Մատչելիության հղումներ

Ընտրություններին մասնակից 9 ուժերը դեռ չեն շտապում Շիրակի մարզ այցելել


Գյումրի, մարտ, 2017 թ․
Գյումրի, մարտ, 2017 թ․

Առայժմ միայն ռեյտինգային կարգով առաջադրված թեկնածուներն են գյուղից գյուղ, թաղից թաղ շրջում ու հանդիպումներ ունենում:

Գյումրիում քաղաքական կյանքն աստիճանաբար ակտիվանում է, սակայն, ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած կուսակցություններն ու դաշինքները դեռ չեն շտապում նախընտրական քարոզչություն իրականացնել Շիրակի մարզում:

Առայժմ միայն ռեյտինգային կարգով առաջադրված թեկնածուներն են գյուղից գյուղ, թաղից թաղ շրջում ու հանդիպումներ ունենում: «Ազատությունն» այսօր այցելեց մի քանի քաղաքական ուժերի նախընտրական շտաբեր:

«Օհանյան-Րաֆֆի-Օսկայան» դաշինքի տարածքային թեկնածու Հովհաննես Ասոյանը, ով վերջին ՏԻՄ ընտրություններում «Համախմբում» կուսակցության՝ Գյումրիի քաղաքապետի թեկանածուն էր, «Ազատության» հետ զրույցում ասաց, որ իրենց դաշինքի տարածքային ցուցակով առաջադրված թեկնածուներն անհատական հանդիպումներ են անցկացնում ընտրողների հետ, բայց առաջնահերթությունը տրված է դաշինքի քարոզին: «Թեկնածուներն ամենքը ինդիվիդուալ են աշխատում, հիմնականում տանում են դաշինքի քարոզը, երկրորդ հերթին՝ իրենց ռեյտինգային քարոզը»,- ասաց Ասոյանը:

Դաշինքի ներկայացուցիչնեը Շիրակի մարզ կայցելեն մարտի 2-րդ տասնօրյակում: Ասոյանը քարոզարաշավի ընթացքը նորմալ գնահատեց, իրար դեմ հնչեցվող «սև փիառ» ու վիրավորանքներ չի նկատել, սակայն, ասաց, թե մտահոգված է ընտրակաշառքի մասին լուրերի և ընտրողների ցուցակագրման առնչությամբ։

«Սկզբնական շրջանում, երբ աժիոտաժ էր սկսվել, թաղերում ցուցակագրումներ էին անում, ժողովուրդն ընկել էր էյֆորիայի մեջ, տարբեր տեղեր ցուցակագրվում էին, տարբեր խոստումների դիմաց և այլն, հիմի կամաց-կամաց, ես նկատում եմ՝ մի քիչ սթափվելու ժամանակաշրջան է սկսվել»,- շարունակեց «Օհանյան-Րաֆֆի-Օսկայան» դաշինքի տարածքային թեկնածուն: Դաշինքի տարածքային թեկնածուներից մեկն ինքնաբացարկ է ներկայացրել, մանդատի համար այժմ 11 թեկնածու կպայքարի:

Դաշնակցության շտաբում տարածքային թեկնածուների չհանդիպեցինք: Շտաբը ղեկավարող՝ Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմանյանն ասաց՝ հանդիպումների են: ՀՅԴ-ն ԱԺ-ի վերջին ընտրություններին Շիրակի մարզից մոտ 6000 քվե էր ստացել: Ակնկալում են այս անգամ ավելի շատ քվե ստանալ՝ ֆուտբոլային թիմի սկզբունքնով: «Այսինքն՝ եթե թիմը հաղթում է, արդեն էական չի՝ էդ թիմի մեջ ով քանի գոլ խփեց, ով կարողացավ ավելի լավ իրացնել: Ինձ թվում է, էստեղ ավելի շատ գնահատվում են գեղեցիկ պասերը, և ընդհանուր թիմի հաղթանակն է մեզ համար կարևոր»,- ասաց Հովսեփ Սիմոնյանը:

Մարզպետը ևս քարոզարշավում լարվածություն չի նկատել: Դաշնակցությունը 15 թեկնածու է առաջադրել Շիրակի մարզն ընդգրկող թիվ 11 ընտրատարածքում: Նրանց մեջ նաև անկուսակցականներ կան։ Դաշնակցական մարզպետի ականջին էլ են հասել ընտրակաշառքի մասին խոսակցություններ: «Ցավոք, էսօր շատ են խոսում ընտրակաշառքների մասին, իհարկե որևէ մեկը փաստեր չունի: Եթե լինեն էդ փաստերը, նաև ես, որպես մարզպետ, կաշխատեմ, որ էդ խնդիրները փակվեն ընդհանրապես»,- ասաց մարզպետը:

«ՀԱԿ-ՀԺԿ» դաշինքի նախընտրական շտաբը բազմամարդ էր, հանդիպում էր ընթանում տեղամասային հանձնաժողովների ներկայացուցիչների հետ: Դաշինքի տարածքային թեկնածու Մուրադ Գրիգորյանն ասաց՝ ոչ թե առանձին-առանձին են կազմակերպում հանդիպումները, այլ միասին են մասնակցում ու ընտրողներին իրենց դաշինքի խաղաղության կարգախոսը տեղ հասցնում:

«Մեր կարգախոսը հնարավորություն է տալիս ավելի անմիջական կոնտակտի մեջ մտնել ցանկացած ընտանիքի հետ, որովհետև մեր կարգախոսը չի շրջանցում ոչ մի ընտանիքի: Անկախ սոցիալական ցենզից, անկախ կուսակցական պատկանելությունից, բավականաչափ փոխըմբռնում է գտնում մեր ընտրողների մոտ: Էս պայթյունավտանգ իրավիճակը երկրի․․․խաղաղության խնդիրը․․․փոխըմբռնում է գտնում, և մենք հորդորում ենք քվեարկել ՀԱԿ-ին, տարբերակում չդնելով ռեյտինգայինով առաջադրված անձերի միջև»,- ասաց Մուրադ Գրիգորյանը:

ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի թեկնածուն ասաց նաև, որ երեկ Գյումրի այցելած ոստիկանապետին հորդորել է հետամուտ լինել մարդկանց ցուցակագրման ու ընտրակաշառքի խոստումների մասին հաղորդումներին, ոչ թե լռության մատնել: «Այս ընտրություններում շատ ավելի բացահայտ, ցինիկ ձևով, համատարած կատարվում են ցուցակագրումներ և ընտրակաշառքի բաժանման խոստումներ, որը, չգիտեմ ինչու, վրիպում է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի աչքերից ու ականջներից»,- նշեց Գրիգորյանը: Խորհրդարանի նախորդ ընտրություններում ՀԱԿ-ը Շիրակի մարզից շուրջ 8200 քվե էր ստացել:

Ընտրություններին մասնակից 9 ուժերը դեռ չեն շտապում Շիրակի մարզ այցելել
please wait

No media source currently available

0:00 0:05:15 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG