Մատչելիության հղումներ

Վարչապետն առաջիկա տարիներին Հայաստանում մինչև 3,2 միլիարդ դոլարի ներդրում է ակնկալում


ՀՀԿ քարոզարշավը Կապանում, 11-ը մարտի, 2017 թ․

ՀՀԿ քարոզարշավը Կապանում, 11-ը մարտի, 2017 թ․

ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանն էլ, դիմելով սյունեցիներին, ասաց՝ «Վստահաբար, ձեզ ասում ենք՝ այն ծրագիրը, որ մենք ներկայացրել ենք ձեր դատին, թեև թվում է շատ հավակնոտ, իրականում շատ իրատեսական է»:

«Մենք խոստանում ենք այն, ինչի տակից կարող ենք դուրս գալ»: Այսօր իշխող ՀՀԿ-ի նախընտրական քարոզարշավի շրջանակներում Կապանում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ նման հայտարարություն արեց վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա հավաքվածներին վստահեցրեց՝ իրենք առաջիկա տարիներին 3,2 միլիարդ դոլարի ներդրում են ակնկալում Հայաստանում, որից 840 միլիոն դոլարն արդեն այս տարվա ընթացքում:

«Մենք պետք է օգտագործենք այն, որ Սյունիքի մարզը հարևան է մեր բարեկամ Իրանի հետ: Այսօր մեր շրջանառությունը [Իրանի հետ] կազմում է 50-ից 75 միլիոն դոլար առանց էներգետիկայի․․․ և դա ամպագոռգոռ չէ, որ մենք կարող ենք այդ թիվը հասցնել 1 միլիարդի»,- ասաց վարչապետը:

Կապանի Նժդեհի անվան հրապարակում կայացած հանրահավաքի մասնակիցներին վարչապետը ներկայացրեց ՀՀԿ-ի նախընտրական ծրագրի կետերը, ընգծելով, թե հատկապես որոնք են Սյունիքի մարզի առաջնահերթությունները՝ անասնապահություն, գյուղատնտեսություն, հանքարդյունաբերություն: Կարապետյանը խոստացավ՝ միայն այս մարզում կլինի մոտ 55 միլիոն դոլարի ներդրում: Ասաց նաև, որ այժմ մտածում են Կապանի օդանավակայանի վերագործարկման մասին:

Իր խոսքում Կարեն Կարապետյանն անդրադարձավ նաև ղարաբաղյան հակամարտությանը, ասելով, որ այդ հարցում «հանրապետականները վճռական են»: «Գոնե այդ հարցում, Արցախի արժանապատվության և ինքնասիրության հարցում մենք երբևիցէ թույլ չենք տա, որ արժանապատվությունը և մեր ապագան, մեր ամբողջ ազգի ապագան, որն այսօր որոշվում է Արցախի ֆրոնտային գծի վրա, լինի թերի, մենք այս հարցում շատ վճռական ենք և հետևողական»,- վստահեցրեց վարչապետը:

Հանրահավաքին ելույթ ունենցան նաև պաշտպանության և արդարադատության նախարարներ Վիգեն Սարգսյանն ու Արփինե Հովհաննիսյանը: Նրանք վստահեցրին՝ իրենց ծրագիրը պոպուլիստական չէ: Արփինե Հովհաննիսյանը հայտարարեց՝ հանրապետականները գիտեն, թե ինչպես երազանքները դարձնեն իրականություն:

«Մենք կարծում ենք, որ մարզերում կյանքի որակը որևէ բանով չպետք է զիջի մայրաքաղաքում կյանքի որակին: Այստեղ՝ Կապանում «Հայփոստ»-ում բացվել է պետական ծառայությունների միասնական գրասենյակ: Սա նշանակում է, որ մի շարք պետական ծառայություններ, որոնց համար դուք ստիպված էիք Կապանից հասնել Երևան, հերթ կանգնել, սպասել, ժամանակ ու ռեսուրսներ վատնել, հետո մի քանի օրից կրկնել այդ նույն գործողությունը, այժմ ստիպված չեք դա անել: Դուք կարող եք այստեղ, ձեր ծննդավայրում, ձեր քաղաքում ստանալ այդ ծառայոթյունները»,- ասաց Հովհաննիսյանը:

Վիգեն Սարգսյանն, իր հերթին, հայտարարեց․ «Մենք գալիս ենք ծրագրով, որը չի խոստանում հաջորդ օրն իսկ բոլոր խնդիրների լուծում: Մենք չենք խոստանում, որ մեր ընտրվելու պարագայում, անմիջապես հնարավոր կլինի լուծել բոլոր սոցիալական խնդիրները: Բայց մենք, վստահաբար, ձեզ ասում ենք՝ այն ծրագիրը, որ մենք ներկայացրել ենք ձեր դատին, թեև թվում է շատ հավակնոտ, շատ հեռանկարային, իրականում շատ իրատեսական է: Մենք շարունակելու ենք անել այնպես, որ մեր տղաների ծառայությունն առաջնագծում լինի հնարավորինս անվտանգ»:

Կապանի հանրահավաքից հետո վարչապետը զրուցեց հանրահավաքի մասնակիցների հետ: Լրագրողներին հարցեր տալու հնարավորություն չտրվեց: Սա Սյունիքի մարզում ՀՀԿ-ի քարոզարշավի շրջանակում տեղի ունեցած վերջին հանդիպումն էր: Վարչապետն, ի դեպ, քարոզարշավի էր եկել իր ծառայողական մեքենայով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG