Մատչելիության հղումներ

Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարությունը «քաղաքականության հետ բացարձակ կապ չունի»


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մամլո դիվանի պատասխանատու տեր Վահրամ քահանա Մելիքյան

Խորհրդարանական ըտնտրություններին ընդառաջ Գերագույն հոգևոր խորհուրդը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով քվեարկել խղճի մտոք, քաղաքական տարակարծությունների մեջ տեղի չտալ հուզումների, առավել ևս՝ անհանդուրժողականության և հակառակությունների։

Սուրբ Էջմիածինը կոչ է արել նաև քաղաքական ուժերին և թեկնածուներին դրսևորել խոհեմություն, զսպվածություն, փոխադսրձ հարգանքի ոգի՝ Հայաստանի համար կարևոր այս ընտրություններն անցկացնելու համար։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մամլո դիվանի պատասխանատու տեր Վահրամ քահանա Մելիքյանի խոսքով, եկեղեցին մշտապես անդրադառնում է կարևոր հարցերին․ - «Ի վերջո եկեղեցու հոտի մասին է խոսքը գնում: Եվ այս եկեղեցին այն կառույցն է, որը, կարելի է ասել, ամենաշատն է արել այս հայրենիքի, այս անկախության կայացման համար: Եվ այդ իմաստով, կարծում եմ, եկեղեցին ավելիով իրավունք ունի արտահայտվելու անհրաժեշտության պարագային տարբեր գործընթացների և երևույթների առնչությամբ: Քաղաքականության հետ բացարձակ կապ չունի: Հայտարարությունը անխտիր ուղղված է բոլորին: Բոլորին, ովքեր իրեն նկատում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու զավակ և նաև Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին: Մենք բացարձակ այդ առումով տարբերություն չեն դնում ո՛չ իշխանության ներկայացուցիչների, ո՛չ ընդդիմության ներկայացուցիչների միջև»:

Հարցին, թե արդյոք հայտարարությունը կապված է տեղ գտած տհաճ միջադեպերի հետ, Մելիքյանն արձագանքեց․ - «Ես որևէ միջադեպ չեմ առանձնացնի, սակայն անգամ եթե նման միջադեպեր տեղ գտնում են մեր կյանքում, դա մտահոգիչ է: Եվ մտահոգիչ է ոչ միայն եկեղեցու համար, այլ ցանկացած բոլոր սթափ դատող կառույցների համար և մեր ժողովրդի յուրաքանչյուր զավակի և քաղաքացու համար: Ես ուրախ պիտի լինեմ անշուշտ, որ Գերագույն հոգևոր խորհրդի այս հայտարարությունը նաև նպաստի նմանօրինակ դեպքերի նվազմանը»:

Գյումրու «Ասպարեզ» ակումբի նախագահ, «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամ Լևոն Բարսեղյանը, սակայն, Գերագույն հոգևոր խորհուրդի հայտարարությունը ձևական է համարում՝ նկատելով, թե եկեղեցին կարող էր ավելի հասցեական հայտարարություն անել․ - «Կարող էր իշխանություններին դիմել, որպեսզի ընտրակաշառքների, վարչական ռեսուրսի չարաշահման վերջը տային: Պետք է հնազանդ լինել, ինչ որ է, իշխանությունը ճիշտ է․ էս է եղել, և համատեքստը դա է, որ ընտրություններից հետո լարումներ, ցնցումներ չլինեն: Գնացեք իշխանությանն ասեք, էդ իշխանությունն է եղել էդ լարումների պատճառը: Արդար ընտրություններ է եղել, ժողովուրդը ելել-բողոքե՞լ է: Մարտի 1-ի մասին ասեի՞ք էլի, պարոնայք հոգևորականներ ձեր խոսքը․․․ Էլի ուշ չէ: Ասե՚ք»:

Լևոն Բարսեղյանի կարծիքով, եկեղեցին պետք է ակտիվ լիներ և հասարակության ցավոտ հարցերին անդրադառնար, սակայն արձագանք չի եղել կարեւոր շատ խնդիրների վերաբերյալ․ - «Օրինակ, երբ խոշտանգում էին և խոշտանգում են բանտերում, կալատներում քաղաքական բանտարկյալներին․․․ օրինակ, Արթուր Սարգսյանին երբ ապօրինի կերպով նորից տարան փակեցին բանտում, և նա հացադուլ էր հայտարարել, բոլորը աղմուկ հանեցին, բոլորը բողոքեցին, բացի Հայ առաքելական եկեղեցուց»:

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ևս կարծում է, որ եկեղեցին պետք է առավել ակտիվ լինի․ - «Խնդիրը իշխանության կամ ընդդիմության կողքին կանգնելը չէ, այլ խնդիրը հասարակության կողքին կանգնելն է, հասարակությանը ուղենիշ հանդիսացող որևէ դիրքորոշում արտահայտելը, որը նաև ինչ-որ իմաստով իր ազդեցությունը կթողնի թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության վարքագծի վրա: Կարծում եմ, եկեղեցին այս դերակատարման խնդիրը ունի, և էդ խնդիրը բաց է անկախության ամբողջ այս 25-ամյակի ընթացքում: Եվ ոչ միայն բաց է, այլ եկեղեցին ընդհանրապես ասոցիացվում է որպես իշխանության ոչ-ֆորմալ ինչ-որ կառույց, որն արտահայտում է իշխանությանն առնչվող թե՛ քաղաքական շահեր, թե՛ բիզնես շահեր: Հայ առաքելական եկեղեցին էս ընկալումից դուրս գալու խնդիր ունի»:

Հարցին, թե առկա քաղաքական տարակարծությունների մեջ հուզումների, անհանդուրժողականության և հակառակությունների տեղի չտալու կոչը կարող է արդյոք փաստել, որ եկեղեցին մտավախություն ունի, որ ընտրական և հետընտրական գործընթացներում հնարավոր են նման զարգացումներ, Բադալյանը պատասխանեց․ - «Այդ ձևակերպումը, օրինակ, առաջացնում է հարց, թե արդյոք եկեղեցում կա էդպիսի մտավախություն: Միևնույն ժամանակ, այդ կոչը կարող ենք դիտարկել որպես մեր իշխանական խմբերին ուղղված կոչ: Առավել ևս, որ եկեղեցին իշխանական համակարգում ոչ ֆորմալ, բայց ունեցել է իր դերը էդ համակարգի հարաբերությունների մեջ, և այդ դերը կարող է ազդակի իմաստով որոշակի կշիռ ունենալ հենց իշխանության տարբեր խմբերի համար: Եվ այդ ազդակը տեղ կհասնի հենց այդ խմբերին»:

XS
SM
MD
LG