։

Թե երբ և որտեղ կկայանան Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների բանակցությունները, դեռ հայտնի չէ։

XS
SM
MD
LG