Մատչելիության հղումներ

Վարչապետ Կարեն Կարապետյանը կիրակի օրը աշխատանքային այց է կատարել Վայոց Ձորի մարզ՝ պատասախանատուների հետ քննարկել համայնքների, տնտեսության տարբեր ճյուղերի, այդ թվում՝ զբոսաշրջության զարգացմանը վերաբերող հարցեր, եղել արտադրական ձեռնարկություններում:

Ըստ կառավարության պաշտոնական կայքէջի, կառավարության ղեկավարը նախ հանդիպել է Ջերմուկի առողջարանների և հյուրանոցների ղեկավարների հետ, որի ընթացքում մանրամասն անդրադարձ է կատարվել Ջերմուկում տուրիզմի խթանմանը, այդ ուղղությամբ անհրաժեշտ քայլերի իրականացմանը:

Բացի առողջարանների և հյուրանոցների գործունեության ակտիվացումը՝ կարևորվել է ենթակառուցվածքների զարգացումը, սննդի, ժամանացի, ծառայությունների մատուցման օբյեկտների ավելացումը, զբոսաշրջիկի համար հետաքրքիր փաթեթների մշակումը:

Կարեն Կարապետյանը նշել է, որ Ջերմուկը չի կարող գրավիչ լինել, եթե անհրաժեշտ ենթակառուցվածքները բացակայում են: «Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի ներդրողները գան Ջերմուկ, շահագրգռված ենք, որպեսզի բիզնեսն ակտիվանա: Ջերմուկի քաղաքապետից ակնկալում ենք զբոսաշրջության զարգացման կոնկրետ, համալիր ծրագիր՝ պետություն-մասնավոր համագործակցությամբ, ինչը կնպաստի նաև զբոսաշրջային սեզոնի երկարաձգմանը: Այսօր աշխարհում գումարի պակաս չկա, կա արդյունք տվող գաղափարի պակաս», - ասել է վարչապետը:

Կարեն Կարապետյանն այցելել է նաև հանքային և բնական ջրերի արտադրությամբ զբաղվող «Ջերմուկ գրուպ» ընկերություն, շրջել գործարանում, ծանոթացել իրականացված ներդրումներին, գործարանի արտադրական հզորություններին և զարգացման ծրագրերին:

Վարչապետն այցելել է Եղեգնաձորի պահածոների գործարան, որը սկսել է գործել 2015 թվականի հունիսից: Վարչապետը կարևորել է գյուղմթերքի վերամշակմամբ զբաղվող գործարանի գործունեությունը, ինչը նպաստում է տարածաշրջանի գյուղոլորտի զարգացմանն ու խթանմանը:

Կառավարության ղեկավարը եղել է նաև Եղեգնաձորի «Գոլդեն Գոուդ» պանրի գործարանում, որտեղ վարչապետին են ներկայացրել գործարանի արտադրական հզորություններն ու առաջիկա ծրագրերը:

Կարեն Կարապետյանն այցելել է նաև Նորավանքի վանական համալիր, այնուհետև հանդիպել Վայոց Ձորի համայնքներին ղեկավարի հետ, քննարկել համայնքների զարգացմանը վերաբերող հարցեր:

Կարեն Կարապետյանի խոսքով, գործադիրը ներդնում է ռեգիոնալ կառավարման նոր մշակույթ: «Բոլոր մարզերը և համայնքները պետք է ըստ մեթոդաբանության ներկայացնեն զարգացման հնգամյա ծրագիր, ինչը չափազանց կարևոր փաստաթուղթ է և որին արձագանքելու ենք: Առաջին կետը, որտեղ մեր քաղաքացու կյանքը կարող ենք լավացնել՝ դա կայացած, բալանսավորված համայնքներն են: Հենց ձեզնից յուրաքանչյուրը հասկանա, թե իր ելակետը որն է՝ զբաղվածություն, գործազրկություն, միջին աշխատավարձ, սեփական եկամուտներ, ծառայությունների արժեք և այլն՝ ինքներդ ձեր հիվանդությունները, բացթողումներն ու առավելությունները տեսնելու եք: Հատուկ ուշադրություն ենք դարձնելու չեմպիոն համայնքներին: Կանգնելու ենք ուժեղի կողքին, որպեսզի մոտիվացնենք մյուսներին և ամեն մեկն իր վրա բեռ վերցնի: Կառավարության և համայնքների ջանքերը համատեղելով՝ պետք է ապահովենք տնտեսության և համաչափ տարածքային զարգացում», - ասել է Կարեն Կարապետյանը՝ ավելացնելով, որ եթե համայնքապետերը ցանկանում են լինել հաջողակ և կառավարության հետ համագործակցությունը լինի էֆեկտիվ՝ պետք է գործեն ըստ մեթոդաբանության և հստակ ծրագրի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG