Մատչելիության հղումներ

Բանանի և շաքարավազի «մենաշնորհային» շուկաներում գնաճ է նկատվել


Բանանի և շաքարավազի շուկայում վերջին օրերին գնաճ է նկատվել։ Եթե տարեսկզբին բանանի գինը նվազել էր՝ դառնալով 600 դրամ, այսօր այն վաճառվում է մոտ 800 դրանով։ Շաքարավազն էլ մոտ 20 դրամով է թանկացել՝ 390-ից դառնալով 410 դրամ:

«Բանանի գինը վերջին մեկ ամսվա ընթացքում տատանվել է՝ ընդհանուր միջինացված թիվն եմ ասում՝ 630-ից 650-ի սահմաններում», - «Ազատության» հետ զրույցում պնդեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի խորհրդական Գայանե Սահակյանը: - «Շաքարավազի մասով որոշակի բարձրացում նկատել է հանձնաժողովը, այս մասին հանրությանը տեղեկացրել ենք, որ հանձնաժողովը վերահսկողություն է իրականացնում այդ շուկայում, քանի որ շուկան գերիշխող տնտեսվարող ունեցող շուկա է և գնի բարձրացման հիմնավորվածությունը պարզելու նպատակով հանձնաժողովը ուսումնասիրություն է սկսել այդ շուկայում, այս պահին ուսումնասիրությունը ընթացքի մեջ է», - հավելեց Սահակյանը:

Նշված 2 ապրանքների շուկաները, ըստ մասնագետների, մենաշնորհային են։ Շաքարավազի մենաշնորհը «Ալեքս գրիգ» ընկերությանն է, որը պատկանում է Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին: Իսկ բանանի շուկայում շարունակում է գերիշխող դիրք ունենալ «Քեթրին գրուպը», որն էլ դատական ակտերի նախկին հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի անվան հետ է կապվում։ Երկուսն էլ այսօր իշխող Հանրապետական կուսակցության կողմից տարածքային ցուցակով առաջադրվել են որպես պատգամավորի թեկնածուներ:

«Որևէ տնտեսական պատճառ չկար, որ այս ապրանքների գները պետք է բարձրանային, բացի նրանից, որ մենաշնորհային տնտեսություն է», - «Ազատության» հետ զրույցում մեկնաբանեց տնտեսագետ տնտեսագետ Վահագն Խաչատրյանը: - «Առավել ևս շաքարավազի հետ կապված ասեմ, որ հունվարից սկսած համաշխարհային շուկայում գները նվազում են», - հավելեց նա:

Տնտեսագետը նման գնաճը պայմանավորում է նախընտրական քարոզարշավով։ Ավելին, սա համարում է սպառողներին ուղղված զգուշացում․ - «Մարդիկ, ովքեր զբաղված են այդ մթերքների վաճառքով կամ մատակարարմամբ, ամենայն հավանականությամբ իրենց ծախսերը հոգալու համար գների բարձրացում են անում: Սա ուղերձ է ընտրողներին, որ՝ տեսեք մենք ինչպես ենք վարվում ձեզ հետ․ մենք հիմա փողի կարիք ունենք և նախօրոք ենք արդեն փողը վերցնում ձեզնից, գների բարձրացումով: Արդեն ընտրություններից հետո էլ չենք սպասի, ինչպես եղել է նախկինում»:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության ղեկավար Բաբկեն Պիպոյանը գնաճը պայմանավորում է հիմնականում մենաշնորհային տնտեսությամբ․ - «Քարոզարշավով պայմանավորված, թե ոչ՝ բայց աշխարհում գոյություն չունի պետություն, որտեղ գների կարգավորման մեխանիզմներ չստեղծվեն կամ այդ ստեղծվածները լավագույնս կյանքի չկոչվեն, հատկապես, երբ առաջին անհրաժեշտության ապրանքի հետ գործ ունենք կամ գործ ունենք շուկայի հետ, որտեղ կա գերիշխող դիրք ունեցող»:

«Քեթրին գրուպ» ընկերությունից առայժմ հրաժարվեցին պարզաբանել գների բարձրացումը։ Պարզաբանում չհաջողվեց ստանալ նաև «Ալեքս գրիգ» ընկերությունից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG