Մատչելիության հղումներ

Զուրաբյան. «Երբ մենք պատերազմ էինք վարում, ՀՅԴ-ն փողոցներում միտինգներ էր վարում իշխանության դեմ»


«Դաշնակցությունը հայոց պատմության մեջ եղել է ամենամեծ հող հանձնողը, ամենամեծ հող տվողը, ու հենց այն պատճառով, որովհետև վարել է անհեռատես քաղաքականություն», - «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ նման տեսակետ հայտնեց Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։

ՀՅ Դաշնակցության Հայաստանի գերագույն մարմնի անդամ, կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հակադարձեց՝ վկայակոչելով հռոմեական ասացվածքը. - «Նա, ով իր անցյալին նայում է մեծամտությամբ, ապագային նայելու է վախով ու կասկածանքով»։

Մկրտչյան. - Բոլորս պայքարում ենք երկու կողմից մահացու սպառնալիք ներկայացնող թշնամու դեմ, պարոն Զուրաբյան։ Այսօրվա ընտրություններին բերել, դա դարձնել խոսքի առարկա և այլն, դա մտցնել թեմատիկայի մեջ, իմ կարծիքով, կոռեկտ չէ։ <...> Այսօր բանակցային սեղանի վրա դրված են սկզբունքներ, այդ սկզբունքները Ադրբեջանը չի ընդունում, եթե Ադրբեջանն այդ սկզբունքները չի ընդունում՝ խոսել փոխզիջումներից չենք կարող, որովհետև ինքը չի ընդունում որևէ զիջում։

«Ազատություն». - Ծրագրում այսպիսի բան ունեք գրած, պարոն Մկրտչյան՝ «Իշխանության մաս դառնալով, մենք Հայաստանում նոր սկիզբ ենք դրել մեր կյանքի բոլոր ոլորտներում՝ որակական փոփոխությունների սկիզբ։ Մենք սկսել ենք Արցախով, միասին հաղթել ենք Արցախում, կարողացել ենք ազգային հուն վերադարձնել երկրի քաղաքական ուղեգիծը, կարողացել ենք կառավարման համակարգ փոխել»։ Հիմա էստեղ դուք ասում եք՝ «իշխանության մաս դառնալով մենք սկսել ենք Արցախով», բայց դուք [ՀՅԴ-ն] այն ժամանակ իշխանության մաս չէիք բոլորովին։

Մկրտչյան. - Այո, իհարկե, ընդդիմադիր էինք։

Զուրաբյան. - Երբ մենք պատերազմ էինք վարում, իրենք փողոցներում միտինգներ էին վարում իշխանության դեմ, բայց սա մի կողմ դնենք։

Մկրտչյան. - Չէ, բայց Շուշին գրավում էր Դաշնակցության գումարտակը, պարոն Զուրաբյան, Դուք այդ ժամանակ մամուլի քարտուղար էիք, ես այն շերտը չեմ, որ այն ժամանակը չեմ հիշում։

Զուրաբյան. - Ես հիմա պատասխանեմ այդ բոլոր փաստարկներին՝ նախ մենք տեսանք, որ, երբ որ խոսք է գնում ռազմավարության մասին, իսկ, ռազմական առումով, ամենակարևոր ռազմավարական ռեսուրսները դրանք ռազմականն են, տնտեսականը, քաղաքականը և ժողովրդագրականն է, մենք ռեսուրսների հաշվարկ ենք ներկայացնում մեր զրուցակցին, ինքը դրա մասին ոչ մի բան չի ասում և անցնում է ինչ-որ բաժակաճառերի՝ հայի տեսակի մասին։ Փորձեմ պատասխանել հարգարժան պատմաբան Լևոն Մկրտչյանին՝ հենց պատմության փաստերով։ Ուրեմն, առաջինը՝ ուզում եմ հիշեցնել, որ ռազմական ջոկատները ստեղծվել են 1988 թվականի նոյեմբերին՝ Լևոն Տեր-Պետրոսյանի կոչով, երբ նա կոչ արեց բոլորին զինել, ստեղծվեցին այդ ջոկատները, գնացին ինքնապաշտպանության Լեռնային Ղարաբաղ։ Ճիշտ է, եղել են նաև որոշակի կուսակցական ջոկատներ, որը այդքան էլ լավ չէր, բայց սկզբից եղել են Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) ջոկատները, հետո եղել են առանձին Դաշնակցության ջոկատները, բայց դա ստեղծում էր բավականին քաոտիկ վիճակ ֆրոնտում, և ընդամենը 1992-ից 1993 թվականներին, երբ էդ բոլոր կուսակցական ջոկատները վերացվեցին, ստեղծվեց ռեգուլյար բանակ, որը և դարձավ մեր հաջողությունների գրավականը, արդեն գործում էր պետական կանոնավոր բանակ, և այդտեղից մենք գնացինք դեպի հստակ ռազմական հաջողություններ։ Հիմա, ես ուզում եմ հարգարժան պատմաբանին հիշեցնեմ, որ էս ամենի հետևանքով Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի այն հազվագյուտ ղեկավարներից է, որի պաշտոնավարման օրոք ինքը ստացել է 29 հազար կմ Հայաստանի տարածք և հայկական վերահսկողության տակ գտնվող տարածքը 12 հազարով ավելացրել է՝ այդ պարտվողական քաղաքականություն տանող ղեկավարը ավելացրել է այդ տարածքը։ Եթե իսկապես Լևոն Մկրտչյանը լուրջ է համարում, որ Շուշիի օպերացիան կարող էր առանց, չեմ ուզում պետական գաղտնիքներ բացել, առանց համաձայնության արվեր, ուրեմն թող մնա իր խղճին, հարցը դա չի։

Մկրտչյան. - Հիմա դրա մասին չենք խոսում։

Զուրաբյան. - Ես հիմա փաստ եմ նշում՝ իսկ ի՞նչ է արել Դաշնակցությունը, Դաշնակցությունը մեր պատմության մեջ գլխավոր հող տվողն է. չկարողացան պաշտպանել հայ բնակչությանը Օսմանյան կայսրությունում. Դաշնակցությունը, դաշնակցելով «Իթթիհաթ վե Թերաքի» կուսակցության հետ, կատարեցին հեղափոխություն Օսմանյան կայսրությունում, բերեցին նրանց իշխանության, հետո հայ բնակչությանը զինաթափեցին, լրիվ անպաշտպան վիճակի մեջ դրեցին հայ բնակչությանը, որի պատճառով հնարավոր դարձավ ցեղասպանությունը, և էս մարդկանց պատճառով մենք 60 հազար քառակուսի կիլոմետր Հայաստանի Հանրապետությունից՝ սխալ վարած քաղաքականության պատճառով, կորցրեցինք 30 հազարը։ Դաշնակցությունը Հայոց պատմության մեջ եղել է ամենամեծ հող հանձնողը, ամենամեծ հող տվողը, ու հենց այն պատճառով, որովհետև վարել է անհեռատես քաղաքականություն, հաշվի չի նստել քաղաքական իրողությունների հետ, և պարտվել է բոլոր պատերազմներում։ Հիմա, երբ որ մենք վերջապես, լինելով, ձեր կարծիքով, պարտվողական, խոսելով խաղաղության մասին, հաղթանակներ ենք տարել, դուք հիմա նորից փորձում եք տանել իբր հաղթողական քաղաքականություն և կրկնում եք նույն սխալը, ինչ կրկնել եք 1920 թվականին։

Մկրտչյան. - Ես չեմ ասել պարտվողական... Դուք եք գնահատականներ տալիս։ Պարոն Զուրաբյան, եկեք մի բան ասենք և թեման փակենք՝ ուրեմն ուշադիր լսեք, հիմա Դուք ձեր էս խոսքերով ձայն եք կորցնում, որովհետև հայ ժողովուրդը հիանալի գիտի ինչը-ինչոց է, այդ զինաթափումը չի եղել այդ թվականին, զինված ջոկատները կռվել են 15 թվականին։ Հին հռոմեական ասացվածք կա, ասում է՝ «նա, ով իր անցյալին նայում է մեծամտությամբ, ապագային նայելու է վախով ու կասկածանքով»։

«Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարի մարտի 12-ի թողարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG