Մատչելիության հղումներ

«Կոնգրես - ՀԺԿ»-ի թեկնածու․ Մենք պիտի սովորենք վատ իշխանություններին պատժել


«Կոնգրես - ՀԺԿ» դաշինքից Արմավիրի մարզում առաջադրված թեկնածու Մերուժան Աբրահամյանը Արևիկ համայնքի բնակիչների կոչ արեց ձայն չտալ Հանրապետականին:

«Հաջորդ իշխանությունը ով ուզում ա գա: Չեմ ասում մեզ տվեք: Մենք պիտի սովորենք վատ իշխանություններին պատժել», - հայտարարեց նա:

ՀԱԿԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հավելեց․ - «Ես ուզում եմ մի քիչ ընդլայնել այդ կոչը: Մի տվեք ձեր ձայնը որևէ կուսակցության, որը ձեզ կաշառք ա առաջարկում: Որովհետև ինքը մի նպատակ ունի՝ առնել հինգ տարի շարունակ մեր ազգաբնակչությանը բռնաբարելու իրավունք: Ու իմացեք՝ նրանք ձեր թշնամիներն են, ժողովրդի թշնամիներն են: Ընտրակաշառք բաժանողը, ով ուզում ա լինի, ինչ կուսակցության անվան տակ էլ ուզում ա թաքնվի, դա իշխանության ներկայացուցիչն ա»:

Արևիկցիները Լևոն Զուրաբյանին վստահեցրին, որ կաշառք առաջարկող չկա:

Արմավիրի ընտրատարածքում «Կոնգրես - ՀԺԿ» դաշինքը ութ թեկնածու ունի: Արևիկ հայանքի ղեկավար Գառնիկ Ծատուրյանի փոխանցմամբ, գյուղում մոտ երկու հազար ընտրող կա:

Ընդդիմադիր դաշինքի այսօրվա քարոզարշավային հանդիպումն անցնում էր գյուղապետարանի աստիճանների վրա: Հանդիպման մեծ մասը նվիրվեց իշխող Հանրապետականի քննադատությանը:

Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը պնդեց, թե 2008-ից հետո ՀՀԿ-ն որևէ ծրագրային դրույթ չի կատարել՝ «դեկլարատիվ հայտարարություններ» որակելով իշխող քաղաքական ուժի խոստումները:

Խաչատրյանը ներկաներին վստահեցրեց, որ ուզում են գալ իշխանության, որպեսզի փոխեն «այն մոդելը, որի շարժիչ ուժը օլիգարխիան է, մենաշնորհային տնտեսությունը», որից օգտվում են մի խումբ մարդիկ և ոչ թե ժողովուրդը․ - «Ինչքա՞ն են մենք հավաքված․ հիսուն ենք, վաթսուն ենք, յոթանասուն ենք․․․ մեզ համար նշանակություն չունի: Մենք ասելիք ունեն ձեզ, գալու ենք ասենք: Իրենք գան՝ կհավաքեն յոթ հարյուր, յոթ հազար, բայց իրենց ասելիքի մեջ ոչինչ չի լինելու, հավատացնում եմ ձեզ: Կեղծիքը, սուտը ավելի շատ է»:

Գյուղացիները հարցեր ունեին իրենց այցելած թեկնածուներին: «Մեկի ձեռը հազար դրամ չկա, վառելիք չունեն, սով ա․․․ Եթե դուք էլ գաք, էս ձևի պտի անեք, ձեր կառույցի համար, ասենք, թալանի կալոնկեքով, բարով գաք․․․», - ասաց միջին տարիքի մի արևիկցի, ինչին Լևոն Զուրաբյանն արձագանքեց․ - «Սա անձերի որակների խնդիր չի, սա համակարգի խնդիր է: Իսկ մենք էդ համակարգը կառուցելու ենք: Չկառուցենք՝ մեզ էլ կտշեք․․․»:

Մեկ այլ արևիկցի ասաց․ - «Մեր Հայաստան աշխարհը ապրում ա Աֆրիկայի անտառների գազանների նման․ ով ուժեղ ա, նա ճիշտ ա»:

«Ճիշտ եք», - ասաց Վահագն Խաչատրյանը: - «Էդ թալանի, ամեն ինչի մասին խոսում ենք: Մենք առաջարկել ենք պետական բյուջե վերադարձնել 91 թվականից սկսած ապօրինի հարստացմամբ ձեռք բերված միջոցները: Ինձնից սկսած: Ով ուզում ա լինի, մեր ընկերներն են եղել, նախարարներ են եղել, պաշտոնյաներ են եղել․․․ մինչև հիմա: Պետք է բոլորին պատասխանատվության կանչել»:

Լևոն Զուրաբյանը հավելեց․ - «Տեր-Պետրոսյանը ինքն առաջինը պատրաստ ա անցնել էդ քննությունը, որ չափեն իրա եկամուտները, ունեցվածքը»:

Արևիկցիներն ասացին, որ իրենց ընտրատարածքում ՀՀԿ-ի առաջադրած թեկնածու Հրանտ Գրիգորյանին երբևէ չեն տեսել, ու վստահեցրին, որ չեն քվեարկելու Հանրապետականի օգտին:

Զուրաբյանն այստեղ էլ խոսեց իրենց դաշինքի խաղաղության ծրագրից: Նա կարծում է, որ պատերազմի վտանգը մեծ է․ - «Չեմ ուզում չարագուշակ բաներ ասել, բայց շատ հնարավոր ա, որ հենց էս ընտրություններից հետո Ադրբեջանը սկսի պատերազմ: Եվ մենք պետք է հասկանանք, որ էս հարցին պետք է լուծում»:

XS
SM
MD
LG