Մատչելիության հղումներ

Փաշինյան․ Հուսահատությունը Հանրապետականի օգտին քվեարկելն է


«Ելք» դաշինքի հավաստիացումները, թե ելք կա, այսօր հնչում էին մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանում:

Բնակիչների արձագանքը, սակայն, միանշանակ չէր․ նրանք ասում էին, թե հիասթափված են բոլորից, քանի որ խոսքերի հետևում գործ չեն տեսնում:

Մի կին ցանկություն հայտնեց, որ «գոնե գրածի հիսուն տոկոսը ճիշտ լինի»:

«Էս բոլորը սուտ ա», - ասաց մեկ այլ կին: - «Ես իմ հավատքը կորցրել եմ: Մի հատ մտեք, մեր պադյեզդի վիճակը նայեք, ու պադվալի ջուրը, որ լցվում ա էսօր իմ սենյակ: Էսօր իմ քյորփեն հիվանդ ա էդ պադվալի ջրից, ես էլ նույնը»:

«Ազատության» հետ զրույցում կանայք ասացին, որ նախորդ ընտրություններին ձայն էին տվել ՀՀԿ-ի օգտին:

Էրեբունի համայնքի մեկ այլ բնակչուհի ասաց, որ այդ անգամ էլ ընտրելու է Հանրապետականի թեկնածուին․ - «Հանրապետական ա, բայց ինքը շատ լավ․․․ որպես մարդ, իդեալական մարդ ա»:

«Ելք»-ի ներկայացուցիչների հետ հանդիպման եկածներից մեկն ասաց, որ նրանք առաջինն են, որ եկել են․ - «Մեր շենքի տեղն ով գիտեր էսքան վախտ»:

«Բոլորի ծրագրերն էլ որ նայում ես, մի բան կա», - ասաց նույն շենքի մեկ այլ բնակիչ:

Մյուսն ասաց, որ ոչ մեկին չի հավատում․ - «Արդեն հերիք էլավ, բոլ էլավ»:

Համայնքում դաշինքի երթը առաջնորդով Նիկոլ Փաշինյանը, մինչդեռ, վստահեցնում էր, որ ճիշտ ընտրության դեպքում հնարավոր է պայքարել համատարած ընկճախտի դեմ՝ նաև հորդորելով մարդկանց չտրվել ընտրակաշառքների գայթակղությանը․ - «Կոչ ենք անում ձեզ, որ դուք մնաք ձեր քաղաքացիական բարձրության վրա, որ մերժեք ընտրակաշառքները, ընտրակեղծիքները, «խնամի-ծանոթ-բարեկամ» սկզբունքով քվեարկությունները, որովհետև հենց այդ համակարգն է մեզ հասցրել այս օրվան»:

Խոսակցություններ են պտտվում, որ այս ընտրատարածքում ռեյտինգային ընտրացուցակներով մրցակցությունը բավականին թեժ է լինելու․ այստեղ առաջադրված է նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի եղբայրը՝ Հակոբ Բեգլարյանը:

«Ելք»-ի տարածքային ցուցակով առաջադրված թեկնածու Ալեն Սիմոնյանը, սակայն, վստահ է, որ այստեղից առնվազն երկու պատգամավորական մանդատ են ստանալու․ - «Նման մարդկանցից վախենում են այն մարդիկ, ովքեր սովոր են վախենալու: Ես որևիցե մեկից չեմ վախենում, և իրանք դա անձնապես շատ լավ իմացել են»:

Ընդդիմադիր դաշինքի անդամներն այսօր ընդունեցին, որ ամենամեծ խնդիրը այս պահին «անվստահության պատը կոտրելն է»: Արմատացած այս չարիքը, ըստ Նիկոլ Փաշինյանի, հնարավոր չէ վերացնել մի քանի ժամում: Դաշինքում, այդուհանդերձ, վստահ են, որ եթե մարդիկ քաղաքական ընտրություն չկատարեն, երկրի վիճակն է՛լ ավելի կվատթարանա, իսկ հիասթափությունը կաճի:

«Հուսահատությունը Հանրապետականի օգտին քվեարկելն ա․ որ ոչինչ չի փոխվի, ոչ մի բան չի լինի․․․ Երբ որ մենք ասում ենք՝ մի հուսահատվեք, մենք ասում ենք՝ Հանրապետականի օգտին մի քվեարկեք: Որովհետև քվեարկել Հանրապետականի օգտին, նշանակում ա ոչ միայն հուսահատ լինել, այլև երկիրը մատնել հուսահատության»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG