Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում մտահոգված են՝ Ռուսաստանը ցանկանում է պառակտել Եվրոպան, մասնատել ՆԱՏՕ-ն


ԱՄՆ Կոնգրեսի շենքը, արխիվ
ԱՄՆ Կոնգրեսի շենքը, արխիվ

Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի մի շարք ներակայացուցիչներ ու հեղինակավոր կոնգրեսականներ այժմ շրջանառում են մի օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ-ի նախագահին՝ վերանայել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներն առանց Կոնգրեսի հավանության:

Արևմուտքը պետք է ոչ միայն խոսի, այլև քայլեր ձեռնարկի ռուսական ագրեսիայի ու հարձակումների դեմ: Նախօրեին նման հայտարարություններ էին անում ամերիկացի հեղինակավոր կոնգրեսականները Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կամակերպված քննարկման ժամանակ: «Ամերիկյան նախագահական վերջին ընտրություններից հետո հիմա էլ Կրեմլի թիրախում եվրոպական երկրներն են»,- զգուշացնում էր հանձնաժողովի նախագահ, իշխող հանրապետականի անդամ Էդ Ռոյսը:

«Մոսկվայի ռազմավարական նպատակն է՝ մասնատել ՆԱՏՕ-ն և հզորացնել Ռուսաստանի աշխարհաքաղաքական ազդեցությունրը Արևմտյան Եվրոպայում: խաղադրույքները շատ բարձր են, եթե Ֆրանսիայում իշխանության գան Ռուսաստանի աջակցությունը վայելող ուժերը, դա, ըստ էության, կարող է նշանակել Եվրամիության վերջը: Ոմանք գուցե համաձայն լինեն նման սցենարին, բայց անգամ այդ դեպքում, կարծում եմ՝ ոչ ոք չի առարկի, որ Եվրոպայի ապագան պետք է եվրոպացիները որոշեն, ոչ թե Մոսկվայի մեքենայությունները: Վախենամ՝ չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ երկարատև հեռանկարում վտանգի տակ է Եվրոպայի անվտանգությունն ու Ամերիկայի ազդեցությունը»- պնդեց Ռոյսը:

Այս հարցում համակարծիք էին հանձնաժողովի թե՛ հանրապետական, թե՛ դեմոկրատ ներկայացուցիչները: «Ինչպես և սառը պատերազմի օրերին, այսօր էլ Ռուսաստանն ուզում է թուլացնել Նահանգներն ու ստվերել արևմտյան ժողովրդավարությունը: Միայն թե հիմա Կրեմլն առաջ է շարժվում բոլորովին այլ ռազմավարությամբ: «Ռուսաստանը հզոր է» հայտարարելու փոխարեն, հիմա Պուտինն այլ ուղերձ է տարածում՝ միգուցե Ռուսաստանը լավագույնը չէ, բայց հզոր չեն նաև Միացյալ Նահանգները, Եվրամիությունը կամ ժղովրդավարության արևմտյան արժեքները»,- հայտարարեց հանձնաժողովի դեմոկրատական թևի առաջնորդ էլիոթ Էնգելը:

Շուրջ չորս ժամ շարունակված քննարկմանը ներկա էին ոչ միայն պետքարտուղարության նախկին ու ներկա պաշտոնյաներ, այլև Էստոնիայի նախկին նախագահ Թոմաս Հենդրիկ Իլվեսը, որի կառավարությունը ռուսական կիբերհարձակումների զոհ էր դարձել դեռ մեկ տասնամյակ առաջ: «Այժմ վիրտուալ ու ինֆորմացիոն պատերազմների հիմնական թատերաբեմը դառնալու են եվրոպական երկրները»,- զգուշացրեց Իլվեսը՝ հիշեցնելով մի քանի ամսից Գերմանիայում, ֆրանսիայում և Հոլանդիայում կայանալիք վճռորոշ ընտրությունները:

«Հոլանդացիներն այնքան վախեցած են, որ որոշել են ընտրությունները վերստին հին մեթոդով՝ քվեաթերթիկներով կազմակերպել: Ընդհանուր առմամբ, Կրեմլի քաղաքականությունը կարծես հետևյալն է՝ պառակտել Եվրոպան և աջակցել այն քաղաքական գործիչներին, որոնք դեմ են Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին: ֆրանսիայում, օրինակ, Եվրամիությանը, Միացյալ Նահանգներին ու ՆԱՏՕ-ին ընդդիմացող Մարին լը Պենի կուսակցությունը 9 միլիոն դոլար վարկ է ստացել ռուսական բանկերից մեկից»,- հայտարարեց հռետորը:

«Ռուսաստանն օր օրի ակտիվացնում է պետության կողմից ֆինանսավորվող քարոզչությունն ընդդեմ արևմտյան ժողովրդավար երկրների»,- իր հերթին պնդեց հեղինակավոր փորձագիտական ինստիտուտներից մեկի՝ Եվրոպական քաղաքականության վերլուծության կենտրոնի ղեկավար Փիթեր Դորանը՝ հավելելով․

«Երկրորդ կարծիք չկա՝ Ռուսաստանը Միացյալ Նահանգների հակառակորդն է, Ռուսաստանի ռազմավարական նպատակները հիմնովին հակասում են Եվրոպայում Ամերիկայի շահերին, և դրանց հասնելու համար Կրեմլը պատարստ է թուլացնել Ամերիկայի կապերը, մասնատել ՆԱՏՕ-ն և անհրաժեշտության դեպքում՝ անգամ ուժ կիրառել»:

«Մինչ օրս Կրեմլը հաջողության է հասնում, քանի որ Արևմուտքը միայն դատապարտում է, առանց հստակ քայլեր ձեռնարկելու»,- փաստեց իշխող մեծամասնության ներկայացուցիչ Թեդ Պոն: «2008-ին ռուսները ներխուժեցին Վրաստան, գրավեցին այդ երկրի մեկ երրորդը, Արևմուտքն ասաց՝ լավ չէ, պետք չէ այդպես անել: Այն դեպքում, երբ Մոսկվան շարունակում է մինչ օրս Ամերիկայի դաշնակից այդ երկրի տարածքները պահել իր վերահսկողության տակ: Հետո ռուսները գրավեցին Ղրիմը, Արևմուտքը կրկին ասաց՝ գեղեցիկ չէ, առանց հետևանքների: Պուտինը ուղերձ է հղում աշխարհին՝ ռուսները գալիս են, նրանց նպատակները լուրջ են, թերևս մենք ևս պետք է խոսելուց բացի ինչ-որ բան ձեռնարկենք»,- ասաց Թեդ Պոն:

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի մի շարք ներակայացուցիչներ ու հեղինակավոր կոնգրեսականներ այժմ շրջանառում են մի օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ նախագահին՝ վերանայել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներն առանց Կոնգրեսի հավանության:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG