Մատչելիության հղումներ

Հայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարներն ուղերձներ են փոխանակել


ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան, արխիվ

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան, արխիվ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և Լիբանանի արտաքին գործերի և էմիգրանտների նախարար Ջբրան Բասիլը ուղերձներ են փոխանակել երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդագրության համաձայն՝ Նալբանդյանն իր ուղերձում նշել է, որ աշխարհում քիչ են այնպիսի երկրները, որոնք այնքան բազմաթիվ թելերով են կապված, որքան Հայաստանը և Լիբանանը: «Մեր բարեկամությունը խարսխված է պատմական խոր առնչությունների, մշակութային հինավուրց կապերի և այն ջերմության վրա, որ երկու ժողովուրդներն ավանդաբար տածում են միմյանց հանդեպ», - գրել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը՝ ընդգծելով, որ լիբանանահայ հոծ համայնքը այդ կապերի ամրապնդման և դինամիկ զարգացման կարևորագույն գրավականներից մեկն է:

Նա շեշտել է, որ այս ամուր հիմքերի վրա քառորդ դար առաջ ձևավորվեցին և զարգացան երկու երկրների միջպետական հարաբերությունները, որոնք առանձնանում են փոխվստահությամբ ու միմյանց նկատմամբ խոր հարգանքով, և այսօր հավանաբար չկա այնպիսի ոլորտ, որը ներառված չլինի հայ-լիբանանյան համագործակցության լայն դաշտում: Նալբանդյանը վստահություն է հայտնել, որ բազմաշերտ փոխգործակցությունը առավել կսերտանա և կխորանա:

Ջբրան Բասիլն իր ուղերձում նշել է, որ անցած քսանհինգ տարիներին, չնայած համաշխարհային քաղաքականությունն ականատես եղավ բազմաթիվ փոփոխությունների, Լիբանանի և Հայաստանի բարեկամական համագործակցային հարաբերություններն առավել ամրապնդվեցին և սերտացան՝ երկու երկրների կենսական շահերին առնչվող խնդիրների շուրջ փոխադարձ աջակցությամբ և տարբեր ոլորտներում սերտ համագործակցության ակտիվացմամբ։ Լիբանանի արտգործնախարարն ընդգծել է, որ երկու երկրների հարաբերությունները պահպանում են համապարփակ զարգացման դրական ընթացքը, որով լիբանանյան կողմը միանգամայն բավարարված է։

Լիբանանի արտգործնախարարը շեշտել է, որ 2017 թվականը ոչ միայն հնարավորություն է՝ տոնելու այս կարևոր հանգրվանը և ձեռքբերումները, այլև լավ առիթ է՝ ուրվագծելու և առավել խթանելու երկկողմ հարաբերությունները և համագործակցությունը։

Բասիլը վերահաստատել է Հայաստանի հետ հարաբերություններն ավելի ու ավելի ամրապնդելու Լիբանանի կառավարության հանձնառությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG